կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-03 15:37
Իրավական

ՍԴ-ն Քոչարյանին կալանավորելու հիմքերի սահմանադրականության գործով որոշումը կհրապարակի սեպտեմբերի 4-ին

ՍԴ-ն Քոչարյանին կալանավորելու հիմքերի սահմանադրականության գործով որոշումը կհրապարակի սեպտեմբերի 4-ին

ՀՀ Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքերի սահմանադրականության գործով որոշումը կհրապարակի վաղը` սեպտեմբերի 4-ին։ Այս մասին լրագրողներին հայտնեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։ 

Նշենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը օգոստոսի 29–ից գրավոր ընթացակարգով քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների սահմանադրականության հարցը։ Դիմումների քննությունը հետաձգվել էր մինչև սեպտեմբերի 3–ը։ 

Գործով զեկուցողներն են Սահմանադրական դատարանի դատավորներ Ա. Գյուլումյանը, Ա. Դիլանյանը, Ֆ. Թոխյանը, Ա. Թունյանը, Ա. Խաչատրյանը, Հ. Նազարյանը, Ա. Պետրոսյանը: Գործով որպես պատասխանող կողմ է ներգրավվել քրեական դատավարության օրենսգիրքն ընդունած մարմինը՝ Ազգային ժողովը:

ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը չի մասնակցում գործի քննությանը։ Համաձայն ՍԴ որոշման՝ Գրիգորյանի մասնակցությունը գործի քննությանն անհնարին է, քանի որ նա կանխակալ վերաբերմունք ունի որպես դիմող հանդես եկող սահմանադրական դատավարության մասնակիցների նկատմամբ, ինչպես նաեւ մասնակցել է հիշյալ գործերի քննությանն այլ դատարաններում։  Նշենք, որ Վահե Գրիգորյանը, նախքան ՍԴ դատավոր նշանակվելը, ներկայացնում էր Մարտի 1-ի գործով տուժողների և նրանց իրավահաջորդների շահերը։

Հիշեցնենք՝  Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ։