Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հիմա 2014 թիվն ենք, չէ՞: Նախագահական ընտրությունները լինելու են 2018-ին: Դուք գիտե՞ք, թե վաղը ձեզ հետ ինչ է լինելու, բա ես ի՞նչ իմանամ՝ ինձ հետ ինչ է լինելու»,- այսօր լրագրողների հարցին, թե կդնի՞ իր թեկնածությունը հաջորդ նախագահական ընտրություններին, արձագանքեց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Yerkir.am-ի հարցին` այդ դեպքում ինչո՞ւ է կառավարությունը քաղաքացուն ստիպում, որ նա իր աշխատավարձից բաժին տա 45 տարի ժամկետով, եթե, ըստ ԱԱԽ քարտուղարի, մարդը չգիտի, թե իր հետ մոտ ապագայում ինչ է լինելու, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց, որ կենսաթոշակային բարեփոխումները ՀՀ-ում համարում է քաղաքական անհրաժեշտություն, այն կիրառում են ամբողջ աշխարհում, խնդիրն այն է, որ այդ ռեֆորմի իրավական մեխանիզմները լուրջ հստակեցման կարիք ունեն:
Նրա խոսքով՝ ըստ Սահմանադրության` յուրաքանչյուր ոք ունի սեփականության և դրա տնօրինման իրավունք, եթե այդ իրավունքը սահմանափակվում է, դա պետք է կատարվի օրենքով և հստակ իրավական մեխանիզմներով ու իրավական երաշխիքներով: Ըստ նրա` ՍԴ-ն պետք է խորամուխ լինի այդ խնդրի բոլոր մանրամասներում: Բաղդասարյանի խոսքով՝ հիմա մարդկանց մոտ կա կառավարության հանդեպ վստահության պակաս, նրանք այդ ռեֆորմը համեմատում են կորցրած ավանդների հետ, ահա, թե ինչու պետական լրացուցիչ իրավական մեխանիզմներ են անհրաժեշտ, որպեսզի մարդը երաշխավորված լինի հնարավոր ցնցումներից, և ռիսկերի դեպքում պատասխանատուները պատասխանատվություն կրեն հատուկ օրենքներով:
«Ռեֆորմն անխոցելի դարձնելու համար պետք են լրացուցիչ իրավական մեխանիզմներ ու երաշխքներ: Մի բան ասեմ՝ ժպտաք: Կան մարդիկ, չէ՞, որ իրենց ձայնը վաճառում են` իրենց ընտրական ձայնը, հինգ տարին մեկ՝ հինգ հազար դրամով: Հիմա դու ուզում ես ամեն ամիս վերցնես այդ հինգ հազար դրամը ու ուզում ես, որ նա ձայն չհանի՞»,- ասաց Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ ամուր իրավական երաշխիքների դեպքում ռեֆորմը լավ արդյունք կունենա:
«Ով թաքցնում է իր սխալները, ուրեմն մեծ է հավանականությունը, որ նա դրանք կկրկնի, հետևաբար` պետք է գործողության մեջ դնել այնպիսի ռեֆորմ, որը մեծ մտահոգություններ չառաջացնի հասարակության շրջանում»,- ասաց ԱԱԽ քարտուղարը: