Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 1-ի դրությամբ, Հայաստանի պետական պարտքը հատել է 12 միլիարդ դոլարի շեմը: 2024 թ. առաջին կիսամյակի արդյունքներով ՀՀ կառավարության ներքին պարտքն առաջին անգամ գերազանցել է արտաքին պարտքը (50,7 %/49,3 %)․ ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվության մեջ։ Մասնագետներն այս ցուցանիշները համարում են աճող մարտահրավեր Հայաստանի համար։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը շեշտում է՝ խնդիրը ոչ թե պարտքի մեծությունն է, այլ այն, թե ինչպես ես այդ գումարը ծախսում, և դա ինչ մասնաբաժին ունի քո ՀՆԱ-ի մեջ, կամ՝ պետական բյուջեի որ մասն ես հատկացնում պարտքի սպասարկման համար, և այլն։
«Առհասարակ, պարտքը բացասական երևույթ չէ․ եթե դու պարտք ես վերցնում տնտեսության մեջ նոր երկարաժամկետ աճ ապահովող ծրագրեր իրականացնելու համար, դա լրիվ նորմալ է,- պարզաբանեց տնտեսագետը՝ արձանագրելով, որ Հայաստանի պարագայում այդ պարտքի բեռը հիմնավորված չէ, – Հայաստանը վերջին 6 տարիների ընթացքում պետական պարտքն ավելացրել է շուրջ 5,5 միլիարդ դոլարով․ այսինքն՝ 6,5 միլիարդից դարձել է 12 միլիարդ դոլար։ Այդ պարտքի աճը պայմանավորված է՝ ինչպես արտաքին պարտքի ավելացմամբ, այնպես էլ՝ ներքին։ Վերջին տարիների ընթացքում կտրուկ ավելացել է ներքին պարտքի մասնաբաժինը․ օրինակ, պետությունը դրամային պարտատոմսեր է թողարկում, դրա միջոցով տնտեսության միջից փող է հավաքում, ինչով ֆինանսավորում է պետության ծրագրերը։ Իսկ մեր կառավարությունը վերջին տարիների ընթացքում հիմնական պարտքն ավելացրել է ճանապարհների, ջրամբարների, ջրատարների կառուցման ծրագրերի շրջանակներում։ Իսկ ճանապարների մասին, թեկուզ իշխանությունները գլուխ են գովում, որ 500 կմ ճանապարհ են կառուցել, բայց նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է արձանագրում, որ դրանք անորակ են»։
Տնտեսագետը նկատեց՝ նման ծախսերն անարդյունավետ են, իսկ դրանց հետ մեկտեղ՝ հիշեցրեց բազմաթիվ պարտքային ծրագրերի մասին, որոնք պետությունը չի կարողանում ավարտել։
«Օրինակ, պարտք ենք վերցրել Հյուսիս-Հարավի կառուցման համար, այդ գումարները չենք կարողանում օգտագործել, Ֆրանսիայի կառավարությունից պարտք ենք վերցրել Վեդու ջրամբարը կառուցելու համար, ցայսօր չենք կարողանում կառուցել։ Այսինքն՝ մի կողմից՝ մենք ունենք պարտքեր, որոնք անարդյունավետ են օգտագործվել, մյուս կողմից՝ պարտքեր, որոնք չենք կարողանում օգտագործել։ Ավելին՝ չօգտագործված գումարների համար մենք տույժեր ենք վճարում․ օրինակ, նույն Ասիական զարգացման բանկին տույժեր ենք վճարում չօգտագործված վարկային միջոցների համար»,- մանրամասնեց տնտեսագետը։
Սուրեն Պարսյանն ամփոփելով՝ նշեց, որ թեև այս պահի դրությամբ պետությունը չունի պարտքի սպասարկման խնդիր՝ հաշվի առնելով տարբեր գործոններով առկա տնտեսական աճը, պետբյուջեի մուտքերը և այլն, սակայն այդ գործոնների թուլացման պարագայում պարտքի սպասարկումը դառնալու է գլխացավանք։