կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-12 15:43
Իրավական

Վերաքննիչն անփոփոխ թողեց բանդայի գործով դատավճիռը

Վերաքննիչն անփոփոխ թողեց բանդայի գործով դատավճիռը

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց մի շարք պաշտոնյաների ու մեծահարուստների տներ թալանած բանդայի գործով ամբաստանյալների և նրանց պաշտպանների վերաքննիչ բողոքը:

 

Երեկ հայտնել էինք, որ այս գործով պաշտպանները դժգոհել էին, որ դատարանը չէր ցանկացել լսել գործի վերաբերյալ իրենց այլ միջնորդություններն ու հապճեպ հեռացել էր խորհրդակցական սենյակ: Պաշտպանները կբողոքարկեն նաև այս վճիռը, որպեսզի հետագայում հնարավորություն ունենան դիմելու Եվրադատարան:

 

Հիշեցնենք, որ գործով 4 ամբաստանյալների պաշտպաններն էլ պահանջել են ամբողջությամբ բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը: Մասնավորապես` Արթուր Մանուկյանի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը միջնորդել է բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Ա.Մանուկյանի նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ` նրա արարքում հանցադեպի և հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Մերժվելու դեպքում նրա արարքը ՀՀ քր.օր. 222 հոդ. 1-ին մասից վերաորակել նույն հոդվածի 2-րդ մասով և սահմանել մեղմ պատիժ: Դավիթ Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը պահանջել է բեկանել և իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել գործն ըստ էության լուծող` արդարացման վերաբերյալ դատական ակտ: Արտուշ Հակոբյանի (Գառնու «Սուրիկի լավաշ»-ի սեփականատիրոջ որդին) պաշտպան Հովիկ Արսենյանն էլ միջնորդել է ամբողջությամբ բեկանել և փոփոխել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը և կայացնել արդարացման իրավական դատական ակտ: Ծայրահեղ դեպքում` նրա մասով կայացված դատավճիռը բեկանել և վերադարձնել ստորադաս դատարան` նոր կազմով քննության: Սամվել Դավթյանի պաշտպան Կարեն Հակոբյանը միջնորդել է բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը, հռչակել իր պաշտպանյալի անմեղությունը:

 

Հիշեցնենք, որ դատավոր Մակյանի վճռով` ամբաստանյալ Արտուշ Հակոբյանն (Գառնու «Սուրիկի լավաշ»-ի սեփականատիրոջ որդին) արդարացվել էր ՀՀ ՔՕ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (թմրանյութերի ապօրինի շրջանառություն), իսկ մյուս հոդվածներով մեղավոր ճանաչել ու դատապարտել ազատազրկման` 15 տարի ժամկետով: Գործով ամբաստանյալներ Դավիթ Գալստյանն ու Սամվել Դավթյանը նույնպես դատապարտվել են 15 տարվա ազատազրկման, իսկ Արթուր Մանուկյանը՝ 11 տարվա ազատազրկման: