Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի փողոցի 9-րդ շենքի բնակիչներն արդեն մի քանի օր է` ջուր չունեն: Այս մասին Yerkir.am-ի խմբագրություն ահազանգել են հենց բնակիչները:
Շենքի բնակիչներ Աննա Գասպարյանը, Հեղինե Դարբինյանն իրենց շենքի բնակիչների անունից ասացին, որ մի քանի օր է` իրենք զանգահարում են «Երևան Ջուր» ընկերություն, որպեսզի տեղեկանան` ինչու իրենք ջուր չունեն: «Երեք օր է` 1-85 հեռախոսահամարին պատասխանողներին, կարելի է ասել, տեռորի ենք ենթարկում, փորձում ենք հասկանալ` ինչո՞ւ մենք ջուր չունենք: Սկզբում ասում էին, թե իբր վթար է տեղի ունեցել, և վերանորոգման աշխատանքներ են ընթանում, այնուհետև ասացին, որ 22:00-ից մեր ջրամատակարարումը կվերականգնվի, իսկ հետո արդեն հորդորեցին դիմել մեր համայնքային իշխանություններին»,- պատմեց Աննա Գասպարյանը` հավելելով. «Դիմեցինք նաև համայնքային իշխանություններին, իսկ նրանք էլ ասացին, որ իրենց ֆունկցիայի մեջ չի մտնում ջրամատակարարման խնդիրներով զբաղվելը: Շենքի բնակիչներն արդեն քանի օր է` ջուր են կրում: Գոնե նախապես տեղեկացվեինք, որ նման խնդիր է լինելու, որ մեր գլխի ճարը տեսնեինք: Հիմա էլ զանգում ենք ջրմուղ, մեզ որևէ կոնկրետ պատասխան չեն տալիս»:
Դեպքի առնչությամբ, տեղեկություն ստանալու նպատակով, զանգահարեցինք «Երևան Ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանին: Ուշագրավ է, որ մամուլի խոսնակը, որի պարտականությունների մեջ է մտնում մեր հարցերին պատասխանելը, հորդորեց զանգահարել 1-85` ծանուցվելու` որն է խնդիրը, որ այդ շենքի բնակիչները մի քանի օր է` ջուր չունեն: Երբ խոսնակին «լուսավորեցինք» իր պարտականությունների մասին` բացատրելով, որ շենքի բնակիչներին օպերատորները ոչինչ հստակ չեն բացատրում, այդ պատճառով էլ իրեն ենք դիմում, միեւնույն է, հրաժարվեց բացատրել իրավիճակը: Այնուհետև, երբ մանրամասնեցինք իրավիճակը և բնակիչների խնդիրները, Սարգսյանը հորդորեց տասը րոպեից զանգահարել: Երբ կրկին զանգահարեցինք նրան, օլիմպիական խաղաղությամբ ասաց` նոր տեղեկացավ, թե խոսքը որ շենքի մասին է: «Բանն այն է, որ ջրի ճնշումն ընկնում է, և մի քանի շենքում ջրամատակարարման խնդիր կա: Մերոնք այս պահին աշխատում են այնտեղ: Հենց նոր շինարարական բրիգադ է գնացել: Խողովակների մեջ ինչ-որ խնդիր կա, որը թույլ չի տալիս ջրամատակարում ապահովել»,- ասաց Սարգսյանը:
Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ բնակիչները չեն տեսել շինարարական աշխատանքներ իրականացնողներին, Սարգսյանը պատասխանեց. «Դե ի՞նչ ասեմ, գրեք, որ ջրմուղը խաբում է»:
Հարցին, թե ե՞րբ կավարտվեն շինարարական աշխատանքները, պատասխանեց, որ կոնկրետ ժամկետ չի կարող ասել: «Կարող ա փական ա վնասվել, կարող ա մի փոքր խնդիր ա … Պետք է հատ-հատ ստուգեն: Երբ վերջացնեքն, այն ժամանակ էլ կվերջացնենք: Պետք է հասկանան` ինչ վթար է, որտեղից ա ջուրը գնում»,- նշեց մամուլի խոսնակը:
Մեր դիտարկումից հետո, թե բնակիչներն արդեն մի քանի օր է` ահազանգում են «Երևան Ջուր», վերանորոգման աշխատանքներ իրականացնող բրիգադը միայն հիմա՞ է գնում ահազանգի հետևից, ընկերության մամուլի քարտուղարը հունից դուրս եկավ, վիրավորեց և անջատեց հեռախոսը:
Հետևությունները՝ թողնում ենք ընթերցողին և երեք օր ջուր չունեցող (հայտնի էլ չէ, թե երբ կունենան) բնակիչներին…
Նշենք նաեւ, որ ջրամատակարարման հետ կապված խնդիրներ ունեն ոչ միայն Զեյթունի, այլ նաեւ Քանաքեռի եւ Նոր Նորքի բնակիչները, եւ շատերը դա կապում են «Ջրաշխարհ»-ը գործարկելու հետ:
Հ.Գ. Նյութի հրապարակումից որոշ ժամանակ անց, բնակիչներից տեղեկացանք, որ շինարարական բրիգադ իսկապես գնացել է այդ հասցեով և խնդիրը լուծում է ստացել. բնակիչների ջրամատակարարումը վերականգնվել է: