կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-11 17:59
Իրավական

Վերաքննիչը կհրապարակի բանդայի գործով որոշումը

Վերաքննիչը կհրապարակի բանդայի գործով որոշումը

Այսօր ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մտավ խորհրդակցական սենյակ՝ 2011թ. սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը Երևանի Մյասնիկյան պողոտայում վնասազերծված` պաշտոնյաների տներ թալանած հայտնի բանդայի գործով որոշում կայացնելու:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը դժգոհություն հայտնեց, որ դատավորը թույլ չի տվել իրեն այլ միջնորդություններ ներկայացնել և հապճեպ որոշում է կայացրել դատաքննությունն ավարտելու վերաբերյալ:

 

Նշենք, որ գործով 4 ամբաստանյալների պաշտպաններն էլ պահանջել են ամբողջությամբ բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը: Մասնավորապես` Արթուր Մանուկյանի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը միջնորդել է բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Ա.Մանուկյանի նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ` նրա արարքում հանցադեպի և հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Մերժելու դեպքում նրա արարքը ՀՀ քր.օր. 222 հոդ. 1-ին մասից վերաորակել նույն հոդվածի 2-րդ մասով և սահմանել մեղմ պատիժ:

 

Դավիթ Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը պահանջել է բեկանել և իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել գործն ըստ էության լուծող` արդարացման վերաբերյալ դատական ակտ:

 

Արտուշ Հակոբյանի (Գառնու «Սուրիկի լավաշ»-ի սեփականատիրոջ որդին) պաշտպան Հովիկ Արսենյանն էլ միջնորդել է ամբողջությամբ բեկանել և փոփոխել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը և կայացնել արդարացման իրավական դատական ակտ: Ծայրահեղ դեպքում` նրա մասով կայացված դատավճիռը բեկանել և վերադարձնել ստորադաս դատարան` նոր կազմով քննության:

 

Սամվել Դավթյանի պաշտպան Կարեն Հակոբյանը միջնորդել է բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը, հռչակել իր պաշտպանյալի անմեղությունը:

 

Հիշեցնենք, որ դատավոր Մակյանի վճռով` ամբաստանյալ Արտուշ Հակոբյանն (Գառնու «Սուրիկի լավաշ»-ի սեփականատիրոջ որդին) արդարացվել էր ՀՀ ՔՕ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (թմրանյութերի ապօրինի շրջանառություն), իսկ մյուս հոդվածներով մեղավոր ճանաչել ու դատապարտել ազատազրկման` 15 տարի ժամկետով: Գործով ամբաստանյալներ Դավիթ Գալստյանն ու Սամվել Դավթյանը նույնպես դատապարտվել են 15 տարվա ազատազրկման, իսկ Արթուր Մանուկյանը՝ 11 տարվա ազատազրկման: