Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բարձրագույն խմբի առաջնության վերսկսումից հետո «Ուլիս»-ը աչքի չի ընկնում կայուն ելույթներով: Թիմն անցկացրել է 9 հանդիպում, որոնցում վաստակել է 9 միավոր: Իհարկե, այս արդյունքները թիմին հնարավորություն չտվեցին շարունակելու պայքարը չեմպիոնական տիտղոսի համար: Ներկայումս «Ուլիս»-ը նախապատրաստվում է «Արարատ»-ի հետ առաջիկա խաղին: «Ուլիս»-ի առանցքային խաղացողներից մեկը` Արտակ Ալեքսանյանը, հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը:
- Արդեն շատ է նշվել, որ «Ուլիս»-ը տասը օրվա ընթացքում հավաքվեց առաջնության մեկնարկից առաջ: Բայց առաջնության առաջին հատվածը թիմը անհամեմատ ավելի լավ անցավ ու ավելի լավ արդյունքների հասավ: Ինչո՞վ է, ըստ քեզ, դա պայմանավորված:
- Ինչ-որ կոնկրետ խնդիր թիմում չկա: Ճիշտն ասած` ես չգիտեմ, թե դա ինչի հետ է կապված: Ուղղակի այդպես դասավորվեց: Առաջին խաղերի ժամանակ ամեն ինչ այլ կերպ էր դասավորվում:
- Այլ կերպ ասելով` ի՞նչ նկատի ունես:
-Խաղերի ընդհանուր պատկերն էր այլ, մենք այլ կերպ էինք մոտենում խաղերին ու լրիվ այլ տրամադրությամբ խաղում: Թիմը, իրոք, այլ ֆուտբոլ էր ցուցադրում: Ու ամենակարևորն է, որ մենք գոլեր էինք խփում:
-Առաջնության ընդմիջման ընթացքում թիմը ուսումնամարզական հավաք անցկացրեց Անթալիայում: Մեկամսյա նախապատրաստումից հետո հիմա առաջնությունում անցկացրած խաղերում «Ուլիս»-ն ավելի շատ պարտվել է, քան հաղթել: Պատճառներ կա՞ն:
-Անթալիայում մենք բազմաթիվ ստուգողական խաղեր անցկացրինք: Մրցեցինք ուժեղ մրցակիցների հետ: Շատ կարևոր էր փորձի ձեռք բերման, վարպետության հղկման առումով: Բայց մյուս կողմից էլ` մենք զգալի հաղթանակներ չունեցանք ուժեղ թիմերի նկատմամբ: Վստահության պակաս կար: Նույնը հիմա շարունակվում է առաջնությունում: Վստահության պակաս կա, ու, բացի այդ էլ, մենք չենք կարողանում գրավել մրցակցի դարպասը: 9 խաղերում խփել ենք 4 գնդակ, իսկ 7 խաղերում չենք կարողացել գոլ խփել: Պահեր ստեղծում ենք, բայց չենք օգտագործում:
-Ձմռանը «Ուլիս»-ի կազմում բազմաթիվ փոփոխություններ տեղի ունեցան: Նոր խաղացողներ եկան թիմ: Ըստ քեզ` թիմն ուժեղացա՞վ, թե՞ տեղի ունեցավ հակառակը:
-Չեմ կարող հստակ ասել: Թիմի բոլոր խաղացողներն էլ բավական բարձր կարգի են: Պարզապես փաստ է, որ անցյալ տարի մենք ավելի լավ էինք խաղում, քան հիմա: Կարևոր չէ` ուժեղ էինք, թե` թույլ: Կար արդյունք, և սա էր ամենակարևորը:
-Առաջնությունում «ՈՒլիս»-ին մնացել է անցկացնել չորս հանդիպում: Պարզ է, որ թիմն արդեն չի կարող պայքարել չեմպիոնության համար: Այդ դեպքում ի՞նչ նպատակ ունի թիմը հիմա:
-Նպատակը միշտ էլ եղել է նույնը ու մնում է այդպիսին: Մենք առաջիկա չորս խաղերը անվանում ենք չորս եզրափակիչներ: Հետևաբար, խաղալու ենք միայն հաղթելու համար: Հաղթելու ցանկությունը շատ մեծ է, ու միշտ էլ այդպես է եղել: Բայց միշտ չէ, որ ցանկություններն ու հնարավորությունները համընկնում են: Մենք մեր բոլոր հնարավորությունները ներդնելու ենք առաջիկա խաղերում հաջողության հասնելու համար:
-«Արարատ»-ի հետ վերջին հանդիպումը ցույց տվեց, որ, երբ մրցակիցը մեծ ուժերով պաշտպանվում է, «Ուլիս»-ի մոտ չի ստացվում ճեղքել պաշտպանությունը: Ի՞նչ ես կարծում, առաջիկա խաղում էլ «Արարատ»-ը նույն մարտավարությամբ է խաղալու:
- Այս թիմի հետ վերջին խաղում, իրոք, «Արարատ»-ը զանգվածային պաշտպանության էր անցել ամբողջ կազմով: Բայց չեմ կարծում, որ առաջիկա խաղում էլ մրցակիցը նույն կերպ կխաղա: Հուսով եմ, որ գեղեցիկ խաղ կլինի, ու մենք կկարողանանք հաղթանակի հասնել: