կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-12 14:14
Մշակույթ

Երբեմն մենք անում ենք ավելին, քան քաղաքական գործիչները. «Արմմոնո»-ն մի շարք դռներ բացեց

Երբեմն մենք անում ենք ավելին, քան քաղաքական գործիչները. «Արմմոնո»-ն մի շարք դռներ բացեց

Երեկ տեղի ունեցավ «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային փառատոնի փակման արարողությունը:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ փառատոնն արձանագրել է հաջողություններ` մեր ներկայացումից որոշները հրավիրվել են մասնակցելու միջազգային փառատոների:

 

«Թատերական ինստիտուտի ուսանողները /Հրաչյա Ղազարյանի կուրսից/ 4 ներկայացում էին բեմադրել հատուկ մեր փառատոնի համար, և ահա դրանցից մեկն աշնանը կմասնակցի Լեհաստանում տեղի ունեցող` մոնոներկայացումների միջազգային փառատոնին: Այդ կուրսի ուսանողները Մոսկվայում ուսանողական ներկայացումների ստուգատեսին կմասնակցեն»,- ասաց Մխիթարյանը:

 

Նա տեղեկացրեց նաև, որ փառատոնի շրջանակներում հանդիպում է եղել ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի հետ և որոշվել է, որ հաջորդ տարի լեհական ծրագիրն ավելի ընդգրկուն կդառնա:

 

Մխիթարյանն ուրախությամբ նշեց, որ այս տարի շատ ակտիվ էին հատկապես երիտասարդները: «Հայտերի քանակը գնալով ավելանում է, և քանակը որակ էլ է տալիս: Տարեցտարի մեր ներկայացումները դառնում են ավելի պրոֆեսիոնալ և հետաքրքիր` բացելով մոնոներկայացման ժանրում նոր ձևեր և նոր մոտեցումներ»,- ասաց նա:

 

«ATSPINDIS» մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիա Տանինան էլ հումորով նշեց, որ մեր փառատոնը նույնքան հաջողակ է, որքան` իրենը: «Ես ամեն անգամ, երբ գնում եմ ինչ-որ փառատոնի, միշտ աչքի տակ սկսում եմ ներկայացումներ ունենալ, որոնք կհրավիրեմ մեր փառատոնին: Այս տարի «Արմմոնո»-ից նույնպես ընտրեցի մեկ ներկայացում` Նորա Բադալյանի «Քիչ ավելի, քիչ պակաս»-ը»,-ասաց Տանինան:

 

Խոսելով փառատոնի կարևորության մասին` նա նշեց, որ փառատոնը կարևոր է քեզ ցույց տալու և ուրիշի խաղը, մտահղացումը դիտելու համար: «Ամեն տարի արտիստները մի ներկայացում են բեմադրում` կարծես ցույց տալու համար, թե էլ ինչի են ընդունակ: Փառատոնին մասնակցող դերասանները խիզախ են, քանի որ մոնոյի ժանրը շատ դժվար է` բեմում դու ոչինչ թաքցնել չես կարող»,- նշեց Տանինան:

 

Նա կարևորեց նաև այն փաստը, որ «Արմմոնո»-ին մեծ թվով երիտասարդներ են մասնակցում, որոնք էլ, նրա մեկնաբանմամբ, մոնոյի վաղվա օրն են: «Նման փառատոներ մեզ անհրաժեշտ են, որովհետև երբեմն մենք անում ենք ավելին, քան քաղաքական գործիչները»,- ասաց  Տանինան:

 

Ի դեպ, «ATSPINDIS» մոնոներկայացումների այս տարվա փառատոնին /այս տարի փառատոնը տոնում է իր տասնամյակը/ կմասնակցի նաև Նարինե Գրիգորյանի «Դզին» ներկայացումը: