Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց պրոբացիոն ծառայության հայեցակարգի ներդրման մասին հարցը: Նախարարից հետո խոսք խնդրեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և մի շարք առաջարկներ ներկայացրեց նախագծի վերաբերյալ:
Կոստանյանը նշեց, որ իրենց առաջարկները վերաբերում են միջդատական վարույթում պրոբացիոն ծառայության ներգրավման հնարավորությանը:
«Խնդիրն այն էր, որ պրոբացիոն ծառայողը, պետք է կարծիք հայտնի, թե տվյալ անձի նկատմամբ ինչ խափանման միջոց պետք է կիրառի նախաքննության մարմինը, կամ դատարանը կալանքը, որպես խափանման միջոց, կիրառելու ժամանակ ինչ չափով պետք է հաշվի առնի պրոբացիոն ծառայողի կարծիքը տվյալ անձի նկատմամբ տվյալ խափանման միջոցը կիրառելու նպատակահարմարության վերաբերյալ: Սա, մեր խորին համոզմամբ, անընդունելի է մի քանի պատճառներով»,- ասաց դատախազը և նշեց պատճառները. «Պատճառ առաջին` որպեսզի որևէ պաշտոնատար անձ կամ հանրության ներկայացուցիչ որոշի տվյալ անձի նկատմամբ ինչ խափանման միջոց պետք է կիրառվի, բացի տվյալ անձի, անձը բնութագրող հատկանիշների ամբողջությունը, ինքը առնվազն պետք է տեղյակ լինի քրեական գործի մանրամասներից` արդյո՞ք տվյալ անձը տվյալ արարքը կատարել է ինչ հանգամանքներում, հանցագործությունը կատարելուց առաջ և հետո նրա վարքագիծը, հանցագործության շարժառիթները, նպատակները և այլն:
Այսինքն` ամբողջ քրեական գործի մասին պատկերացումմ ունենա, որ իր կողմից ներկայացված կարծիքը, խափանման միջոց կիառելու կամ չկիրառելու հետ կապված, լինի արժանահավատ և օբյեկտիվ: Խնդրում եմ նկատի ունենալ հետևյալը, պրոբացիոն ծառայողը երբ ներկայացնում է իր կարծիքը` ըստ հայեցակարգի, նա գործնականում չունի պատասխանատվության միջոց, այսինքն` Պողոսյան Պետրոսին պետք չի կալանքի տանել, պետք է իր նկատմամբ ստորագրություն կիրառել, որովհետև ինքը լավ տղա ա, ազնիվ ա, ընտանիքի նվիրված ա և այլն:
Այսինքն` տվյալ խափանման միջոցի կիրառման ենթակա անձի սոցիալ-հոգեբանական պատկերը նկարագրելու համար հիմք հանդիսացող տվյալների համար պատասխանատվություն չունի, զրո պատասխանատվություն է, ինչը, մեր խորին համոզմամբ, կարող է հանգեցնել կոռուպցիոն մեծ ռիսկերի դրսևորման:
Հետևաբար, պարո'ն վարչապետ, մենք կարծում ենք, որ պետք է նկատի ունենանք այդ առաջին փուլի, այսինքն` միջդատական վարույթում ծառայողի ներգրավվածության հարցը և պետք է առնվազն վերապահումով մոտենան այդ հարցին»:
Դատախազը հավելեց, որ լավ կլինի, որ ծառայությունը փուլային համակարգով ներդրվի, որպեսզի հարցն ավելի խորը ուսումնասիրվի և հետագայում լուրջ խնդիրների չհանգեցնի:
«Պետք է ժամանակային բաշխումով անենք, մինչև խորը ուսումնասիրենք, որովհետև մեխանիկորեն բերել, ներդնել միջազգայի փորձը... Այո, շատ երկրներում ամեն ինչը կա, ինչը որ հիմա նախարարը ասաց, այսինքն` գործնականում կիրառելի մեխանիզմ է, բայց գործնակում ամեն ինչը միանգամից ներդնել, ես կարծում եմ, լուրջ պրոբլեմ կունենանք, դրա համար, իմ խորին համոզմամբ, ճիշտ կլինի, որ մենք առնվազն ինչ-որ ժամանակային դասակարգմամբ դա անենք: Սկզբից ներդնենք երրորդ և չորրորդ ծրագրերը, հետո քննարկման առարկա դարձնենք դատական քննության փուլում պրոբացիոն ծառայողի ներգրավվածության հարցը, հետո արդեն որոշենք` միջդատական վարույթում: Համենայն դեպս, այսօր նաև նոր քրեական դատավարության օրենսգրքի նախագծով մենք ներդնենք այնիսի գործիքներ, որ իմ ասած խնդիրների լուծումը լինի արդյունավետ»,- եզրափակեց Գևորգ Կոստանյանը:
Դատախազի հարցադրումներին Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Ես ձեզ ուզում եմ ասել, որ մենք հենց այդ ծրագրով էլ գնում ենք: Եթե նկատեցիք, ես ասացի, որ մենք փուլային ճանապարհով ենք գնում»: