կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-17 13:42
Աշխարհ

«Լաս Վեգասի հայրը». Time-ը ներկայացրել է 5 ապշեցուցիչ փաստ Քըրքորյանի մասին

«Լաս Վեգասի հայրը». Time-ը ներկայացրել է 5 ապշեցուցիչ փաստ Քըրքորյանի մասին

«98-ամյա միլիարդատերը գուցե իսկապես եղել է աշխարհի ամենահետաքրքիր մարդը» վերնագրված հոդվածում Time պարբերականը ներկայացրել է 5 ապշեցուցիչ փաստ Քըրք Քըրքորյանի մասին:

 

Քըրքորյանը կառուցել է աշխարհի ամենամեծ հյուրանոց-խաղատունը` 3 անգամ

«Լաս Վեգասի հայրը» երեք անգամ կառուցել և բացել է հյուրանոց-խաղատներ, որոնք այդ ժամանակահատվածում համարվել են աշխարհում ամենամեծը: Դրանք բոլորն եղել են Լաս Վեգասում՝ The International-ը (այժմ՝ Westgate Las Vegas)՝ 1969 թվականին, MGM Grand-ը (այժմ՝ Bally’s Las Vegas)՝ 1973 թվականին, և ներկայիս MGM Grand Las Vegas-ը՝ 1993 թվականին: Տարբեր տարիների Քըրքորյանին են պատկանել Վեգասում հայտնի Desert Inn-ը, Sands-ը և Flamingo-ն, ինչպես նաև հողատարածք, որն այժմ զբաղեցնում է Caesars Palace-ը:

 

Ունեցել է 8-րդ դասարանի կրթություն

Քըրքորյանը ծնվել է Կալիֆոռնիայում` ամերիկահայերի աղքատ ընտանիքում: Նա սկսել է աշխատել 9 տարեկանում՝ թերթեր է վաճառել: Դպրոցում «խռովարարի» համբավ ձեռք բերելուց հետո նա 8-րդ դասարանում դպրոցից դուրս է եկել և շարունակել իր կարիերան՝ զբաղվելով պրոֆեսիոնալ բռնցքամարտով, ուներ «Rifle Right Kerkorian» (Հրացանի իրավունքով Քըրքորյան) մականունը: 1950-1960-ականներին Լաս Վեգասում ձեռք է բերել խաղամոլի, իսկ ավելի ուշ՝ խոշոր գործարքներ կնքողի հեղինակություն:

 

Նա փորձել է գնել և վաճառել մի շարք ավտոարտադրող ընկերություններ, ավիաընկերություններ և կինոստուդիաներ

«Գործարքներն են, որ ողջ են պահում նրան»,- 2005 թվականին Քըրքորյանի մասին ասել է ավտոարտադրության ոլորտի հանրահայտ մենեջեր Լի Յակոկան՝ Chrysler-ի ղեկավարությունը ստանձնելու անհաջող փորձից մեկ տասնամյակ անց: Քըրքորյանը նաև խոշոր ներդրումներ է արել Ford-ում և GM-ում, փորձել է գնել TWA-ն: Նրան է պատկանել մեկ այլ ավիափոխադրող՝ Western Airlines-ը: Այս ընթացքում նա նաև ժամանակ է ունեցել խոշոր գործարար լինելու կինոարտադրության ոլորտում: Նա 3 անգամ գնել և վաճառել է MGM կինոստուդիան, փորձել է գնել Columbia Pictures-ը և գնել է United Artists-ը: Միևնույն ժամանակ, ըստ The Hollywood Reporter-ի, ասում էին, որ նա առանձնապես չէր հետաքրքրվում ֆիլմերով:

 

Մեկ ամիս տևած ամուսնությունից հետո ամսական 100.000 դոլար է վճարել երեխայի համար

2010 թվականին Քըրքորյանը համաձայնել է 100.000 դոլար վճարել, որպես ալիմենտ, Կիրայի համար, ով այդ ժամանակ 12 տարեկան էր: Նա նաև 10 միլիոն դոլար է վճարել Կիրայի մորը՝ իրենից մոտ 50 տարի փոքր թենիսիստուհի Լիզա Բոնդերին՝ 28 օր իր հետ ամուսնացած լինելու համար: Քըրքորյանը վճարել է գումարը, թեեւ ապացուցվել է, որ նա չի եղել Կիրայի կենսաբանական հայրը:

 

 Նա չորս անգամ ավելի հարուստ է եղել, քան իր կյանքի վերջին օրերին

«Forbes» ամսագրի համաձայն՝ Քըրքորյանն աշխարհի երկրորդ ամենատարեց միլիարդատերն է եղել՝ 4 միլիարդ դոլար կարողությամբ՝ զիջելով աշխարհի ամենատարեց միլիարդատեր` հունիսի 12-ին 100 տարեկանը բոլորած Դեյվիդ Ռոքֆելլերին: Այնուամենայնիվ, դեռևս 2008 թվականին Քըրքորյանի կարողությունը 16 միլիարդ դոլար էր: Քըրքորյանը շռայլ գումարներ վատնող չի եղել (նա որոշ ժամանակ Ford Taurus էր վարում), նույնը չի կարելի ասել երիտասարդ Քըրքորյանների մասին: