Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քաղաքական ուժերի կողմից առաջարկներ ներկայացնելու ժամկետը լրացավ մայիսի 5-ին:
Yerkir.am-ը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանից փորձեց ճշտել` ո՞րն է խնդիրը, որ մինչ այժմ որևէ առաջարկ իր կողմից չի ներկայացվել:
«Գրավոր առաջարկներ չենք ներկայացրել, որովհետև տեքստը դեռ պատրաստ չէ: Մենք վերջնականապես տեղեկացված չենք, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը: Կոնցեպտուալ առումով` որոշակի մակարդակով հայտնի է, որ խոսքը կառավարման համակարգի փոփոխության մասին է: Բայց կա մի ակնհայտ բան` եթե չկա ամբողջական փաստաթուղթը, իրավական առումով էլ ճիշտ չէ ինչ-որ դիտարկումներ անել` առանձին կետերի հետ կապված»,- ընդգծեց պատգամավորը:
Ըստ նրա`Սահմանադրությունն ամբողջական փաստաթուղթ է, և ինչ-որ կետերի մասին խոսելը, մյուսների հետ չկապելով, լուրջ թերացումների մասին է խոսում:
Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ կարող է նաև այլընտրանքային տարբերակ լինել այս դեպքում: «Իհարկե, կարելի է ներկայացնել նաև մի ամբողջ փաստաթուղթ, որ կլինի նոր Սահմանադրության ներկայացման ձև` արդեն, ինչը ենթադրում է լուրջ ու երկարաժամկետ աշխատանք»,- ընդգծեց պատգամավորը:
Նրա բնորոշմամբ` այն խումբը, որն աշխատել է սահմանադրական փոփոխությունների վրա, պետք է հաշվի առներ նաև այդ հանգամանքը, որ դեռևս տեքստը չկա: Այսինքն` չէր կարելի հայտարարել` ով է առաջարկ անում, կամ ով չունի առաջարկ: Ըստ Քոքոբելյանի` այս մոտեցումը ոչ պրոֆեսիոնալ է:
«Մենք միշտ նշել ենք, որ կառավարման թե' պառլամենտական, թե' նախագահական համակարգերն ունեն դրական և բացասական կողմեր: Այսօրվա գործող Սահմանադրության հետ կապված` ես ինքս կոնկրետ վերապահում ունեմ այն կետի վերաբերյալ, որտեղ հստակ գրված է, որ նախագահի թեկնածուները երկու անգամից ավելի իրավունք չունեն անընդմեջ առաջադրվել: Ես գտնում եմ, որ երկու անգամից ավելի առաջադրվելու իրավունք առհասարակ չպետք է լինի: Նման օրինակներ կան բազում երկրներում»,- շեշտեց Քոքաբելյանը:
Նրա կարծիքով` այսօրվա Հայաստանի կոռումպացված քաղաքական համակարգի պատճառներից մեկն էլ այս կետն է: «Ցանկացած նախագահ, դառնալով երկարաժամկետ նախագահ (խոսքն անձերին չի վերաբերում), երբ հեռանում է, հսկայական լծակների է տիրապետում` մարդկանց հետ հարաբերությունների առումով, գաղտնիության հետ կապված: Մեր տիպի երկրներում նաև ֆինանսական ուժի ու ռեսուրսների առկայությունն էլ կա: Այս պարագայում ցանկացած հեռացող նախագահի մոտ մոտիվացիա է լինում` նորից վերադառնալու: Սա քաղաքական դաշտում ստեղծում է ոչ հավասար մրցակցային պայմաններ»,- ասաց պատգամավորը: Նրա կարծիքով` եթե Սահմանադրության մեջ այդ դրույթն առաջադրված չլիներ, Հայաստանի քաղաքական դաշտի պատկերը բոլորովին այլ կլիներ:
Խաչատուր Քոքոբելյանը նշեց նաև, որ շատ կարևոր է ոչ միայն օրենքերի ստեղծումը, այլ նաև դրանց կիրառումը, քանի որ առանց կիրառության այդ օրենքներն առ ոչինչ են: