կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-23 15:54
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատավոր Բիշարյանը Նիկոլի դավաճանության գործով իր ինքնաբացարկի որոշումը կհրապարակի ժամը 17։00-ին

Մակագրման այբենական հերթականության վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ առկա չէ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանը՝ հրապարակելով Փաշինյանի դավաճանության գործն իրեն մակագրելու մանրամասները։

Դատավոր Կարեն Բիշարյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը Նիկոլ Փաշինյանի դավաճանության գործը քննելու հարցով, քանի որ համարում են, որ ձեռքով գործն իրեն  մակագրելը հնարավոր է միտում պարունակի։

Նրանք պահանջել էին դատարանի աշխատակազմից վերցնել իրենց գրավոր հարցման պատասխանը, որը պետք է փաստեր դատավորի նշանակման օբյեկտիվությունը։

Դատավոր Բիշարյանը պահանջեց ր ստացավ փաստաթուղթը, որը, սակայն, վկայում էր, որ օբյեկտիվությունը փաստող հիմքի մասին պաշտոնական փաստաթուղթ առկա չէ։

Դատարանն արձանագրեց, ասաց Կարեն Բիշարյանը, որ դատարանի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պարտականությունները կատարողից վերցրել և ներկայումս հրապարկվում է Արծվիկ Մինասյանին՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի կողմից տրված պատասխանի պատճենը հետևալի մասին․ «Ի պատասխան ձեր 2022 թ-ի մայիսի 13-ի գրության հայտնում եմ, որ գործի նյութերը դատավոր Բիշարյանին է մակագրվել մարտի 22-ին, մինչդեռ ավտոմատ էլեկտրոնային մակագրության համակարգը վերաքննիչ քրեական դատարանում վերագործարկվել է 2022 թ-ի մայիսի 9-ին, այսինքն սույն գործի վարույթը իրացվել է Վերաքննիչ դատարանի նախագահի կողմից՝ պահպանելով ՀՀ դատական օրենսգրքի պահանջները՝ այն է՝ ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության։ Սակայն դատավորների ազգանունների այբենական հերթականության կարգի պահպանմամբ գործերի մակագրության ընթացքի վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ առկա չէ»։

Դատավորը հայտարարեց, որ իր ինքնաբացարկի մասին որոշումը կհրապարակի այսօր՝ ժամը 17։00-ին։

Նշենք, որ Արծվիկ Մինասյանը և Հակոբ Մարտիրոսյանը 2021 թ-ի հունիսի 11-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրել են հանցագործության մասին հաղորդում առ այն, որ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը՝ Նիկոլ Փաշինյանը, ուղղակի դիտավորությամբ կատարել է արարքներ, որոնցով օգնել է Ադրբեջանի Հանրապետությանը, որպեսզի վերջինիս կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականցված թշնամական գործունեության արդյունքում Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո անցնեն հայկական զինված ուժերի կողմից նախկինում ազատագրված Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմած տարածքները, այդ թվում՝ Հադրութի շրջանը և Շուշի քաղաքը, ինչը պաշտոնապես ամրագրվել է 2020թ նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի հետ ՀՀ վարչապետ Փաշինյանի ստորագրված հայտարարությամբ։ Բողոքաբերները գտնում են, որ Դատախազությունն անգործություն է ցուցաբերել՝ այս հաղորդման հիման վրա Փաշինյանի հանդեպ դավաճանության հատկանիշներով  քրեական գործ չհարուցելով, այլ հաղորդումը բաժանելով երկու մասի և կցելով այլ գործերի։ Առաջին ատյանի դատարանը, սակայն, գտել է, որ Դատախազությունը անգործություն չի ցուցաբերել․ այս որոշումն էլ Արծվիկ Մինասյանն ու Հակոբ Մարտիրոսյանը  վիճարկել են Վերաքննիչ դատարանում։

Մանրամասն՝ տեսանյութում․