կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-07 12:37
Տարածաշրջան

«Դա իմ սխալն էր». անգամ թուրքամոլ Սահակաշվիլին էր դեմ Թուրքիայի հետ տնտեսական ինտեգրմանը

«Դա իմ սխալն էր». անգամ թուրքամոլ Սահակաշվիլին էր դեմ Թուրքիայի հետ տնտեսական ինտեգրմանը

Թուրքիայի հետ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը բարենպաստ չէ Ուկրաինայի համար. այս մասին դեռևս 2020 թ. ապրիլին Ուկրաինայում բնակվելու և գործունեություն ծավալելու ժամանակ հայտարարել էր Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի շրջանային պետական վարչակազմի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին:

«Մենք ազատ առևտրի համաձայնագիր ենք ստորագրում Թուրքիայի հետ։ Դուք չեք կարող ստորագրել այն այսպես. մենք պետք է պաշտպանենք մեր շահերը, հենց ստորագրենք, և սա ուժի մեջ մտնի, կարող ենք ընդմիշտ հրաժեշտ տալ Ուկրաինայի թեթև արդյունաբերությանը։ Թուրքերը շատ խելացի են, նրանք գիտեն, որ դա մեզ, իրոք, պետք է քաղաքականապես»,- ասել էր նա։

Սահակաշվիլին նշել էր, որ թուրքերն ունեն իրենց շահերը: Նրա կարծիքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «շատ սառն է իր երկրի շահերը պաշտպանելու հարցում»։

«Մի ժամանակ Վրաստանում ես այդպես հիմարացա: Մենք իսկապես ուզում էինք ասել. «Թուրքիայի հետ ստորագրեցինք ազատ առևտրի համաձայնագիր, ինչ ուրախություն»: Բայց երբ կարդացինք այնտեղ գրվածը, սարսափեցինք։ Բայց մենք արդեն ստորագրել էինք։ Ուստի խորհուրդ չեմ տալիս կրկնել նույն սխալը։ Դուք չեք կարող կուրորեն որևէ բան ստորագրել»,- ասել էր Վրաստանի նախկին նախագահը։

Թուրքիան և Ուկրաինան 2022 թ. փետրվարի 3-ին Ուկրաինայում ստորագրեցին Ազատ առևտրի համաձայնագիր: Ինչպես Ուկրաինան, այնպես էլ Վրաստանը, որոնք հակամարտության մեջ են ՌԴ-ի հետ, սերտ կապեր ունեն Թուրքիայի հետ: Ծավալապաշտ Թուրքիան դեմ է, նախ, ժամանակին Օսմանյան տիրույթ հանդիսացած Ղրիմի կցմանը Ռուսաստանին և հայտարարում է, որ «պաշտպանում է Ղրիմի թաթարների շահերը»` դրանով իսկ իր ախորժակը ցույց տալով թերակղզու նկատմամբ: Բացի դրանից՝ Թուրքիան Ուկրաինայի հետ կնքել է բազմաթիվ ռազմական, տնտեսական պայմանագրեր, մատակարարում է մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա:

Նույնը կարելի է ասել նաև Վրաստանի դեպքում. Թուրքիան տնտեսապես նվաճել է վրացական Աջարիայի շրջանը, երկրի տնտեսությունը խիստ կախվածության մեջ է ընկել թուրքական շուկայից:

Ելնելով Սահակաշվիլիի խոսքերից` կարելի է ենթադրել, որ եթե Թուրքիան «բարեկամ» Վրաստանին և Ուկրաինային է փորձում «գցել»` ոչ ձեռնտու պայմաններ առաջարկելով, ապա սարսափելի է անգամ պատկերացնել, թե ինչպիսի քաղաքականություն կորդեգրի իր բացահայտ թշնամու` Հայաստանի նկատմամբ, երբ «կարգավորվեն» հայ-թուրքական հարաբերությունները, բացվեն սահմանները, և թուրքական տնտեսությունը ներխուժի Հայաստան:  

Նյութը՝ Yerkir.am