կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-16 21:41
Հասարակություն

8-րդ դասարանի կրթությամբ միլիարդատերը. միջազգային մամուլը` Քըրքորյանի մահվան մասին

8-րդ դասարանի կրթությամբ միլիարդատերը. միջազգային մամուլը` Քըրքորյանի մահվան մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք,  ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում 98 տարեկանում մահացել է ամերիկահայ միլիարդատեր, գործարար, բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանը:

Միջազգային հեղինակավոր կայքերն արդեն անդրադարձել են Քըրքորյանի մահվանը: Հիշեցնելով, որ Քըրքորյանը ծնվել է 1917 թվականի հունիսի 6-ին, Ֆրեզնոյում, Ահարոն եւ Լիլի Քըրքորյաններ ներգաղթյալների ընտանիքում, Bloomerg-ը գրել  է, որ միլիարդատեր Քըրքորյանը, ով ունեցել է 8-րդ դասարանի կրթություն,կառուցել է Լաս Վեգասի ամենամեծ հյուրանոցները, ցանկացել ձեռք բերել Chrysler-ը, երեք անգամ վաճառել և գնել է MGM-ը: Կայքը հիշում է նաև Քըրքորյանի` 1969 թ.-ին Fortune ամսագրին տված հարցազրույցը, որում նա պատմել է իր ընտանիքի` Լոս Անջելես տեղափոխման մասին ու ասել.\"Իմ մանկության ժամանակ մենք 20 անգամ տեղափոխվել ենք\": Bloomerg-ը հիշեցրել է նաև, որ 1960-ականների վերջին նա սկսել է իր ներդրումները` գնելով Flamingo 30 հարկանի հյուրանոցը` 12.5 միլիոն դոլար արժողությամբ:

 Քըրքորյանի մահվանն  անդրադարձել է նաև հեղինակավոր Washington Post-ը: \"Ինքն իրեն միլիարդատեր դարձրած գործարարը հունիսի 15-ին մահացել է Լոս ԱՆջելեսի Բեվերլի Հիլզ թաղամասում գտնվող իր տանը` 98 տարեկան հասակում \",- գրել է կայքը` նշելով, որ նա հռչակավոր է դարձել իր սերնդի համար ամենախորամանկ գործարքներով: Կայքը հիշեցնում է, որ Քըրքորյանը միլիարդատեր է դարձել` գնել-վաճառելով խոշորագույն ընկերություններ ավիաբիզնեսի, հյուրանոցային բիզնեսի եւ ժամանցի արդյունաբերության ոլորտում: Washington Post-ը հիշեցնում է նաև Քըրքորյանի կարողության մասին, որn այս ամիս Forbes ամսագրի կողմից գնահատվել է 4 միլիարդ դոլար: \"Քըրքորյանը սիրում էր իրեն կոչել «փոքրիկ քաղաքից մի տղա, ով բախտավոր դարձավ»: Սակայն 7 տասնամյակ տևած կարիերայի ընթացքում նա գերբնական կանխատեսման ունակություն է ցուցաբերել, թե ինչն իրեն հաջողություն կբերի»,- գրել է կայքը: