Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի զրուցակիցն է կինոռեժիսոր Ռուբեն Գինեյը: Ի դեպ, օրերս նա արժանացավ ՀՀ նախագահի մրցանակին` «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմի համար /սա ֆիլմի առաջին մրցանակը չէր/:
Առաջին ֆիլմը` նկարված թղթի վրա, առաջին տեսախցիկը` մինչև անձնագիր ստանալը
1980-ականների վերջին Երևանում` նկուղային հարկերում, առաջին տեսասրահները բացվեցին: Ես 5 տարեկան էի, երբ հայրս ինձ տարավ այնտեղ: Ջեյմս Քեմերոնի ֆիլմն էր, որից շատ տպավորվեցի` մեծ էկրան, հետաքրքիր ֆիլմ… Երբ եկա տուն, երազ տեսա` իբրև թե ֆիլմ էի նկարում: Բայց այդ ժամանակ ես անգամ չգիտեի, որ նման մասնագիտություն գոյություն ունի: Արթնացա ու սկսեցի ֆիլմ նկարել գրչով` թղթի վրա: Հետո` մայրս լրագրող էր, և ես նրա ձայնագրիչն էի վերցնում ու սկսում ֆիլմի ձայնը ձայնագրել: Ինձ միշտ թվում էր, որ ֆիլմ նկարելու համար պետք է մի քիչ մեծանաս: 1998-ին` ծննդյանս օրը, Հակոբ Ղազանչյանը եկավ հյուր և նկարահանեց արարողությունն իր տեսախցիկով: Տեսախցիկն ինձ համար մեծահասակի գործիք էր թվում, մտածում էի` պիտի անձնագիր ստանամ ու նոր միայն այն ձեռքս վերցնեմ, բայց երբ տեսա տեսախցիկը, պայթեց ինձ մոտ այդ կաղապարը: Ծնունդս մարտ ամսին էր, հունիսին ես սկսեցի առաջին ֆիլմս նկարահանել. մեկ տարի տևեցին նկարահանման աշխատանքները, 12 տարեկան էի: Սարսափ ֆիլմ էր, զոմբիների մասին` «20-րդ դարի վերջին սարսափը» վերնագրով, 1,30 ժամ տևողությամբ:
«Անդինը»` Չինաստանի թանգարաններից մեկում պարթևական մետաղադրամ տեսնելու հետևանք
Մի օր Շանհայի թանգարանում պարթևական մետաղադրամ տեսա, դա այն նույն մետաղադրամներից էր, որոնք կային մեր դասագրքերում: Ինձ համար զարմանալի էր չինարենով «Տրդատ թագավոր» գրված մետաղադրամ տեսնել Չինաստանում` Հայաստանից այդքան հեռու մի երկրում: Միանգամից լուսանկարեցի մետաղադրամն ու նկարը գցեցի սոցիալական կայք, որից հետո ալիք բարձրացավ, ու ես հասկացա, թե ինչ հետաքրքիր կլինի, որ ֆիլմ էլ նկարեմ: 2011-ին սկսեցի նկարահանման աշխատանքները և չգիտեի, որ 3 տարի աշխատելու եմ դրա վրա: Անկեղծ ասած` քանի որ ես խաղարկային ֆիլմի ռեժիսոր եմ, չէի ցանկանա այդքան եռանդ ու ժամանակ ծախսել այդ մեկ ֆիլմի վրա, բայց, մյուս կողմից, բնավորությունս այնպիսին է, որ եթե մի բան սկսում եմ` պետք է ավարտին հասցնեմ:
Հնդկաստանում տիրող համաճարակից «Անդին»-ին էլ «բաժին հասավ»
Ֆիլմի նկարահանումները Երևանում սկսեցինք մայիս ամսին, հետո գնացինք Չինաստան, որից 5 օր հետո` Հնդկաստան: Այդ ժամանակ Հնդկաստանում համաճարակ էր տարածված` Դենգեն, որը տարածվում է մոծակների միջոցով: Դելիում ամեն ինչ նորմալ էր, այնտեղ հանդիպեցինք մեր խմբին, որից հետո գնացքով մեկնեցինք Կալկաթա: Դելիից մեզ միացավ մի չինացի, որը Դելիի բնակիչ էր և համաձայնեց մեր խմբի անդամ դառնալ: Կալկաթայում մենք շատ էինք տեսնում այդ մոծակներին, որոնք գալիս էին ուղիղ մեզ վրա: Ամեն առավոտ նախաճաշի հետ մեզ թերթ էին տալիս, որի առաջին էջում նշված էր, թե նախորդ օրը քանի մարդ է մահացել համաճարակից: Այդ ժամանակ ես մի փոքր ինձ վատ զգացի, բայց պարզվեց` գերհոգնածության հետևանք է: Նկարահանումներն ավարտեցինք, մտածեցինք` էժան պրծանք: Երբ վերադարձա Չինաստան, գրեթե մեկ ամիս լուր չկար մեր չինացի գործընկերոջից, հետո իմացա, որ մահացել է հենց Դենգեից:
«Անդին»-ի շնորհիվ մեքսիկացի կոմպոզիտորը Չինաստանում դուդուկի երաժշտությունն է տարածում
Երբ 2014-ին «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում եկա Հայաստան, ինձ հետ էր նաև ֆիլմի կոմպոզիտորը` Լուի Արգյուելը: Նա ուզում էր որոշ ժամանակ մնալ Հայաստանում և դուդուկ նվագել սովորել: Ես նրան Գևորգ Դաբաղյանի հետ ծանոթացրի: Ի դեպ, Արգյուելը Կաննի կինոփառատոնին Չինաստանի ներկայացրած ֆիլմի երաժշտության մեջ նաև դուդուկ էր ներառել. ինքն էր նվագում, նա իր գործերում դուդուկն արդեն ընդգրկել է:
Ամեն ինչ կրկնվում է, ասես` հայելու մեջ անցյալդ տեսնես
Ֆիլմի միջոցով ուզում էի հայերի` մեր պատմության մասին իմանային ամենահեռու քաղաքներում: Երբ բոլորը նույն բանի մասին են խոսում, և դու կտրուկ թեման փոխում ես, բոլորի ուշադրությունը, անկախ քեզանից, սրվում է քեզ վրա: Չգիտեմ` Հայաստանում ինչքանով է դա ստացվել, բայց ֆիլմը շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել Լեհաստանի, Չինաստանի հայերի շրջանում, որովհետև նրանց համար պատմությունը կրկնվում է` նույն մարդիկ, նույն դեմքերն ու խնդիրները, կարծես` հայելու մեջ անցյալդ տեսնես: Իմ խնդիրներից մեկն այն էր` նկարել հետաքրքիր ֆիլմ ոչ միայն հայերի, այլև արտասահմանցիների համար, իսկ դա շատ կարևոր է, որովհետև բոլոր 11 երկրները, որտեղ գնացել և նկարահանումներ ենք իրականացրել, քիչ թե շատ կապ ունեին Հայաստանի ու հայերի հետ: Ես փորձեցի բոլոր այդ երկրներում հետաքրքրություն առաջացնել հայերի նկատմամբ:
Ֆիլմը պատրաստ է իր կյանքով ապրելուն
3 տարիների ընթացքում նկարահանեցինք 60 ժամ տևողությամբ նյութ: Սակայն ֆիլմի շնորհիվ աշխարհը բացվեց ինձ համար, իսկ դա ամենակարևորն է: Հասկացա, որ որտեղ էլ լինեմ, ինչ էլ տեսնեմ, մարդիկ որոշ չափով նույնն են: Անկրկնելի փորձ էր Մետաքսի ճանապարհն անցնելը, որտեղ հեռախոս էլ չէր բռնում, անապատ էր, բայց քամիներն ինչ ասես չէին բերել, այդտեղ լցրել, կարծես մարդկությունը լիներ: Միշտ ֆիլմ նկարել եմ` ինչ-որ պահանջից դրդված, երբեք ինչ-որ բան ցույց տալու նպատակ չեմ հետապնդել: Ինձ միշտ գործընթացն էր հետաքրքիր, երբ վերջացնում ես` մրցանակներ, կարծիքներ, կարծես էլ ինձ չվերաբերի այդ ամենը: Հիմա ինձ մոտ այն վիճակն է, որ կարծես ֆիլմը ոչ թե անցած տարի, այլ հենց նոր ավարտվեց, որովհետև հասկացա` ես անելիք այլևս չունեմ, ֆիլմը պատրաստ է իր կյանքով ապրելուն:
Կարինե Հարությունյան