Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկեցին 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները: Հիմնական զեկուցողն էր գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
Ըստ նրա` 2014թ. պետական բյուջեն կատարվել է 90.3 մլրդ դրամ պակասուրդով` կազմելով ճշտված ծրագրով նախատեսված 105.7 մլրդ դրամի 85.4%-ը: 2013 թվականին պետական բյուջեն կատարվել էր 71.5 մլրդ դրամ պակասուրդով, այսինքն` 2013 թվականի համեմատ, պակասուրդի մեծությունն աճել է 26.2%-ով:
Ըստ կառավարության, նախորդ տարվա համեմատ, պակասուրդի չափը հիմնականում պայմանավորված է եղել արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարման հետ կապված վարկային միջոցները պակաս ստանալու հանգամանքով: Պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրները կազմել են շուրջ 70 մլրդ դրամ` նախատեսված 63.8 մլրդ դրամի դիմաց: Նշենք, որ նախորդ տարի նշված ցուցանիշը կազմել էր -10.9 մլրդ դրամ:
Տարվա վերջին արտարժույթի շուկայում գրանցված տատանումները և դրամավարկային քաղաքականության խստացումն էապես կրճատել են պետական պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը: Դրա հետևանքով դեկտեմբեր ամսին կարճաժամկետ պարտատոմսերի բոլոր աճուրդներին գրանցվել է զրոյական պահանջարկ: 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ներքին պետական պարտքն անվանական արժեքով կազմել է 311.7 միլիարդ դրամ:
2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ արտաքին պետական պարտքը կազմել է 1,797.9 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 39.7%-ը` 2013 թվականի 1,581.6 մլրդ դրամի և 37.0%-ի դիմաց: Պարտքի հիմնական մասը` 3,345.3 միլիոն ԱՄՆ դոլարը, ՀՀ կառավարության պարտավորություններն են, շուրջ 440.0 միլիոն ԱՄՆ դոլարը` ՀՀ Կենտրոնական բանկի վարկային պարտավորությունները:
Հաշվետու տարում ՀՀ արտաքին պետական պարտքի սպասարկումը կազմել է 266.0 միլիոն ԱՄՆ դոլար, որից 162.7 միլիոն ԱՄՆ դոլարը` կառավարության և 103.3 միլիոն դոլարը` ԿԲ պարտավորությունների գծով: Արտահանման նկատմամբ արտաքին պետական պարտքի սպասարկման հարաբերակցությունը կազմել է 8.1%` նախորդ տարվա 14.5%-ի դիմաց, իսկ պետական բյուջեի եկամուտների նկատմամբ` 9.7%, նախորդ տարվա 15.5%-ի դիմաց:
2014 թվականի վերջի դրությամբ արտաքին պետական պարտքի զուտ ներկա արժեքի ցուցանիշը նվազել է` 2013 թվականի 3740.8 միլիոն ԱՄՆ դոլարի դիմաց կազմելով 2981.4 միլիոն ԱՄՆ դոլար: 2014 թվականին ՀՀ արտաքին պետական պարտքի զուտ ներկա արժեքի հաշվարկման մեթոդաբանությունը փոփոխվել է ԱՄՀ-ի հետ գործող ծրագրին համապատասխան, և որպես զեղչման տոկոսադրույք է կիրառվել 5% դրույքաչափը:
2014 թվականի պետական բյուջեով նախատեսված` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից օգտագործվել է 47 միլիարդ դրամ կամ նախատեսվածի 98.9%-ը: