Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում, երբ քննարկվում էր 2014թ. պետբյուջեի կատարողականը գյուղատնտեսության ոլորտում, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանին, թե ինչո՞ւ են պահում այնպիսի աշխատակազմի ղեկավար, ով չարաշահում է պետական միջոցները: Մասնավորապես` Զարուհի Փոստանջյանը նշեց, որ գյուղատնտեսության աշխատակազմի ղեկավարը ծառայողական մեքենայով մեկնել է հանգստանալու:
Սամվել Գալստյանը նախ խնդրեց ստվեր չնետել մի ամբողջ նախարարության վրա այն բանի համար, որ աշխատակազմի ղեկավարը գործուղման է մեկնել ծառայողական մեքենայով: Նա փորձեց արդարացնել աշխատակազմի ղեկավարին` ասելով, թե նա համատեղել է աշխատանքը և հանգիստը` հանդիպումներ է ունեցել ոլորտի մասնագետների հետ:
«Եթե մարդը գնացել է հանգստի, որի վերաբերյալ նախարարը տեղյակ է եղել, նմանատիպ վրիպումներ կարող են լինել: Դա դիտավորյալ չի եղել: Կլինեն այդպիսի բաներ, բայց ուզում եմ ասել, որ բյուջեի հսկողությունը շատ խիստ է, վերահսկողությունը շատ խիստ է»,- ասաց նա:
Զարուհի Փոստանջյանը արձագանքեց, որ փոխնախարարը փորձում է պաշպանել իր գործընկերոջը, բայց դա նմանվում է Սերժ Սարգսյանի կողմից Հարավային Կորեա հանգստի մեկնելուն, երբ նա օգտագործեց պետական միջոցները՝ ինքնաթիռը և այլն:
Քննարկմանը ներկա էր նաև գյուղատնտեսության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը, ում մասին ընթանում էր քննարկումը: Նա պարզաբանումներ ներկայացրեց. «Ծառայողական մեքենան օգտագործելու հետ կապված իմ սխալն ընդունել եմ, չեմ ուզում մանրամասնել, տեղն էլ հարմար չէ, որ ասեմ, թե ուր եմ գնացել, բայց ես ենթարկվել եմ պատասխանատվության, ես ընդունում եմ իմ սխալը»: