Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 25-ին Փարիզի «Gaveau» համերգասրահում, անվանի ու տաղանդավոր հայ օպերային երգիչ Ադամ Բարրոյի ղեկավարությամբ, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երեկո: Ըստ Բարրոյի` Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում շեշտը պետք է դրվի ճանաչման վրա, սակայն` փոխհատուցմամբ: Երգչի կարծիքով` պետք է վերջ տրվի լացուկոծային միջոցառումներին և սկսվի նոր` հաղթական ու պահանջկոտ, եղած պահանջները կյանքի կոչելու հստակ քայլերով շրջան: Yerkir.am-ի զրուցակիցն է Ադամ Բարրոն:
Մուրադ Ամիրխանյանից Ադամ Բարրո անվանափոխվելու պատճառը
Անվանափոխությունը զուտ փառքի հասնելու համար չէր, այլ հավատքի հետ էր կապված: Մեր երկրում մենք ուշադրություն չենք դարձնում անուններին, և, երբ մեկնում ենք այստեղից, անտեղի հարցեր են ծագում: Ցավոք, Եվրոպայում Մուրադ անունը չի ընդունվում որպես քրիստոնյա անձի անուն: Միգուցե ես փոքրիկ հեղափոխություն եմ անում մեր երկրում, որ մարդիկ սկսեն մտածել և նոր ծնված բալիկներին երկրորդ անուն տան, ինչպես Ֆրանսիայում: 10 տարի շարունակ ես իմ կարիերան արել եմ որպես Մուրադ Ամիրխանյան, և, երբ այդտեղից գնացի, ինձ ասացին` փոխի'ր անունդ, բայց ես չհամաձայնեցի, քանի որ ուզում էի ցույց տալ, որն այդպես էլ կարող եմ ինչ-որ բանի հասնել: Սակայն տարիներ անց ինձ մոտ հարց առաջացավ` արդյո՞ք ես պետք է ամեն երկրորդին բացատրեմ, որ ես քրիստոնյա եմ:
Ֆրանսիան ամոքեց իմ վիշտը
Ծնվել եմ Գյումրիում: 1988 թվականին ես ու եղբայրս հրաշքով փրկվեցինք երկրաշարժից, սակայն կորցրինք մեր ծնողներին: Այդ ժամանակ 12 տարեկան էի: Մեր խնամքն իր վրա վերցրեց տատս: Մայրս կրծքով կերակրելիս ինձ այնքան հպարտություն է տվել, որ դա չեմ ուզում մատի փաթաթան սարքել, չեմ ուզում շեշտը դնել այդ փաստի վրա: Հետո… Հետո տատիկս քաղաքապետարանում տեսել էր մի ծրագիր, որ Ֆրանսիան ծնողազուրկ երեխաներին երկու ամսով ընդունում է իր մոտ` ինչ-որ չափով ամոքելու մեր վերքերը: Մենք էլ մասնակցեցինք: Ֆրանսիան ինձ շատ օգնեց: Հիմա արդեն 15 տարի է, ինչ ապրում եմ Ֆրանսիայում: Ես գնացի Ֆրանսիա` չմոռանալով իմ հայրենիքը: Կարծում եմ` բոլորն էլ պետք է դուրս գնան, հասնեն ինչ-որ բանի ու վերադառնան, հայրենիքը շենացնեն:
Ցեղասպանություն: Տատի երազանքը:
Իմ նախնիները Մուշից և Կարսից են, որտեղից եկել-բարձրացել են Գյումրի: Հիշում եմ` տատս պատմում էր, որ մեծ մայրը հաճախ էր խոսում իր տան մասին: Մեծ մայրիկս ասում էր. «Շատերն ասում են` տեսնեմ Փարիզը, նոր մեռնեմ, իսկ ես կուզեի գնալ, մեկ անգամ մեր տունը տեսնել ու նոր մեռնել… Տատս էլ միշտ մեծ մորս ծիծաղով ասում էր, թե` ա'յ կնիկ, դու հաստատ էնտեղ կճուճով ոսկի ունես` պահած, դրա համար էլ ուզում ես գնալ այնտեղ: Նրանց թողած պատգամը պետք է իմ մեջ տեսնեք, իմ` հպարտ գյումրեցի լինելուս, իմ` արմատներս պահպանելու ու դրանցից չհեռանալու մեջ: Ես հիմա մեր տոհմածառն եմ փորձում սարքել:
Ինչպես ես եմ Բեռլիոզ կատարում, այնպես էլ ֆրանսիացին պետք է Կոմիտաս երգի
Ես աստվածավախ մարդ եմ, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, և դա կարևոր է ինձ համար: Կարևոր է նաև հայ երգը ներկայացնել մաքուր հայերենով: Ինչպես է, որ ես երգում եմ ֆրանսերեն /Բեռլիոզ/, և նրանք հասկանում են իմ բոլոր արտաբերած բառերը, ուզում եմ, որ նույն կերպ էլ ֆրանսիացին հայերեն Կոմիտաս երգի: Ապրիլի 24-ին դուք Հայաստանում էիք, գնացիք Ծիծեռնակաբերդ, իսկ ես Ֆրանսիայում իմ պարտականությունը կատարեցի և ևս մեկ անգամ Ցեղասպանության մասին բարձրաձայնեցի: Ապրիլի 25-ին դուդուկի նվագակցությամբ կմեկնաբանվի «Դլե յամանը» և Սևակի «Անլռելի զանգակատունը»: Ֆրանսիացի երգիչները դժվարությամբ էին կարողանում արտասանել հայերեն բառերը, սակայն ես պահանջում էի, որպեսզի նրանք հնարավորինս մաքուր կատարեն: Ես նրանց կյանքն ուտում էի, ասում` չեք երգի` մինչև ինչպես հարկն է չարտաբերեք այսինչ բառը: Ես երգեցի Եկմալյան` «Տեր ողորմեա», Կոմիտաս` «Ընտրեալդ Աստուծոյ», Չիլինգիրյան` «Ամեն և ընդ հոգվույդ քում»: Համերգի մասնակիցները խորապես գիտակցում են, թե ինչ են անում, ինչի են գնացել, քանի որ նրանք գիտեն, որ այսուհետ փակվելու է իրենց ճանապարհը դեպի Թուրքիա:
Ցեղասպանության փաստը չընդունելը` գոռոզամտություն
Թուրքը ներողություն խնդրել չգիտի, քանի որ նա շատ գոռոզ է: Թուրք կինոռեժիսոր Ֆաքիհ Աքընը Ցեղասպանության թեմատիկայով մի ֆիլմ էր նկարահանել` «Սպի»-ն, որով էլ, ըստ երևույթին, իր «բաժին» ներողությունն էր խնդրում մեզնից: Նա, իմ կարծիքով, նման քայլի դիմեց, քանի որ Եվրոպայում է ապրում և ավելի ազատ մտածում: Օդանավակայանում ես շարֆ էի գնում, որը վաճառողը թուրք էր: Նա ինձ հարցրեց` հա՞յ եք, պատասխանեցի` այո, ու նա վախեցած ասաց` ես էլ թուրք եմ: Ես նրան ասացի` գիտե՞ք` մոտ ապագայում ընդունելու եք Ցեղասպանությունը, իսկ նա կրկին վախեցած հայացքով նայեց ինձ ու պատասխանեց` մեզ մոտ այդ մասին չեն խոսում, բայց ես շարունակեցի խոսել: Հետո ես նրան վճարեցի, որ արդուկի իմ շարֆը, բայց ոչ թե այն բանի համար, որ նրան ստորացրած լինեմ, այլ, ընդհակառակը, ցույց տալու համար, որ մենք ատելությամբ չենք լցված և խոսքով կարող եմ իրեն ինչ-որ բան համոզել, ապացուցել այդ ընթացքում:
Լացելու տարիներն անցել են
Պետք է որքան հնարավոր է արդար լինես, բայց չպետք է պաթետիկ խոսքեր լինեն, չպետք է պաթետիկ ձևով ներկայացնենք մեր պահանջը: Լացելու տարիներն անցել են, հիմա գործելու տարիներն են, որպեսզի կարողանանք ծնկի բերել` ոչ թե խնդրելով ու հրամայելով, այլ իրազեկելով ու ապացուցելով, որ իրենք սխալ են, քանի որ ինչքան էլ ուզեցին մեր արմատը կտրել, այն նորից ծլեց:
Կարինե Հարությունյան