Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարան, որը վերջին շրջանում զգալիորեն հարստացվել է՝ հավաքագրելով նաև տեսագրություններ, ձայնագրություններ, թվային նյութեր:
Նախագահը շրջայց է կատարել գրադարանում, ծանոթացել ցուցանմուշներին, այդ թվում՝ այնտեղ պահվող հայերեն և Հայաստանի մասին բազմաթիվ նյութերին՝ պատմաբանների հիշատակումներին, Հայաստանի հիշատակմամբ հին քարտեզներին, ամերիկացի դիվանագետ Հենրի Մորգենթաուի և այլոց կողմից Հայոց ցեղասպանության վկայություններին:
Սերժ Սարգսյանն այնուհետև կարճատև զրույց է ունեցել Կոնգրեսի գրադարանի տնօրեն Ջեյմս Բիլինգթոնի հետ: Նախագահը ներկա է գտնվել նաև «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» թեմայով նոր նամականիշերի մարման արարողությանը. ՀՀ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ն մարել է «Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելից. Հենրի Մորգենթաու» թեմայով նամականիշ և «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից. «Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտե» թեմայով գեղաթերթիկ նամականիշ:
Նամականիշի վրա պատկերված է «Չթողնենք, որ կործանվեն» Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի հանգանակության պաստառը՝ Ամերիկային շնորհակալություն հայտնող որբերի խորապատկերին:
Սերժ Սարգսյանը երեկ նաև այցելել է Միացյալ Նահանգների Հոլոքոստի հուշահամալիր-թանգարան: Թանգարանի տնօրենը Հանրապետության Նախագահին շրջայցի ժամանակ ծանոթացրել է ներկայացված ցուցադրանյութին: Շրջայցից հետո Սերժ Սարգսյանը գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրքում. «Խորապես ազդված եմ տեսածից: Սա մի վայր է, որն իր պատերի ներքո ամփոփում է խորը թախիծ և միաժամանակ հույսի մեծ շող՝ շեշտադրելով անցյալին առերեսվելու առավելությունն ընդդեմ անցյալի ժխտման և քողարկման: Սա մի անգնահատելի ներդրում է՝ որպես ապահով ապագայի լուռ, բայց խոսուն երաշխավոր:
Մարդկության դեմ իրագործված ոճիրներին նվիրված թանգարանները, ինչպիսիք են Հոլոքոստին նվիրված այս հուշահամալիր-թանգարանը, Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, ոչ միայն զոհվածներին հարգանքի տուրք մատուցելու համար են, ոչ միայն վերապրածների հիշողությունների խտացված ամփոփումներն են, այլ նաև հստակ ուղերձ են ներկա և ապագա սերունդներին, որպեսզի միշտ վառ պահեն անցյալի դառը հիշողությունները՝ դրանցից դասեր քաղելու և դրանք սերնդեսերունդ փոխանցելու համար»,-գրառել է ՀՀ Նախագահը: