կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-02 21:10
Քաղաքական

Դուք հո Ժենյա Բիբին չե՞ք

Դուք հո Ժենյա Բիբին չե՞ք

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունն այսօր խորհրդարանում կազմակերպել էր փակ քննարկում` կապված հոսանքի սակագնի հնարավոր թանկացման հարցի հետ: Ներկա են եղել ԱԺ-ի ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները, էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, ՀԾԿՀ նախագահ Նազարյան Ռոբերտը եւ ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի /կրճատ` Ժենյա/  Բիբինը: Քննարկումը տեւել է ավելին քան երեք ժամ, հետո Բիբինը սենյակից դուրս է եկել: Բնականաբար լրագրողները փակել էին Հայաստանի «լույսի գլխավոր մարդու» բոլոր ճանապարհները` պատրաստելով նրան որոշակի հարցեր: Տվել են: Լսել է: Լուռ: Հետո ասել է, որ ինքը այդ հարցերին չի ցանկանում պատասխանել եւ խնդրել է, որ լրագրողներն իրեն ճանապարհ տան: Վերջիններս էլ չեն տվել, քանի որ եթե օրինակ Բիբինի գործը ՀԷՑ-ը տնօրինելն է, ապա լրագրողների գործը հարց տալն է: Այստեղ Բիբինը սկսել է հրել լրագրողներին եւ իր համար ճանապարհ բացելով` հեռացել է, ՀՀԿ խմբակցության տարածքից, միջանցքից, խորհրդարանի շենքից:

Նրա ետեւից դուրս է եկել ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը: Բնականաբար, լրագրողները հարցեր են ունեցել նաեւ վերջինիս: Տվել են: Լսել է եւ ասել, որ ինքը եւս ցանկություն չունի հարցերին պատասխանել, քանի որ` «Եթե Բիբինը չի պատասխանել հարցերին, ես էլ ի՞նչ պատասխանեմ»: Հաշվի առնելով, որ լրագրողներից ոչ ոք այս հարցը պարոն նախարարին չի ուղղել, օգտվենք հարց տալու մեր իրավունքից /ի դեպ` սա իրավունք է/:  

Պարոն նախարար, Դուք էլ հո Բիբինը չե՞ք: Ասենք թե նա չի պատասխանել իրեն ուղղված հարցերին, բայց նա օտար երկրի քաղաքացի է, այլ դաստիարակություն ստացած, գուցե այսօր լավ տրամադրությամբ չի զարթնել, շուտվանից ռուսական խաշած կարտոֆիլ չի կերել, կարոտել է հայրենիքը, Մոսկվան, Վոլգան, Տուլան… Դուք էլ հո Ժենյա Բիբին չե՞ք: Եթե լավ չեք հիշում, դուք ՀՀ էներգետիկայի նախարարն եք, ով իր` հարցերին պատասխանելու կամ չպատասխանելու որոշումը չպետք է պայմանավորի այլ մարդկանց` նման որոշումների հետ, հատկապես, որ այդ այլ մարդիկ մեզ հետ կապ ունեն` այնքանով, որքանով…

Հաջորդ անգամ, խնդրում ենք, երբ հարցերին չեք ցանկանում պատասխանել, Ժենյա Բիբինի անունը մի տվեք, հատկապես, որ Ռուսաստանը կարող է բռնի եւ Բիբինին փոխարինի, ենթադրենք Մոլչալյուբիլովով:

Հովիկ Աֆյան