կարևոր
31675 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-14 11:51
Քաղաքական Տարածաշրջան Արցախ

Նոր պատերա՞զմ․ Ադրբեջանը նախապատրաստվում է տեղեկատվական դաշտում

Նոր պատերա՞զմ․ Ադրբեջանը նախապատրաստվում է տեղեկատվական դաշտում

Ադրբեջանը վերջին օրերին ակտիվորեն ապատեղեկատվություն է տարածում մեդիադաշտում, իբր հայկական կողմում զինտեխնիկայի տեղաշարժ ու կուտակումներ են նկատում ու իբր հայկական կողմը «խաղաղապահների թիկունքից» պարբերաբար կրակ է բացում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի և Արցախի պաշտպանական գերատեսչությունից մշտապես հերքում են այդ լուրերն ու արձանագրում՝ հենց իրենք, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են հրաձգային զենքերից պարբերաբար կրակում հայկական դիրքերի ուղղությամբ: 

Ադրբեջանն այս կեղծ տեղեկատվությունը տարածում է հատկապես երկրի ՊՆ-ի և այլ պետական կառույցների հովանավորությամբ գործող ԶԼՄ–ների (մասնավորապես caliber.az, haqqin.az և այլն) միջոցով, փորձելով օրինականացնել իրենց հանցավոր գործողությունները, որոնք նախատեսում են իրականացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի, ինչպես նաև Արցախի նկատմամբ։ 

Նորություն չէ, որ երբ Ադրբեջանը հերթական սահմանային սադրանքն է պլանավորում, նախ ստեղծում է այդ սադրանքի տեղեկատվական լեգիտիմացման կեղծ հենքը: Ադրբեջանը տարբեր հարթակներում շարունակում է տարածել նաեւ հայ ռազմագերիների լուսանկարներն ու տեսանյութերը, գուցե փորձելով վախի եւ հուզականության մթնոլորտ ստեղծել հայ հասարակության շրջանում, կամ ոգևորել ադրբեջանական հասարակությանը։ 

Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով սպառնում է Հայաստանին, բաց տեքստով ասում, որ եթե  պաշտոնական Երեւանը հրաժարվի իրականացնել իրենց պահանջները, ապա ուժի կիրառմամբ կստիպեն Հայաստանին կատարել դրանք։ Թե ինչ է նախապատրաստում պաշտոնական Բաքուն իր ուղերձներով՝ դժվար չէ կռահել։ Նույն ձեռագիրն էր նաեւ 2020թ․-ի 44-օրյա պատերազմից առաջ եւ ընթացքում. Ադրբեջանն ակտիվացրել էր նաև սոցիալական ցանցերում իր ֆեյքերի բանակը, որին ամեն օր ավելանում էին նոր կեղծ օգտահաշիվներ ու էջեր, դրանք ակտիվ գովազդվում էին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ գեոլոկացիոն թիրախ ունենալով Հայաստանը:

Անի Նահապետյան