Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
«Ինձ բացարձակ չէր հետաքրքրում, թե վարչական պատասխանատվության կենթարկե՞ն ինձ, թե՞ ոչ, ամբողջ խնդիրը հարցի բարոյական կողմն էր, ուզում էինք հասկանալ՝ դատական համակարգում դեռ կա՞ն ազնիվ մարդիկ, թե՞ ոչ, պարզվեց՝ կան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը՝ անդրադառնալով Վարչական դատարանի կայացրած որոշմանը, ըստ որի՝ դատարանը մերժել է իրեն պատասխանատվության ենթարկելու՝ ոստիկանության հայցը:
«Դատավորին շնորհակալություն չեմ հայտնի, բայց իր ծնողներին շնորհակալություն կհայտնեմ, որ ազնիվ, հայեցի տղա են դաստիարակել, հայի արյուն ունի»,- ասաց հերոսի հայրը:
Ոստիկանությունը՝ զոհված զինծառայողների ավելի քան 2 տասնյակ ծնողների դեմ է հայց ներկայացրել Վարչական դատարանին՝պահանջելով պատասխանատվության ենթարկել Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջով, այն է՝ Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, որը պատժվում է սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
Սա արդեն երկրորդ որոշումն է, որով դատարանը մերժում է ծնողներին պատասխանատվության ենթարկելու՝ ոստիկանության պահանջը: Չնայած, որ Քննչական կոմիտեում կայացած առերեսումների ժամանակ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան հաստատել էր, որ ծնողներին տարածքն ազատելու ոչ մի հրաման չի եղել, ծնողների դեմ հարուցված գործերը չեն կարճվել:
«Ոնց որ հերթով գնալու են դատերը, տարբեր ամիսների դատական նիստեր կան նշանակված: Ազնվությամբ, ոստիկանների կողմից պահանջ չի եղել, դուք սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ում եք եղել, լսե՞լ եք, որ մեզ պահանջ ներկայացնեն, որ տարածքն ազատենք, զգուշացնեն, ժամանակ տան, նման բան եղե՞լ է, չի՛ եղել: Ուղղակի չեմ հասկանում Քննչական կոմիտեի տականք վերաբերմունքն այս հարցի շուրջ, ես բազմաթիվ անգամ շեշտել եմ, որ սա ոչ թե պապաների խնդիրն է, այլ մամաների հետ նման կերպ վարվելու խնդիրն է: Բա մորն այդ ձև բերման են ենթարկո՞ւմ, որ էդ քննիչին ասես՝ մորդ էդ ձևով բերման ենթարկեն, լավ կլինի՞:
Մինչ օրս գործը քննող քննիչն ասում է՝ բավարար ապացույցներ չունեմ, որ որևէ մեկին ձերբակալեմ կամ մեղադրանք առաջադրեմ: Եթե տեսանյութերը կան, դեմքերը պարզ երևում են, մենք նույնականացրեցինք, տարանք Քննչական կոմիտե, անձամբ եմ հանձնել քննիչին ու ասել՝ դուք չէիք կարողանում նույնականացնել, մենք ենք նույնականացրել, բերել, էլ ի՞նչ ապացույցի մասին է խոսքը: Եռաբլուրում ծնողների հետ նման կերպ վարվելու համար մինչ օրս ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ոնց որ մեր տղաների զոհվելու գործով, արդեն 3-րդ տարին է՝ գործը քննում են»:
Հերոսի հոր համար հասկանալի չէ հատկապես իրավապահ համակարգում աշխատող բոլոր այն պաշտոնյաների վարքագիծը, որոնք մասնավորապես 2020 թվականի պատերազմից հետո շարունակում են ծառայել այս իշխանություններին.
«Այսօր ամեն ինչ արժեզրկվել է, քննչական ապարատում՝ գրեթե բոլորը, դատական ապարատում՝ որոշները… Եթե մի մարդ պատրաստ է դավաճան իշխանության հետ աշխատել ու նրանց ծառայություններ մատուցել, էլ ի՞նչ ասես: Պետք է իրենց վկայականը դնեին, դուրս գային, եթե, իհարկե, արժանապատվություն ունեին:
Բացի այն, որ այդքան տղաներ են սպանել, օր օրի ազգաբնակչությանը նվաստացնում են, ու ազգաբնակչությունն ասում է՝ մնա, մինչև վերջ նվաստացրու:
Ես էլ չեմ փորձում ասել՝ դե ժողովուրդն է, ազգը ուրիշ է, չեմ հասկանում՝ ժողովուրդն ազգից չի՞ առաջացել: Սրանք բոլորը սրիկաներ են, չեմ պատկերացնում, թե իրենց վերջն ինչ է լինելու, սրան մի ձև կա, դավաճանական ոհմակին պետք է գնդակահարել»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարչական դատարանը մերժել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին վարչական պատասխանատվության ենթարկելու ոստիկանության պահանջը:
Իսկ այս տարվա փետրվարի 21-ին էլ Վարչական դատարանը մերժել էր 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Դավիթ Ուզունյանի հորը՝ Բագրատ Ուզունյանին պատասխանատվության ենթարկելու Ոստիկանության հայցը:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականի սեպտեմբերի 20-ից հերթապահություն էին իրականացրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որպեսզի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ, վաղ առավոտյան, գաղտագողի տղաների շիրիմներին այցելող և ծաղիկներ խոնարհող Փաշինյանի և նրա թիմակիցների մուտքն արգելեին։ Սակայն ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ կիրառելով և մարմնական վնասվածքներ հասցնելով՝ բերման էին ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում՝ մայրերին, ինչից հետո Փաշինյանն իր թիմակիցների հետ մտել էր պանթեոն։
Աղբյուրը՝ 168.am