կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-11 14:29
Մշակույթ

Թուրքերը, ի վերջո, պետք է ճանաչեն Ցեղասպանությունը, և դա նրանց է պետք, ոչ թե մեզ

Թուրքերը, ի վերջո, պետք է ճանաչեն Ցեղասպանությունը, և դա նրանց է պետք, ոչ թե մեզ

Մեր աշխատելու ոճը շատ ռիսկային է, մենք կասկադյորներ ենք, որոնք չունեն ապահովագրություն. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Երևանյան հեռանկարներ» փառատոնի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը` խոսելով փառատոնի շրջանակներում իրականացվող «Քեզ հետ, Հայաստան» ծրագրի մասին:

Նշենք, որ «Քեզ հետ, Հայաստան» ծրագրի շրջանակներում համերգներ են տեղի ունեցել Երուսաղեմում, Տալլինում, Բրյուսելում, Նյու Յորքում:

Ռոստոմյանը նշեց, որ այն կարևորագույն և լայնածավալ մի ծրագիր է` Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված:

«Սա նմանը չունեցող մի նախագիծ է, որովհետև միանգամից գրավել համաշխարհային բեմերը` ներկայացնելով աշխարհահռչակ անունների, դժվար ու ռիսկային գործ է: Նման նախագիծ իրականացնելիս պետք է քո ուժերը հաշվի առնես, որովհետև սայթաքում և տուժում ես ոչ միայն դու, այլ նաև ժողովուրդը»,- ասաց նա:

Ըստ նրա` մեր երաժշտությունը աշխարհահռչակ բեմերում հնչեցնելը փաստում է այն մասին, որ թուրքերի ցանկությունը` ջնջել հայերին աշխարհի երեսից, ոչ միայն կյանքի չկոչվեց, այլ նաև ձախողվեց: «Թուրքերն, ի վերջո, պետք է ճանաչեն Ցեղասպանությունը. Ցեղասպանության ճանաչումը նրանց է պետք, ոչ թե մեզ»,- կարծիք հայտնեց Ռոստոմյանը:

Ծրագրի միջոցով, ըստ նրա, մի շարք դռներ բացվեցին Ցեղասպանության ճանաչման համար:

Փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանն էլ, իր հերթին, նշեց, որ համերգները հիմնականում տեղի էին ունենում այն երկրներում, որոնք դեռ չեն ճանաչել Ցեղասպանությւոնը, և յուրաքանչյուր համերգից հետո բուռն քննարկումներ էին սկսվում: «Օրինակ` Իսրայելում մենք հասանք նրան, որ մամուլում սկսեցին կիրառել «Հայկական հոլոքոստ» տերմինը: Իսկ «Կարնեգի հոլլ»-ում տեղի ունեցած համերգն ուղղակի պատմական սկիզբ էր մեզ համար, որովհետև հայերը երբեք չէին ներկայացել այնտեղ»,- ասաց նա:

Ի դեպ, համերգները տեղի են ունենում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համակարգող հանձնաժողովի աջակցությամբ: