կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-25 17:24
Առանց Կատեգորիա

Պատերա՞զմ է, ի վերջո, թե՞ ոչ

Պատերա՞զմ է, ի վերջո, թե՞ ոչ

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունն այն մասին, որ հայ-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում վերջին շրջանում հաստատված իրավիճակն այլ կերպ, քան պատերազմ բնորոշել չի կարելի, հանրային լայն ռեզոնանս է առաջացրել: Ոմանք նույնիսկ այդ հայտարարությունը համարեցին Հայաստանի կողմից Ադրբեջանին պատերազմ հայտարարելու քայլ՝ քննարկելով այն հարցը, թե որքանո՞վ էր դա արդարացված: Ավելի ուշ Հովհաննիսյանը ստիպված եղավ պարզաբանել, որ «պատերազմ» արտահայտությունն արել է ոչ թե որպես իրավական կատեգորիա, այլ սահմանագծին առկա իրադրության բնութագիրը տալու համար:

Սակայն կրքերը, կարծես, չեն հանդարտվում՝ հասկանալի դարձնելով, որ խնդիրը ոչ թե ինքնին ՊՆ մամուլի քարտուղարի կողմից այդ բնորոշումն օգտագործելու մեջ է, այլ եզրույթի հանդեպ առկա որոշակի վախերի, դրա շուրջ ձևավորված դասական ու, այսպես ասած, մոդեռն կարծրատիպերի հակադրության:

ԼՂ հիմնախնդրի կարգավորումը, գոնե հիմա, տեղի չի ունենում խաղաղ բանակցությունների միջոցով: Բանակցություններն արդեն 3 տարի է՝ այնքան ինքնանպատակ են դարձել, որ ավելի շատ վերածվել են սահմանային բախումներին ուղեկցող ինչ-որ դեկորացիայի: Ադրբեջանը փաստացի Հայաստանից միմիայն կապիտուլյացիա է պահանջում: Բաքվի միակ ակնկալիքն է՝ հանեք զորքերը ԼՂ-ից և մյուս շրջաններից և խնդիրը հնարավոր կլինի լուծել բանակցություններով, և ԼՂ-ում զոհեր այլևս չեք ունենա: Բայց զորքերը հանելուց հետո արդեն էլ խնդիր չի լինելու, որ Ադրբեջանը դրա շուրջ բանակցելու կարիք ունենա: Հետևաբար, իրականությունը շատ պարզ է. եթե խնդիրը բանակցություններով չի լուծվում, եթե հակամարտող կողմերից մեկն ուզում է այն լուծել ռազմական գործողություններով, իսկ բանակցել պատրաստ է միայն կապիտուլյացիայի պայմանների շուրջ, հնարավոր չէ այդ իրավիճակը համարել ոչ պատերազմական:

Զինված ուժերից ավելի լավ ոչ ոք չգիտի՝ իրադրությունը պատերազմակա՞ն է, թե՞ ոչ, այն պարզ պատճառով, որ օպերատիվ իրավիճակը տեղում, անմիջականորեն գնահատողը բանակն է, և հենց այդ գնահատումից ելնելով` իրականացվում են մարտական ակտիվ գործողություններ՝  համաչափ կամ անհամաչափ, պատժիչ կամ պաշտպանողական: Եվ եթե նույնիսկ այդ օպերացիաները զուտ պաշտպանական են՝ անկախ նրանից՝ լավ են կազմակերպված, թե` ոչ, դրանք ռազմական գործողություններ են: Իսկ խաղաղ պայմաններում, ինչպես հայտնի է, պաշտպանական նկատառումներով ռազմական ակտիվ գործողություններ չեն իրականացվում:

Շատերի մոտ այն թյուր պատկերացումը կա, որ պատերազմը միմիայն լայնամասշտաբ պատերազմն է: Ընդ որում՝ թե ի՞նչ ասել է՝ լայնամասշտաբ, ռազմական այդ ո՞ր սահմանային իրավիճակն է, որից հետո արդեն կարելի ասել, որ գործ ունենք լայնածավալ պատերազմի հետ, ոչ ոք չգիտի: Եվ չի էլ կարող իմանալ, որովհետև դա զուտ պայմանական, հոգեբանական սահմանում է: Սկզբում հրադադարի ժամանակ ադրբեջանցիները կրակում էին միայն ավտոմատներից, և դա պատերազմ չէր համարվում: Հետո սկսեցին կրակել գնդացիրներից, կրկին խոսում էին ընդամենը հրադադարի թեթև խախտումների մասին: Դրանից հետո հակառակորդը գործողության մեջ դրեց նաև դիպուկահարներին, հետո արդեն ականետներն ու նռնականետները, ապա դրանց ավելացրեց հրթիռային և զենիթային կայանքները, իսկ հիմա արդեն այս ամենի հետ մեկտեղ սկսել է առաջնագծում կիրառել զրահամեքենաներ ու տանկեր, մերթ ընդմ մերթ կրակում է նաև հաուբիցներից: Եվ անգամ այն դեպքում, երբ ՊՆ-ն պաշտոնապես տեղեկացնում է, որ հակառակորդը հիմա սկսել է կրակել առաջնագծում օգտագործվող հնարավոր բոլոր զինատեսակներից, երբ զոհերն արդեն զուտ պատահական գնդակներից կամ դժբախտ պատահարներից չեն լինում, այլ նաև խոշոր տրամաչափի դիպուկահար կրակոցներից, ականների պայթյուններից ու բեկորային վնասվածքներից, երբ զոհեր ենք ունենում, ցավոք, գործնականում արդեն օրերի հաշվարկով, մարդիկ, միևնույն է, շարունակում են չհավատալ, որ խոսքն արդեն իսկապես պատերազմական վիճակի մասին է: Գրեթե կարելի է չկասկածել, որ եթե, Աստված մի արասցե, վաղը հակառակորդը կիրառության մեջ դնի հաև համազարկային հրթիռահրետանային համակարգեր, էլի շարունակելու են պնդել, որ դա ընդամենը հրադադարի ավելի «խիստ», «կոպիտ» խախտում է:

Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկին արևմտյան ճակատում հակամարտ զորքերի միջև մի ամբողջ 9 ամիս ցամաքային գրեթե ոչ մի ռազմական գործողություն տեղի չէր ունենում: Այս իրավիճակը պատմությանը հայտին է «տարօրինակ պատերազմ» (Phoney War) անունով: Բայց որևէ մեկի մտքով ո\'չ այն ժամանակ, ո\'չ էլ հիմա չէր անցնում անգամ նման իրավիճակը համարել ոչ պատերազմական:

Հայ-ադրբեջանական ղարաբաղյան «տարօրինակ պատերազմը» պարզապես ձգվում է ոչ թե 9 ամիս, այլ մոտ 20 տարի: Սա առավել քան բավարար ժամանակ է՝ այդ իրականությունը խաղաղության կամ «հարաբերական կայունության» տեղ ընդունելու, դրան ադապտացվելու համար: Արդյունքում` անգամ ավելի դաժան իրականությունն աչքներիս առաջ, բացարձակապես չենք ցանկանում դուրս գալ քիչ թե շատ դուրեկան (այնուամենայնիվ, այսպես կոչված, «լայնածավալ պատերազմից» սա ավելի նախընտրելի է) հարմարավետ դրությունից և հասկանալ, որ իրականում պատերազմը երբեք չի էլ ավարտվել: Ավելի ճիշտ՝ հասարակությունը կամ նրա ստվար մասը այդպես էլ հասկանում է: Չի կարող չհասկանալ, որովհետև իրականում սահմանն անառիկ է պահում հենց հասարակության այդ մասը՝ իր ամենաընտիր, անգին «կապիտալով»` իր երիտասարդության, իր զավակների միջոցով: Հնարավոր չէ խրամատում օր ու գիշեր հակառակորդի շարժերին սևեռված զինվորի ծնողին, հարազատին, ով ամեն առավոտ սրտատրոփ սահմանից լուրերի է սպասում, ով գիշերը գլուխը բարձին է դնում աղոթքով ու թաց աչքերով, համոզել, որ սա պատերազմ չէ: Հնարավոր չէ գիշերները միջդիրքային փոխհրաձգության լուսավորությունն արդեն իբրև յուրատեսակ «հրավառություն» ընկալող սահմանապահ գյուղացուն, ով նաև ամեն վայրկյան զգում է թշնամու արձակած գնդակի, ականի թիրախ դառնալու իրական վտանգը, համոզել, որ սա պատերազմ չէ:

Այնպես որ` ինքնախաբեությամբ զբաղվելու կարիք այլև չկա: Իրերն իսկապես պետք է կոչել իրենց անունով: Եվ բանակը հիմա դա է անում: Ու ճիշտ է անում, որովհետև դրա համար կան անադեկվատության գործոնով պայմանավորված թե\' ներքին և թե\' արտաքին լուրջ պատճառներ: Բայց դրանց կանդրադառնանք առանձին:

Գևորգ Դարբինյան