կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-08 17:52
Առանց Կատեգորիա

Լավրովը ԼՂ պատերա՞զմն է հասունացնում, թե՞ քնից է նոր արթնացել

Լավրովը ԼՂ պատերա՞զմն է հասունացնում, թե՞ քնից է նոր արթնացել

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանն անգամ մտքի ծայրով չի անցկացնում ղարաբաղյան հակամարտության թեժացման հնարավորությունը: Լավրովը, հավանաբար, այսպիսով փորձում է հայաստանյան հասարակության մոտ տպավորություն ստեղծել, թե Ռուսաստանը բացառում է նման հնարավորությունը, նույնն է թե՝ կատարում է Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր հանձնառությունը:

 

ՌԴ արտգործնախարարը երևի մտածում է, որ Հայաստանում պատերազմից ու կոնֆլիկտների թեժացումից ոչինչ չհասկացող մարդիկ են բնակվում: ԼՂ-ի հետ սահմանագծի արևելյան հատվածում երեկ ադրբեջանի զինուժի դիպուկահարի կրակոցից հերթական հայ ժամկետային զինծառայողն է սպանվել: Սա այս շաբաթվա ընթացքում հայկական բանակների կրած արդեն երկրորդ մարդկային կորուստն է:

 

Նախօրեին էլ ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող, ավագ ենթասպա է զոհվել: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ռուսական պարբերականին տված հարցազրույցում հայտարարում է, թե Ադրբեջանը կտրուկ մեծացրել է լարվածությունը սահմանագծին՝ կիրառելով ավելի մեծ տրամաչափի զինատեսակներ և հրետանի:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական հեռուստաընկերության հետ զրույցում ավելացնում է, թե եթե Բաքուն պատերազմ է ցանկանում, ապա Հայաստանը դրանից չի խուսափի: Իսկ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական բանակի գործողությունները շփման գծում, փաստացի պաշտոնապես, որակում է որպես հայկական զինուժի դեմ սանձազերծած հիբրիդային պատերազմ, ինչի հաստատումը ոչ միայն չդադարող դիպուկահարա-դիվերսիոն հարձակումներն են հայ դիրքապահների վրա, այլև բանակին Ադրբեջանի պաշտպանության նախարարի տված այն բաց հրահանգը, թե անհրաժեշտ է յուրաքանչյուր օր առնվազն մեկ հայ զինծառայող սպանել:

 

Եվ չնայած վաղուց հաստատված այն փաստին, որ հյուծող, հրադադարի համար մարդկային ահռելի կորուստներ խլող պատերազմն իրականում լայն թափով ընթացքի մեջ է, Ռուսաստանի արտգործնախարարը դեռ խոսում է կոնֆլիկտի թեժացումը բացառելու մասին: Հետաքրքրական է՝ ո՞րն է այն սահմանը, որից հետո Մոսկվան կընդունի պատերազմի իրողությունը: Գուցե այն ժամանակ, երբ ադրբեջանական հրթիռները կամ ռմբակոծիչները կախվեն Երևանի գլխին, կամ՝ հակառա՞կը, և դիվանագիտական հռետորաբանությունն ու միջնորդական ջանքերը դառնան անիմա՞ստ:

 

Է՞լ ինչ պետք է լինի սահմանին, ռազմավարական տեսակետից այս անիմաստ պատերազմում դեռ քանի՞ երիտասարդ կյանքեր պետք է մարեն, որպեսի Մոսկվան, ի վերջո, ընդունի հակամարտության՝ ռազմական փուլ տեղափոխված լինելու և բանակցությունների կատարյալ ձախողվածության փաստը, մի կողմ դնի նման երեսպաշտությունը, ընդունի, որ ադրբեջանական կողմի այս լկտիացման պատճառը, իր կողմից Բաքվին սպառազինելով, հակամարտող կողմերի միջև ռազմական հավասարակշռությունը փլուզելու, ինչպես նաև ԼՂ կարգավորման բանակցային գործընթացը հետևողականորեն փակուղի տանելու` Բաքվի բացահայտ քաղաքականության նկատմամբ իր և ՄԽ համանախագահող երկրների կողմից աչք փակելու հետևանք է:

 

Բաքուն տապալել է ԼՂ բանակցությունները և չի ցանկանում քննարկել որևէ կոմպրոմիսային լուծում: Ըստ էության՝ Ադրբեջանն այսօր միայն մեկ բան է պահանջում` Հայաստանի վերջնական և ամբողջական կապիտուլյացիան՝ որպես դրա միջոց պահանջելով հանել զորքերը ԼՂ-ից: Այս պահանջը Բաքուն հնչեցնում է ոչ թե տողատակից, այլ բացահայտ՝ չհանդիպելով միջնորդ երկրներից որևէ մեկի դիմադրությանը: Այդ մասին Մյունխենի անվտանգության հարցերով գագաթաժողովում հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչը երեկ կրկնել է նաև այդ երկրի արտգործնախարարության մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը. «ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերը հաստատում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, ինչպես նաև ԼՂ-ի՝ Ադրբեջանի պատկանելու հանգամանքը և պահանջում են անհապաղ, առանց որևէ պայմանի, հանել այնտեղից Հայաստանի օկուպացիոն ուժերը»:

 

Այս իմպերատիվ պահանջը Բաքուն առաջ է տանում` խեղաթյուրելով բանակցությունների տրամաբանությունը, ամբողջությամբ զրոյացնելով միջնորդների` մոտավորապես 8 տարի կատարած քրտնաջան աշխատանքը: Նախ՝ վերջիններիս բացարձակ անտարբերության պայմաններում Բաքուն ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը ներկայացնում է որպես հայկական ուժերը ԼՂ-ից հանելու իրավական հիմք, մինչդեռ այդ բանաձևերը պահանջում են Ադրբեջանից ուղիղ շփումներ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ, հանել Հայաստանի նկատմամբ կիրառվող շրջափակումը, վերականգնել հաղորդակցության ուղիները և էներգետիկ կապերը, անհապաղ դադարեցնել կրակը, բոլոր տեսակի ռազմական գործողություններն ու թշնամական ակտերը:Բաքուն ոչ միայն այս պահանջներից որևէ մեկը չի կատարել, այլ գործում է լրիվ հակառակ տրամաբանությամբ:

 

Երկրորդ՝ Բաքուն, նպատակ ունենալով վերջնականապես չեզոքացնել բանակցային ձևաչափում ԼՂՀ-ի ընդգրկման հեռանկարը, համառորեն պնդում է, թե Հայաստանը հրաժարվում է խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցություններից, կարծես բանակցությունների առարկան հենց դա է եղել, այլ ոչ թե համաձայնագրի հիմքը կազմող հիմնարար սկզբունքների վերջնական համաձայնեցումը:

 

Մինչդեռ` ՄԽ անդամ երկրներից որևէ մեկը, այդ թվում` նաև մտքի ծայրով հակամարտության թեժացման հնարավորությունը չանցկացնող Ռուսաստանը, Բաքվին այս ամենը հիշեցնել չեն ցանկանում: Եթե Ռուսաստանը, նրա հետ միասին նաև միջնորդ մյուս երկրներն իսկապես ուզում են, որ այս թեժացումը լայնամասշտաբ պատերազմական գործողությունների չվերածվի, միակ ելքը հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման պայմաններում Ադրբեջանին բանակցությունների սեղանին նստեցնել պարտադրելն է՝ հակառակ դեպքում`  ԼՂ ինքնիշխանությունը ճանաչելու՝ սպառնալիքով:

 

Սա ոչ թե նշանակում է ինչ-որ լուծում պարտադրել կողմերին, այլ Բաքվին վերջնականապես և առարկայորեն հասկանալի դարձնել բանակցությունների այլընտրանք չունենալը: Եվ եթե դա անելու փոխարեն միջնորդները և հատկապես` Հայաստանի ռազմավարական դաշնակիցը հանդիսացող Ռուսաստանը նախընտրում են շարունակել Բաքվի երեսը լվանալու քաղաքականությունը, ապա տարբերակ չի մնում. պետք է պատրաստվել պատերազմի, որովհետև, կամա թե ակամա, միջնորդները սնում են հենց պատերազմի գաղափարը:

 

Գևորգ Դարբինյան