կարևոր
4969 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-03 15:39
Քաղաքական

Եկեղեցու հեղինակությունն է՛լ ավելի է բարձրանում, ինչը վստահության ցուցիչ է. Արա Պողոսյան

Եկեղեցու հեղինակությունն է՛լ ավելի է բարձրանում, ինչը վստահության ցուցիչ է. Արա Պողոսյան

Մայիսի 9-ին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասավ Երևան։ Երթը սկսվել էր մայիսի 4-ին՝ Տավուշի մարզից՝ Կիրանցից։ Բագրատ Սրբազանի և նրա կողմնակիցների հիմնական պահանջը հատվածական սահմանազատման գործընթացի դադարեցումն էր։

Մայիսի 9-ին հասնելով Երևան՝ Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ մեկ ժամ տվեց Փաշինյանին՝ հեռանալու համար։

«Պատրաստ եմ մեկ ժամվա ընթացքում հանդիպելու և քննարկելու հեռանալու բոլոր պայմանավորվածությունները: Դուք այլևս իշխանություն չունեք, և Ձեր հրաժարականով կվերադարձնեք հայոց Եռատոնը»,- ասաց Սրբազանը: Փաշինյանը որևէ կերպ չարձագանքեց այս պահանջին։ Դրանից հետո Սրբազանը հայտարարեց, որ Փաշինյանի հեռացմանը հասնելու են Խորհրդարանում նրան իմպիչմենտի ենթարկելու միջոցով։

Արդեն 3 շաբաթ է, ինչ Երևանում անհնազանդության ակցիաներ են իրականացվում։ Հնչում են որոշակի ուղերձներ, ուրվագծվում են նպատակներ։ «Անցումային կառավարությունը պետք է դառնա հաշտության կառավարություն՝ ձևավորվելով բոլոր ունակ և ընդունակ բարձր մասնագիտության մարդկանցով, հնարավորություն տալով անկախ կուսակցական և այլ պատկանելիությունից մարդկանց ներգրավելու այդ հաշտության կառավարության մեջ»,- մայիսի 12-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Նա նշեց, որ պետք է գերիշխի ներքին հաշտեցման մթնոլորտը՝ հիմնված արդարության սկզբունքի վրա։

Քաղաքագետ Արա Պողոսյանը կարծում է, որ այս պարագայում գործ ունենք ֆունդամենտալ փոփոխությունների հետ. «Յուրաքանչյուր կետի մեջ կարմիր գծով է անցնում հոգևորի և բարոյականի, հոգևոր Հայաստանի հաղթանակի մասին ակնարկը, մենք, իսկապես, գործ ունենք ֆունդամենտալ փոփոխությունների հետ, ընդ որում այս ֆունդամենտալ փոփոխությունների մեջ ես հատկապես կառանձնացնեի հանրային համերաշխության սկզբունքը»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշում է նա։

Ըստ քաղաքագետի՝ հատկապես այսօր, երբ մեր ժողովուրդն ու երկիրը սովորական ժամանակներ չեն ապրում, չափազանց կարևոր է հանրային համերաշխությունը։

«2018 թվականի հեղափոխությունը, որը, թեպետ, հռչակել էր հանրային համերաշխության, սիրո մթնոլորտ ձևավորելու հրամայականը, ցավոք, չդիմացավ հենց առաջին փորձությանը։ Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ միանգամից դրվեցին սևերի և սպիտակների ջրբաժաններ», - հիշեցնում է Պողոսյանը։

Ըստ զրուցակցի՝ հետագայում այս ջրբաժանը հիմք  դարձավ, որպեսզի նոր տարանջատումներ, անհանդուրժողականություն առաջանա։ Մարդիկ սկսեցին իրար քննադատել, անիծել, հայհոյել, նույնիսկ բռնություն գործադրել միմյանց նկատմամբ։

Բագրատ Սրբազանը Հրապարակում հայտարարեց նաև, որ պետք է զարգացնել սեփական՝ հայկական օրակարգը, փնտրել բարեկամներ, բայց երբեք հույսը միայն բարեկամների վրա չդնել, այլ ապավինել սեփական ժողովրդի ուժականությանը և կամքին։

«Մեր երկրի պարագայում  ցանկացած 1 մետր նահանջը 1 բնակավայր, 1 գերեզման, մեկ մշակութային կոթող է։ Մեր նման պետության համար չափազանց կարևոր է կանխարգելիչ ռազմական դոկտորին ունենալը, ինչը ենթադրում է պրոֆեսիոնալ գործող կառույցներ, սա ազդակ է, որ գիտակցվում է պետության առջև անվտանգային խնդիրների լրջությունը», - ասում է Արա Պողոսյանը՝ հավելելով, որ կարևորում է ռազմական դոկտրինի անդրադարձը, նշում, որ պարբերաբար խոսել է ՀՀ ռազմական դոկտրինի փոփոխության անհրաժեշտության մասին։

Քաղաքագետը նաև հղում արեց Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտի հայտարարությանը, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել են Հայոց ցեղասպանությունը ժխտող նարատիվների համար։ Պատճառը Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձն է։ Ընդ որում՝ ինստիտուտում այն կարծիքին են, որ Փաշինյանն իր ուղերձով ոչ բացահայտորեն «միացել է Հայոց ցեղասպանության ժխտմանը»։

«Ներկայիս իշխանություններն իրենց վարքագծով և քաղաքական խոսույթով ստեղծել են հանրության լայն զանգվածների մոտ տպավորություն, որ իրենք այլևս չեն սպասարկում հայկական օրակարգ», - ասում է Պողոսյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու են մարդիկ այսօր դուրս գալիս փողոց։  «Յուրաքանչյուր հայտարարարություն նստվածք է թողնում մարդկանց մոտ, այդ նստվածքը ձևավորել էր պասիվ բողոք, որը Բագրատ Սրբազանին հաջողվեց վերածել ակտիվ բողոքի»։

Ըստ մեր զրուցակցի՝ այսօր, ինչ մենք տեսնում ենք Հրապարակում, ոչ թե ձևավորվել է մի քանի օրերի, այլ տարիների ընթացքում։

Իշխանության լռությունը քաղաքետը բացատրում է քաղաքական տեխնոլոգիաների պրիզմայով։ «Փորձում են ցույց տալ որ շարժումը իրենց համար օրակարգ չէ, իրենք չեն զգում ճնշում, հետևաբար չեն անդրադառնում», - ասում է քաղաքագետը՝ ընդգծելով, որ հիմա հատկապես մեդիաարշավները էական նշանակություն ունեն շարժման ակտիվությունը պահելու գործում։

Մայիսի 13-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում էր արել։ Թորոսյանը Հայաստանի առաքելական եկեղեցու 1700-ամյա պատմությունը առասպել էր անվանել, որը պետք է հիմնովին քանդել:

«Հայ առաքելական եկեղեցին ձևավորել է մեր նաև քաղաքական պատմության մեջ որոշակի ավանդույթներ, որոնք այսօր մեր ազգային առանձնահատկություններից, հիմնասյուներից են դարձել», - հակադարձում է քաղաքագետը, ապա հավելում. «Մենք հաճախ հպարտանում ենք, որ առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք, որ պետականության բացակայության պայմաններում մեր եկեղեցին է եղել առաջնորդողը, եկեղեցին է իր վրա վերցրել պետության որոշակի ֆունկցիաներ. եկեղեցին է եղել թշնամիների հետ բանակցողի և ժողովրդի համար որոշակի կենսական խնդիրներ լուծողը»։

Արա Պողոսյանը վստահ է, որ եթե նույնիսկ շարժումը չհասնի հաջողության, այն որևէ ազդեցություն չի ունենա եկեղեցու հեղինակության վրա. «Այս օրերին նկատելի է, որ  եկեղեցու հեղինակությունն էլ ավելի է բարձրանում. մարդիկ, ովքեր նախկինում նույնիսկ եկեղեցի չէին գնա, այսօր գնում են պատարագի, աղոթում են, և սա որոշակի վստահության ցուցիչ է, այսօր շատ խմբեր հայտնվել են միասին նույն բեմում»։  

Քաղաքագետը խորհուրդ է տալիս սառը դատել, երբեմն քաղաքական գործընթացներում  տեխնոլոգիաները ավելի մեծ դեր են կատարում, քան մարդկային ազնիվ մղումները։ Կարևոր է հասկանալ սխալները և շտկել։

«Չափազանցված սպասումներով գնալ՝ նշանակում է հետագայում հուսալքվել և դադարել պայքարել։ Պայքարը պրոգրեսիա է,  առաջընթացի և փոփոխության հնարավորություն։ Ես հույս ունեմ, որ մենք ի վերջո ներազգային թշնամանքից անցում կկատարենք դեպի ներազգային համերաշխություն», - ամփոփեց քաղաքագետը։

 

Աննա Հարությունյան