կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-15 17:03
Հասարակություն

Արյունաբանական կենտրոնում կբացվի ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք

Արյունաբանական կենտրոնում կբացվի ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք

Հայաստանում արյունաբանությունը զարգացման մեծ հեռանկար ունի։ ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման ծրագրի շրջանակում ստեղծվում է ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք և ցողունային բջիջների հավաքագրման լաբորատորիա։ Նախագահի անմիջական հսկողության ներքո իրականացվող այս ծրագրի արդյունքում 2016թ. կունենանք տարածաշրջանում եզակի կենտրոն, որտեղ ոսկրածուծի փոխպատվաստման, ցողունային բջիջների անջատման, ինչպես նաև բաձր դեղաչափային քիմիաթերապիայի իրականացման համար ապահոված կլինեն միջազգային չափորոշներին համապատասխան պայմանները։

Հունիսի 14-ը ողջ աշխարհում նշվում է որպես Արյան դոնորի միջազգային օր` ի պատիվ 1868թ. այդ օրը ծնված ավստրիացի բժիշկ Կարլ Լայնշտեյների, ով մարդու արյան խմբերի հայտնագործման համար 1930թ. արժանացել է Նոբելյան մրցանակի: Կարևոր է Արյան դոնորի միջազգային օրվա առկայությունը բժշկական օրացույցում: Այն հնարավորություն է ընձեռում հանրության ուշադրությունը բևեռել արյան փոխներարկման, դոնորության և դրա հետ կապված խնդիրներին, ինչպես նաև ողջունել այն մարդկանց՝ դոնորներին, ովքեր նվիրաբերած արյան միջոցով իրենց լուման են ներդնում մարդկային կյանքեր փրկելու գործում:

Մեր երկրում տարեցտարի դիտվում է դոնորների քանակի որոշակի աճ, այդ թվում նաև կամավոր դոնորների: Նշենք, որ Հայաստանում արյունը գերազանցապես հավաքագրվում է փոխհատուցվող դոնորներից, որոնց թիվը 2014թ. կազմել է 46.6 %, հիվանդի հարազատները՝ 45.1%, կամավոր դոնորների քանակը՝ 8.3%, ի տարբերություն 2013թ., երբ այդ ցուցանիշը կազմել է 4.3%: Չնայած փոքրիկ առաջընթացին այս ցուցանիշը շարունակում է մնալ ցածր, մինչդեռ աշխարհի գրեթե 60 երկրում արյան հավաքագրումը 100%-ով կատարվում է կամավոր դոնորներից: