կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-29 16:48
Քաղաքական

Ձերն ուրիշ «բիբին» է, տղե՛րք

Ձերն ուրիշ «բիբին» է, տղե՛րք

Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունից հետո տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ վարկածները մի քանիսն են: Խոսվում է, օրինակ, այն մասին, որ շարժումը հաղթեց, այսինքն` պահանջվում էր չբարձրացնել հոսանքի գինը, նախագահի մակարդակով հնչեց հայտարարություն, որը գոնե օգոստոսի 1-ին այդ գինը ՀՀ քաղաքացիների համար մնալու է անփոփոխ: Պահանջվում էր ՀԷՑ-ում քննություն անցկացնել, նախագահը հայտարարեց, որ միջազգային աուդիտ կլինի, որի արդյունքների հիման վրա էլ կկազմվի վերջնական եզրակացությունը, ինչը պարտադիր կլինի բոլորիս համար:

Ըստ երկրորդ վարկածի, սակայն, շարժումը պառակտվեց, քանի որ նախագահի հայտարարությունից հետո դրա մասնակիցների մի մասը` կազմակերպիչների առաջնորդությամբ, գնաց Ազատության հրապարակ` այնտեղ շարունակելու պայքարը, մի մասն էլ` չգիտես ում գլխավորությամբ, որոշեց մնալ Բաղրամյանում եւ այնտեղ պայքարել:

Հիմա շարժումը կարծես ո\'չ հաղթել է, ո\'չ պառակտվել: Հիմա, քանի դեռ Ազատության հրապարակից շարժման կազմակերպիչները տուն չեն գնացել, մենք հիմք չունենք պնդելու, որ շարժումը հաղթել է, ուրեմն` պայքարը շարունակվում է, արդեն` երկու վայրում:

Ընդհանուր առմամբ, նորմալ է, որ միեւնույն քաղաքի մի քանի վայրերում միաժամանակ բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Բայց սա նորմալ է միայն այն պարագայում, երբ ակցիաների թեման տարբեր է: Ասենք` Ազատության հրապարակում հավաքվածները բողոքում են հոսանքի սակագնի դեմ, Բաղրամյանում հավաքվածները` ընդհանուր «ռեժիմ»-ի դեմ, ենթադրենք` Գարեգին Նժդեհի հրապարակում հավաքվածները բողոքում են առհասարակ ռուսական կապիտալով գործող ընկերություններում նկատվող ապօրինությունների եւ սանձարձակության դեմ, իսկ Սասունցի Դավթի հրապարակում էլ մարդիկ բողոքում են արեւմտյան գրանտների եւ հայրենական գրանտակերության դեմ:

Բայց, երբ նույն հարցի շուրջ միեւնույն քաղաքի մի քանի վայրերում են միաժամանակ բողոքում, սա առնվազն ծիծաղելի է եւ ընդհանուր շարժման համար ոչ արդյունավետ, քանի որ ստացվում է, որ այդ շարժումները ոչ թե միասնական են, այլ իրարամերժ, հետեւաբար` հեշտ հաղթահարելի ցանկացած իշխանության համար:

Ուրեմն հարց` ո՞ւմ հետեւից էին մարդիկ եկել սկզբում Ազատության հրապարակ, ապա` Բաղրամյան: Պարզ է`«Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպիչ-անդամների, այլ կերպ ասած` շարժման առաջնորդների: Հիմա, ո՞ւմ խոսքերից ելնելով, շարժման մասնակիցներից ոմանք որոշեցին մնալ Բաղրամյանում, այլ ոչ թե գնալ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների, հետեւաբար` շարժման առաջնորդների հետեւից: Իհարկե, Բաղրամյանում կան մարդիկ, ովքեր պնդում են, թե իրենք եկել են ոչ թե ինչ-որ մեկի հետեւից, այլ ինքնակամ, համբերության իրենց բաժակը լցված լինելու հետեւանքով, բայց, եղբա\'յր, դու ուրեմն հոսանքի սակագնի բարձրացման դեմ չես պայքարում, այլ նաեւ դրա դեմ: Այսինքն` այս օրերին շարժումը ոչ թե պառակտվել է, այլ կա երկու շարժում` Ազատության հրապարակում պայքարում են հոսանքի սակագնի բարձրացման դեմ, Բաղրամյանում դեռ չեն հայտարարել, թե ինչի դեմ, բայց, ըստ նախնական տպավորության, ամեն ինչի եւ բոլորի, ովքեր այս պահին Բաղրամյանում չեն:

Ունե՞ն, արդյոք, բաղրամյանցիներն իրենց պայքարը տանելու իրավունք, իհարկե, ունեն, բայց ունե՞ն, արդյոք, նրանք իրավունք իրենց պայքարն անվանելու «ընդդեմ հոսանքի սակագնի բարձրացման», անշուշտ, չունեն: Այդ պայքարը հիմա Ազատության հրապարակում է, որտեղից էլ այն սկսվել է, ի դեպ:

Հովիկ Աֆյան