կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-20 13:00
Հասարակություն

Ուսանողների և դասախոսների կարծիքները կարևո՞ր չեն երևանյան բուհերը Գյումրի տեղափոխելու հարցում

Ուսանողների և դասախոսների կարծիքները կարևո՞ր չեն երևանյան բուհերը Գյումրի տեղափոխելու հարցում

Բուհերը Երևանից Գյումրի տեղափոխելու մտքի հիմքում իրականում ընկած է բիզնես նախագիծ: Այս մասին լրագրողներին ասաց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: Նա նշեց, որ կողմ է այդ գաղափարին, ավելին` կարծում է, որ անհրաժեշտ է վաճառել երևանյան բուհերի շենքերը և Գյումրիում ստեղծել նորերը:

 

«Եթե նայում ենք տուրիզմի տեսանկյունից, մենք հյուրանոցների կարիք ունենք: Կարծում եմ` լավ միտք է, որ երևանյան բուհերը դառնան հյուրանոց, իսկ Գյումրիում կառուցենք նորերը»,- ասաց Քալաշյանը:

 

Ըստ նրա` Երևանը գերխիտ է բնակեցված, տրանսպորտից օգտվել չի լինում, իսկ բուհերի տեղափոխումն այս հարցերը կլուծի: Մեր դիտարկմանը, թե հարցում անցկացվե՞լ է ուսանողների կամ դասախոսական կազմերի հետ, հարցրե՞լ են նրանց ցանկությունը, Քալաշյանը պատասխանեց` դեռ ոչ: «Երևանում բուհերի բաշխումը, կարծես, ախոռ լինի, իսկ Գյումրին բազմաթիվ խնդիրներ ունի, և ֆինանսական աջակցություն էլ չկա»,- նշեց նա:

 

Մեր մյուս դիտարկմանը, թե անցած տարի քննարկվում էր այն հարցը, որ մշակույթի նախարարությունը պետք է տեղափոխեն Գյումրի, ինչո՞ւ այդ դեպքում քայլեր չարվեցին, Քալաշյանը պատասխանեց, որ ինքը կողմ է մշակույթի նախարարության` Գյումրի տեղափոխմանը: «Այո, թող Գյումրիում լինի նրանց շենքը, և ոչ միայն նրանց` մյուս նախարարություններին էլ, կառավարությանն էլ»,- ասաց ճարտարապետը:

 

Գրականագետ Դավիթ Գասպարյանը, սակայն, հարցի հետ կապված այլ տեսակետ ունի: Ըստ նրա` բուհերը Գյումրի տեղափոխելը խնդրի լուծում չէ և, առհասարակ, ճիշտ չէ: «Ամենալավին հասնելու փոխարեն դեպի վատն ենք անընդհատ գնում: Մենք պետք է շեշտը դնենք ուսման որակի վրա, իսկ բուհերը Գյումրի տեղափոխելուց հետո ո՞ր դասախոսը կգնա այնտեղ` դասավանդելու: Եվ հետո` ուսանողը Երևանում սովորելիս առնչվում է մայրաքաղաքային մշակույթին, ինչ է` Հանրային գրադարա՞նն էլ պետք է կիսենք մեջտեղից և կեսը Գյումրի տանենք կամ էլ թատրոններն ու մյուս մշակութային կենտրոնները»,- ասաց նա:

 

Գրականագետի կարծիքով` սա աղետալի ծրագիր է, և պետք է շատ զգույշ լինել, հատկապես` ռեկտորների հետ, քանի որ, ըստ նրա, եթե նրանք միտքն էլ «ծռվեց», ամեն ինչ շուռ կտան: «Իսկ ռեկտորներին համոզելը, կարծես, այնքան էլ դժվար չի, որ բուհերը տեղափոխվեն: Պետք է ուղղակի հեռու մնանք այս կարգի փորձություններից»,- ասաց Գասպարյանը:

 

Նա նշեց նաև, որ Երևանն էլ առաջվանը չէ, և արտագաղթի հետևանքները նկատելի են նաև մայրաքաղաքում. հիմա փողոցներն արդեն մարդաշատ չեն, ուստի ծանրաբեռնվածության փոխարեն պետք է մտածել` ինչ անել, որ Գյումրին և ոչ միայն Գյումրին, այլ քաղաքներն ու մարզերը զարգանան հենց տեղի ենթակառուցվածքների միջոցով:

 

Վերջում Գասպարյանը դիմեց Քալաշյանին. «Անկեղծ ասած` ինձ թվում է, որ Դուք էլ հոգու խորքում դեմ եք այդ ծրագրին»: