Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում է: Նա հանդիպել է ԱԺ պատգամավորների հետ, նախատեսված են նրա հանդիպումները նաև ՀՀ արտգործնախարարի և ՀՀ նախագահի հետ: Առայժմ հայտնի չէ` որն է նրա այս այցի կոնկրետ նպատակը: Խնդիրն այն է, որ Ուորլիքը Երևան է եկել միայնակ, առանց իր գործընկերների` Ֆրանսիան և Ռուսաստանը ներկայացնող համանախագահների: Սա հուշում է, որ այցը, առանձին վերցրած, Վաշինգտոնի նախաձեռնությունն է:
ՄԽ համանախագահները վերջին անգամ տարածաշրջան այցելել են այս տարվա փետրվարին, ինչը խոսում է նրանց զգալի պասիվացման մասին: 2014-ի վերջերին համանախագահները հավաստիացնում էին, թե իրենց հաջողվել է կողմերից ստանալ այս տարի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու համաձայնությունը, ինչը, սակայն, ոչ մի կերպ չի հաջողվում: Նախատեսված էր, որ Սարգսյանն ու Ալիևը պետք է հանդիպեին մայիսին Ռիգայում` ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովում: Սակայն վերջին պահին Ալիևը չմեկնեց Լատվիա, թերևս` հենց այդ հանդիպումը տապալելու նպատակով: Իսկ Երևանում Ուորլիքը հայտարարեց, թե հայտնի չէ` երբ կլինի նախագահների հանդիպումը:
Համանախագահների ձևաչափը հայտնվել է ճգնաժամում, և Ուորլիքի առանձին այս այցը դրա խորհրդանիշն է: Մյուս կողմից, սակայն, սա պրոցեսի նկատմամբ առանձին հսկողություն իրականացնելու` ԱՄՆ-ի ձգտման արտահայտումն է` ի հակակշիռ ՄԽ ձևաչափը ձախողելու` ռուսական և ադրբեջանա-թուրքական գրեթե կազմակերպված դեմարշի:
Հատկանշական է երկու հանգամանք: Նախ` Ուորլիքը Հայաստան է այցելում Բաքվում մեկնարկող Եվրոպական խաղերից անմիջապես առաջ: Բոլորը հասկանում են, որ այդ խաղերի ավարտից հետո Բաքուն կարող է կտրուկ մեծացնել լարվածությունը շփման գծում` վերսկսելով դիվերսիոն հարձակումները, հայկական դիրքերի և սահմանամերձ բնակավայրերի ինտենսիվ գնդակոծությունը` հնարավոր է` նաև ավելի մեծ տրամաչափի հրետանի և զինտեխնիկա կիրառելով: Պատճառը պատային այն դրությունն է, որում ինքն իրեն դրել է Բաքուն` մերժելով կարգավորման առաջարկները, փորձելով ուկրաինական ճգնաժամի ֆոնին ԼՂ կոնֆլիկտը դարձնել Հայաստանի կողմից իր նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանք: Ապրիլի 23-ից սկսված և առ այսօր ձգվող ներկայիս հարաբերական անդորրն ավելի շատ նման է հրադադար հաստատելու շուրջ կուլիսային համաձայնության արդյունքի` հրադադար` հրադադարի պայմաններում: Եթե իսկապես այդպես է, ապա ակնհայտ է, որ համաձայնության լիմիտը կարող սպառվել Բաքվի խաղերի ավարտին զուգահեռ, մանավանդ, որ այդ մասին երկու շաբաթ առաջ ակնարկեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը: Այս իմաստով Ուորլիքի այցը Երևան ոչ միայն արտահայտում է ԱՄՆ-ի անհանգստությունը, այլև նախազգուշացման ենթատեքստ ունի:
Երկրորդ` Ուորլիքի այցը տեղի է ունենում ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունների վատացման ու Ռուսաստանի հետ սերտացման նշանների ֆոնին: Երբ Բաքուն Ռիգայում ձախողեց ԱրԳ գագաթաժողովի հռչակագրի` ԼՂ հիմնահարցին վերաբերող մասում ՄԱԿ ԱԽ-ի հայտնի 4 բանաձևերը խցկելու փորձը, այդ երկրում հասկացան, որ Արևմուտքը չի տրվում ԼՂ հիմնահարցը մադրիդյան գործընթացի համատեքստից հանելու իր շանտաժներին: Դրան գումարվեց երկրում մարդու իրավունքների համատարած խախտումների նկատմամբ Արևմուտքի անհանդուրժողականությունը, որն Ալիևին մղում է աջակցություն փնտրելու Կրեմլի գրկում: Ահա, թե ինչու ԵԱՀԿ գործող նախագահի` Բաքու կատարած այցից հետո Բաքուն որոշեց երկրում փակել ԵԱՀԿ գրասենյակը, իսկ այդ կառույցում ՌԴ ներկայացուցիչ Անդրեյ Կելինը որոշեց ողջունել այդ որոշումը:
Պարզ է, որ հարավկովկասյան տարածաշրջանում տեղի է ունենում ԱՄՆ շահերին հակասող` ուժերի գլոբալ վերադասավորություն, ինչը և Վաշինգտոնին դրդում է դիմելու այդ պրոցեսը կանխելու գործողությունների: Պատահական չէր, որ Ուորլիքի այցը տեղի ունեցավ ԵԱՀԿ գրասենյակը փակելու քաղաքական որոշումը փոխելու վերաբերյալ Բաքվին ուղղված` ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դենիել Բայերի կոչին գրեթե զուգընթաց: Ուորլիքը, Երևան այցելելով, թերևս փորձում է հասկացնել, որ չի համակերպվելու իրավիճակը սրելու և դրանով տարածաշրջանը Ռուսաստանին «հանձնելու» այս ընթացքների հետ:
Դա էր պատճառը, որ երբ մայիսի վերջին նախագահ Օբաման Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ հղեց Վրաստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահներին, ի տարբերություն առաջին երկուսի, Ալիևի պարագայում «մոռացավ» շեշտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և հարգելու հանգամանքը: Մինչդեռ` նախկինում ԱՄՆ-ն չէր խորշում դրա մասին խոսել բարձրաձայն:
Սա չի նշանակում, իհարկե, թե Ուորլիքը Երևան է եկել` Հայաստանին փոխանցելու ԼՂ հարցում ԱՄՆ-ի ամբողջական աջակցությունը: Ի վերջո, հայտնի է Ադրբեջանի առաջարկած` առանց կարգավորման սկզբունքները համաձայնեցնելու` խաղաղության մեծ պայմանագրի մշականն անցնելու գաղափարը ԱՄՆ-ի կողմից ընդունելի համարվելու իրողությունը, որը հակասում է Երևանի և Ստեփանակերտի սկզբունքային դիրքորոշմանը: Այսուհանդերձ, Ուորլիքն այս այցով, թերևս, փորձում է երկու խնդիր լուծել` ծանոթանալ հնարավոր պատերազմի վերաբերյալ` հայաստանյան հասարակական-քաղաքական շրջանակնում տիրող տրամադրություններին, նաև հակամարտության գոտում հնարավոր, պայթյունավտանգ էսկալացիան ԱՄՆ-ի կողմից թույլ չտալու համոզվածությունը ներշնչել Երևանին և Բաքվին: Հարցն այն է` ինչ մարտավարությամբ է դա անելու Վաշինգտոնը: Փորձը ցույց է տալիս, որ երբ գալիս է ամենավճռական պահը, միջնորդները «կրակը հանգցնելու» համար նախընտրում են Հայաստանից զիջումներ կորզելու տարբերակը:
Գևորգ Դարբինյան