կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-18 12:18
Քաղաքական

Դեմ եւ կողմ կարծիքներ՝ երեւանյան ԲՈՒՀ-երը Գյումրի տեղափոխելու վերաբերյալ

Դեմ եւ կողմ կարծիքներ՝ երեւանյան ԲՈՒՀ-երը Գյումրի տեղափոխելու վերաբերյալ

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն այսօր լրագրողների հետ խոսեց քաղաքաշինության նախարարության ներկայացրած նախագծի մասին` Երևանի ԲՈՒՀ-երը տեղափոխել Գյումրի և այդ կառույցները տրամադրել հյուրանոցային համալիրներին:

 

«Այս հարցը քննարկվել է Քաղաքաշինության կոլեգիայի նիստում: Շիրակի մարզպետն ու Գյումրիի քաղաքապետը ողջունում են դա: Դեռևս 70-ական թվականներին կար նման մտահղացում. սա քաղաքը բեռնաթափելու միտում ունի: Երևանում կա 60 ուսումնական հաստատություն, շուրջ 100 հազար ուսանող, 10 հազար դասախոս: Ուսումնական հաստատությունները զբաղեցնում են 555 հազար քառակուսի մետր տարածք: Սա պատճառ է դառնում, որ տարածքները գերբեռնվեն: Հասարակական տրանսպորտի շուրջ երեսուն տոկոսը զբաղեցնում են ուսանողները: Սա լուրջ խնդիր է»,- բացատրեց Մուշեղյանը:

 

Նրա կարծիքով` բուհական համակարգը Գյումրիում կզարգանա, եթե այս նախագիծը կյանքի կոչվի: Ճարտարապետը նշեց նաև, որ երևանյան բոլոր բուհական շենքերը կառուցվել են խորհրդային շրջանում և պատրաստ են եղել սեյսմիկ յոթ բալանոց համակարգին, իսկ հիմա, ըստ նրա, լուրջ վտանգ է կարող է լինել:

 

Ուշագրավ է, որ ճարտարապետն այս հարցի լուծումը տեսնում է ԲՈՒՀ-երը Գյումրի տեղափոխելու մեջ այն դեպքում, երբ բոլորիս է հայտնի Գյումրիի սեյսմիկ կարգավիճակը:

 

Մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, նկարիչ Արթուր Մարտիրոսյանն ընդդիմացավ ճարտարապետի ներկայացրած փաստարկներին: «Այս ծրագիրը չի կարող աշխատող լինել: Ես համոզված եմ, որ եթե անգամ Երևանի մեկ այլ տարածք, ասենք` Երրորդ մաս տեղափոխվի Մանկավարժական համալսարանը, ուսանողների մեծ մասը դրան էլ կընդդիմանա, էլ ուր մնաց մի հատ էլ Գյումրի տեղափոխվի: Գյումրիի մանկավարժական համալասարանը պետք է զարգացնել, ոչ թե Երևանի համալսարանը տեղափոխել այնտեղ: Այսինքն` զարգացումը պետք է տեղային լինի: Չենք կարող այստեղից կտրել ու տանել ուրիշ տեղ: Նաև հարց է առաջանում, թե Գյումրին արդյո՞ք պատրաստ է այդքան մարդ տեղավորել իր ներսում»,- ասաց նա:

 

Տեղեկացնենք, որ այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է Գյումրի տեղափոխել ԵՊՄՀ-ն, Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, Երևանի պետական ագրարային համալսարանը և մի շարք այլ ուսումնական հաստատություններ: