Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 15-ին Արմավիրի, Արագածոտնի, Վայոց ձորի եւ Արարատի մարզերի մի քանի համայնքներում տեղացած կարկուտի նախնական վնասները հաշվարկելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանձնարարությամբ նախարարության ներկայացուցիչները մեկնել են համայնքներ եւ համայնքների ղեկավարների, մարզպետարանների եւ գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ տեղում իրականացրել համապատասխան ուսումնասիրություններ եւ դիտարկումներ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Արգինա, Քարակերտ, Շենիկ, Արտամետ, Բաղրամյան, Կողբավան, Հուշակերտ, Արագածոտնի մարզի Արագածավան եւ Արտենի , Վայոց ձորի Ռինդ, Աղավնաձոր եւ Չիվա, Արարատի մարզի հիմնականում Կանաչուտ եւ Այգեստան համայնքներում տուժել են շուրջ 1454 հեկտար տարածքներ, այդ թվում` շուրջ 1059 հեկտար պտղատու այգիներ եւ 395 հեկտար խաղողի այգիներ: Նշված մարզերում տուժած 1059 հեկտար պտղատու այգիներից վնասը կազմում է շուրջ 3700 տոննա, իսկ խաղողի այգիներից` 1650 տոննա: Ընդհանուր գումարային արտահայտությամբ վնասի նախնական չափը կազմել է շուրջ 1 մլրդ 142 մլն դրամ, որից 836 մլն դրամը` պտղատու այգիներից, իսկ շուրջ 306 մլն դրամը` խաղողի այգիներից:
Մասնավորապես Արմավիրի մարզի թվով 7 համայնքներում տուժած պտղատու այգիների տարածքը կազմում է շուրջ 539.5, իսկ խաղողի այգիներինը` 122 հեկտար: Ընդ որում, պտղատու եւ խաղողի այգիների բերքի կորուստը կազմում է 20-90% : Արագածոտնի մարզի երկու համայնքներում տուժել են 329 հեկտար պտղատու այգիներ (վնասը`մոտ 20-60%) եւ 50 հեկտար խաղողի այգիներ (30-60%): Վայոց ձորի 3 համայնքներում տուժել են շուրջ 190.4 հեկտար պտղատու այգիներ (30-75%) եւ շուրջ 223 հեկտար խաղողի այգիներ (50-75%):
Դիտարկումները ցույց են տալիս, որ մայիսի 15-ի կարկտահարության հետեւանքով պատճառված վնասների չափերը էական ազդեցություն չեն ունենա 2015 թվականի համար կանխատեսվող պտղի եւ խաղողի արտադրության ծավալների վրա:
Տարեկան հանրապետությունում կարկտահարությունների արդյունքում տարբեր աստիճանի վնասներ են կրում 150-200 համայնքներ, սակայն վերջին տարիներին Կառավարության միջոցներով տեղադրված հակակարկտային կայանների տեղադրմամբ մեղմվել են հասցվող վնասի չափերը: