կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-03 16:11
Քաղաքական

ԵԱՀԿ գործող նախագահը` Ադրբեջանի խոսնակ Հայաստանո՞ւմ

ԵԱՀԿ գործող նախագահը` Ադրբեջանի խոսնակ Հայաստանո՞ւմ

ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը ՀՀ արտգործնախարար Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, թե հնարավոր է՝ իրենք ուսումնասիրեն Մինսկի խմբի համանախագահող երկրների շրջանակն ընդլայնելու` Բաքվի առաջարկը:

Այս առաջարկն առանձնակի համառությամբ Բաքուն սկսել էր առաջ մղել 2015թ. սկզբից` Գերմանիայում կանցլեր Անգելա Մերկելի հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո: Կիրառելով ապատեղեկատվության միջոցով մանիպուլյացիայի մեթոդը՝ պաշտոնական Բաքուն հրապարակ էր նետել այն խայծը, թե Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է ՄԽ եռյակում փոխարինել Ֆրանսիային: Շրջանառության մեջ դրվեց նաև Թուրքիային համանախագահող երկրի կարգավիճակ շնորհելու հարցը:

Համանախագահողների շրջանակի ընդլայնման խնդիրը Բաքուն առաջադրում է՝ շահարկելով այն հանգամանքը, թե Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա եռանախագահության ներկայիս ֆորմատը, իբր, արդյունավետ չէ, քանի որ առնվազն Ռուսաստանը և Ֆրանսիան հայկական կողմի բարեկամ երկրներ են, և այս իմաստով, իբր, բալանսը ՄԽ-ում խախտված է: Եթե ԵԱՀԿ գործող նախագահը ուսումնասիրության արժանի է համարում ՄԽ ֆորմատն ընդլայնելու` Բաքվի պնդումը, նշանակում է՝ անուղղակիորեն հաստատում է, որ Մինսկի խմբի ներկայիս ձևաչափն իրեն չի արդարացնում, ինչը լիովին բխում է այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշումից:

Հարց է առաջանում ՝ ինչ է ուզում ասել նման ուղերձով ԵԱՀԿ գործող նախագահը: Տպավորությունն այնպիսին է, որ Դաչիչը տարածաշրջան է եկել ոչ այնքան որպես ԵԱՀԿ գործող նախագահ, որքան Սերբիայի փոխվարչապետ և արտգործնախարար: Հակառակ դեպքում` նա Բաքվում գտնվելու ժամանակ գոնե պարզաբանում կպահանջեր, թե Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ի՞նչ էր հասկացնում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, երբ ապրիլի 22-ին նրա հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ հայտարարում էր, որ զինված ուժերին հրամայել է ոչնչացնել շփման գծի հայկական կողմում գտնվող ցանկացած տեղաշարժվող օբյեկտ: Հայտարարություն, որ ոչ միայն ամբողջությամբ հակասում էր հրադադարի պահպանման հանձնառությանը, ԵԱՀԿ-ի հովանու ներքո ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հիմքում ընկած՝ ուժի կիրառումից և դրա սպառնալիքից խուսափելու սկզբունքին, այլև փաստարկում վերջին ամիսներին շփման գծում լարվածության կտրուկ մեծացման հարցում Ադրբեջանի լիակատար պատասխանատվությունը: Հայտարարություն, որ անցած ավելի քան մեկ ամսվա ընթացքում ԵԱՀԿ-ից, ՄԽ համանախագահողներից այդպես էլ որևէ արձագանքի, գնահատականի չարժանացավ:

Դրա փոխարեն Դաչիչն անում է հայտարարություններ, որոնք ոչ միայն առնվազն տարակուսանք են հարուցում, այլև պարզաբանումների խնդիր առաջացնում: Երևանում նա հայտարարում է. «Ես Բաքվում ասացի եւ կկրկնեմ Երեւանում, որ կան ավելի քիչ «ծանրաքարշ» հարցեր, քան կարգավիճակն է (ԼՂ-ի-հեղ.), եւ դրանք պետք է քննարկել: Դրանք անհետ կորածների, փախստականների, բռնի տեղահանվածների հարցերն են»: Սա այն դեպքում, երբ Ադրբեջանն ինքն է բանակցային գործընթացը փակուղի մտցրել հենց ԼՂ կարգավիճակի որոշման հարցն իր օրակարգից հանելու պատճառով, և Բաքվի հիմնական պահանջներից է, որ բռնի տեղահանվածների վերադարձից հետո քննարկվի ԼՂ կարգավիճակի հարցը: Եթե հայտնի չլիներ՝ ով է այս հայտարարության հեղինակը, կարելի էր մտածել, թե այն հնչեցնում է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Իսկ մինչ Երևան գալը` Բաքվում իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության հետ հանդիպման ժամանակ Դաչիչը հայտարարել է, թե, իբրև Սերբիայի արտգործնախարար, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց, իբրև ԵԱՀԿ գործող նախագահ, հայտարարում է հակամարտությունը խաղաղ, բանակցային ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին: Այն, որ Կոսովոյի խնդիր ունեցող Սերբիան չէր կարող այլ մոտեցում ունենալ նմանատիպ հակամարտությունների վերաբերյալ, գաղտնիք չէ: Բայց արդյո՞ք Դաչիչը հասկանում է, որ դիվանագիտական նմանատիպ անհաշվենկատ հայտարարություններով ավելի շատ խանգարում է հակամարտության խաղաղ կարգավորմանը, քան նպաստում դրան, որին կոչված է` իբրև ԼՂ հիմնահարցի կարգավորման «մանդատ» ունեցող միջազգային կազմակերպության ժամանակավոր նախագահ:

Խնդիրը, սակայն, ավելի շատ այն է, որ Դաչիչը նմանատիպ հայտարարությունները Երևանում անում է ՝ առանց թեկուզ փոքր-ինչ դիմադրության հանդիպելու: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, կարծես, որևէ կերպ չի արձագանքել Դաչիչի այս հայտարարություններին: Կարելի՞ է, արդյոք, դրանից եզրակացնել, որ նա կիսում է այդ տեսակետները, կամ եթե դրվի Ֆրանսիայի փոխարեն Գերմանիային ՄԽ համանախագահող երկիր դարձնելու, այդ շրջանակ Թուրքիային մտցնելու հարցը, Երևանը չի՞ առարկելու: Քանի դեռ Էդվարդ Նալբվանդյանը շարունակում է հպարտանալ միջազգային հանրության հետ ԼՂ կարգավորման հարցում համակարծիք լինելու հանգամանքով, օրինաչափության է վերածվում այն իրողությունը, որ միջազգային հանրության կողմից միայն Ադրբեջանի առաջ քաշած` հիմնականում անհեթեթ և միակողմանի առաջարկությունները կամ պայմաններն են դառնում նույն այդ միջազգային հանրության քննարկման առարկա և փաթաթվում հայկական կողմի պարանոցին:

Համանախագահող երկրների շրջանակը մեծացնելու գաղափարն ուսումնասիրության առարկա համարելու մասին` ԵԱՀԿ գործող նախագահի` Երևանում արած հայտարարությունից առաջ` կրկին Երևանում և կրկին Բաքվից ժամանելուց հետո, ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն էր հայտարարում, թե ողջունելի է, դեռևս կարգավորման սկզբունքները չհամաձայնեցրած, միանգամից խաղաղության մեծ, համապարփակ համաձայնագրի մշակմանն անցնելու` Բաքվի առաջարկը, որը վերջինս, ի դեպ, բարձրացրել է նաև Դաչիչի՝ Ադրբեջան կատարած այցի ժամանակ: Եվ սա այն դեպքում, երբ հայկական կողմը վերջին շրջանում ընդհանրապես դադարել է խոսել գոնե ԼՂ-ին, որպես հակամարտության լիարժեք կողմ, բանակցությունների ձևաչափ վերադարձնելու անհրաժեշտության մասին:

Գևորգ Դարբինյան