կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-19 13:05
Մշակույթ

Արվեստի հաշվին ուրիշին լավություն անելն ամենամեծ սխալն է. Ռուբեն Բաբայան

Արվեստի հաշվին ուրիշին լավություն անելն ամենամեծ սխալն է. Ռուբեն Բաբայան

Վերջին շրջանում մշակութային մի շարք հաստատություններում տեղի են ունենում ոչ մշակութային իրադարձություններ` ոչ պատճառաբանված կրճատումներ, նոր նշանակումներ…

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշեց, որ, իր կարծիքով, յուրաքանչյուր որոշման հիմքում պետք է շատ հստակ գեղարվեստական տրամաբանություն լինի` հանուն ինչի է այդ որոշումը կայացվում: Եթե, ըստ նրա, որոշումը կայացվում է մարդկանց ամբիցիաները բավարարելու համար, մշտապես հարցականներ են մնալու, իսկ եթե փոփոխություններն արվում են թատրոնի կյանքը բարելավելու համար, ապա կարելի է հասկանալ:

«Յուրաքանչյուր փոփոխություն պետք է տրամաբանված լինի, սակայն, մյուս կողմից, արվեստագետներից ոչ ոք չպետք է նույն տեղում ցմահ լինի: Տաղանդը, ի դեպ, ցմահ տրված հատկություն չէ, այն ժամանակային սահմանափակում ունի, ուստի մարդուն պետք է «աշխատեցնել» այն ժամանակ, երբ նրա ծաղկուն շրջանն է: Յուրաքանչյուր արվեստագետ ունի բացասական և դրական կողմեր, և ինչ-որ մեկին ինչ-որ պաշտոնում նշանակելիս պետք է մտածել, թե արդյո՞ք ստեղծում ենք պայմաններ, որ նրա դրական կողմերը դրսևորվեն»,- ասաց Բաբայանը:

Ըստ նրա` բազմաթիվ նշանակումներ պարզապես չեն բացատրվում գործի պահանջներով, այլ` «այսինչն այս բանն ասաց», «այսինչի բարեկամին պետք է աշխատանքի դասավորել» սկզբունքով: Բաբայանի խոսքով` եթե աշխատանքից ազատման-ընդունման որոշում ես կայացնում, պետք է նաև հետևանքների մասին մտածել: «Ժամանակի հետ հաշվարկ չանելու մեծագույն վնաս եմ տեսնում»,- ասաց նա:

Բաբայանը նշեց նաև, որ թատերական ոլորտում գործող մեխանիզմները ժանգոտված են` հնուց եկած օրենքներով են առաջնորդվում: Նրա կարծիքով` թատրոններում նշանակումների-ազատման հարցը չպետք է լուծի մշակույթի նախարարությունը, այլ մարդիկ, ովքեր ղեկավարում են թատրոնը: Ըստ ռեժիոսորի` նախարարությանն ինչքան շատ գերատեսչության դեր վերապահվի, այնքան շատ նման իրավիճակների դեմ կառնենք. նախարարության դերը, Բաբայանի կարծիքով, չափազանցված է: «Նախարարությունը պետք է ոչ թե կազմակերպչական հարցերով զբաղվի, այլ ստատեգիական` օրենքների մշակում, փորձագետների խմբի ձևավորում և այլն»,- նշեց նա:

Տիկնիկային թատրոնի ղեկավարի կարծիքով` պետք է մի քիչ նուրբ մոտենալ թատրոնի ղեկավարի ընտրությանը, թե չէ` հիմա, պատասխանելով թեստում առկա հարցերին, ով ասես, որ չի կարող նշանակվել տնօրեն: «Բացի այդ` սա Հայաստանն է, որտեղ բարեկամներ ու ծանոթներ այնքան շատ ունենք... Արվեստի հաշվին ուրիշին լավություն անելն ամենամեծ սխալն է»,- ասաց նա:

Խոսելով թատերարվեստում առկա խնդիրների մասին` Բաբայանը նշեց, որ մեզ հաճախ խանգարում է այն հանգամանքը, որ նոստալգիկ ձևով նայում ենք անցյալ ու ասում, թե` այն ժամանակ ուրիշ էր, այն ժամանակվա ուսանողներն էլ ուրիշ էին: Ուսանողները, ըստ ռեժիսորի, նույնն են, նրանք չեն փոխվել, մենք` մեծերս ենք նույն տեղում դոփում:

«Եթե իմ առարկան չի հետաքրքրում ուսանողին, ես եմ մեղավոր, ուրեմն պետք է մտածեմ այն մասին, թե ինչ անել, որպեսզի նրա մոտ հետաքրքրություն առաջանա: Պետք է մի քիչ ճկուն լինել` ինչպես թատրոնում: Ժամանակակից թատրոնի դերասանը պետք է պահանջարկված լինի թատրոնի և կինոյի ցանկացած ժանրում, պահանջարկված լինելու մասին, ի դեպ, պետք չէ դատել սերիալներում նկարահանմամբ»,- ասաց Բաբայանը:

Նա անդրադարձավ նաև տիկնիկային թատրոնի կյանքին` նշելով, որ 2015-ը կայացած տարի էր թատրոնի համար` 6 նոր ներկայացում, մասնակցություն 9 փառատոնի: Սակայն, Բաբայանի հավաստմամբ, չնայած գրանցած հաջողություններին, թատրոնը ոչ մի օր հանգստանալու իրավունք չունի: Ավելին` հենց փորձես սահմանափակվել` միայն անցյալի հաջողությունները վայելելով, ժամանակը դուրս կնետի քեզ իր հոսքից:

«Այս տարի էլ թատրոնը նոր ներկայացումներ կունենա. Սամսոն Մովսիսյանը «Մատնաչափիկը» կբեմադրի, որն, ի դեպ, կլինի ստվերային ներկայացում: Բացի այդ` կբեմադրվի Աղայանի «Անահիտը»` մանրանկարչության սկզբունքով: Զարուհի Անտոնյանն էլ նոր ներկայացում կբեմադրի: Մենք անընդհատ փորձում ենք նոր շունչ հաղորդել ներկայացումներին, քանի որ արվեստը չի կարող դոփել նույն տեղում: Յուրաքանչյուր ժամանակ իր հետ իր արտահայտչամիջոցն է բերում, առավել ևս` թատերարվեստը: Թատերարվեստում դու գործ ունես այս պահի, այսօրվա հանդիսատեսի հետ, այլ ոչ թե անցյալի կամ ապագայի»,- ասաց Բաբայանը: