կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-30 14:55
Քաղաքական

Ֆռռացնում-ֆռռացնում` իր այդ 17 տարիներն է հիշեցնում. Ռուբեն Թովմասյանը` Հայրիկյանի մասին

Ֆռռացնում-ֆռռացնում` իր այդ 17 տարիներն է հիշեցնում. Ռուբեն Թովմասյանը` Հայրիկյանի մասին

ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը համոզված է, որ նախագահական այս ընտրություններում գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածուն ունի բացարձակ առավելություններ, որովհետեւ նրա ձեռքի տակ են բոլոր ռեսուրսները եւ այն աշխատանքային փորձը, որ նա ձեռք է բերել պաշտոնավարման տարիներին: Այս մասին Ռուբեն Թովմասյանը հայտարարեց Yerkir.am-ի հետ զրույցում եւ ընդգծեց, որ ժողովուրդը Սերժ Սարգսյանին լավ է ճանաչում, գիտի նրա ուժեղ եւ թույլ կողմերը, համակրելու եւ հակակրելու պատճառները:

 

Ռուբեն Թովմասյանն անդրադարձավ նաեւ նախագահի մյուս թեկնածուներին:

 

«Րաֆֆի Հովհաննիսյանը շատ է էժանացնում նախագահական ընտրությունների չափանիշները: Իմ կարծիքով` կարիք չկա ամեն ինչ ցուցադրել ժոովրդին` վարսավիրանոց, հաց ու պանիր ուտել... Սա քաղաքական լուրջ պայքար է, որը պետք է մղվի այնպիսի ոճով ու մակարդակով, որ համաշխարհային արժեք ունենա»,- հայտարարեց նա` հավելելով, որ եթե արեւմտյան ոճով է ուզում անել` հարցրե՞լ է` Հայաստանն ընդունո՞ւմ է այդ ոճը, թե՞ անեկդոտ է դարձնում:

 

Խոսելով Հրանտ Բագրատյանի մասին` ՀԿԿ առաջին քարտուղարն ընդգծեց, որ նա շատ լավ տնտեսագետ է, հիանալի մասնագետ, բայց վերջին տարիներին քաղաքական կյանքից հեռու է: «Բացի այդ` Բագրատյանն իր ուսերին մի ծանր բեռ ունի, որը հայ ժողովրդի հիշողության մեջ մնացել է որպես բացասական բեռ` իր վարչապետության տարիները»,- նշեց Թովմասյանը եւ վստահեցրեց, որ դա պիտակ է մնացել Բագրատյանի վրա:

 

Խոսելով Պարույր Հայրիկյանի մասին` բանախոսը հայտարարեց. «Պարույր Հայրիկյանը ճանաչված է մի բանի համար, ինչն անընդհատ կրկնում է: Նա այնքան տարրական մոտեցում է ցուցաբերում, որ ասում է` ես կալանավորվել եմ, ու դա ինձ փառք է բերում: Այդ մասը հանես նրա կենսագրությունից, էլ ի՞նչ պետք է ասի: Ֆռռացնում-ֆռռացնում` բերում է` այդ 17 տարիները կրկնում է»:

 

Ռուբեն Թովմասյանը հիշեց Համո Սահյանի խոսքերը, որոնք, ըստ նրա, Հայրիկյանը պարտավոր էր արձանագրել: «Դրախտավայրը մենք դժբախտավայր ենք դարձրել... Ավարայր, գաղթավայր, գոմաղբավայր ենք դարձրել... Մերժել ենք գութ ու ամոթ, խժռել պատիվը ձեւի... Անփառունակ խուժանի, դժոխավայր ենք դարձրել: Ահա Ձեզ անկախության եւ ինքնորոշման ամբողջ էությունը»,- հայտարարեց ՀԿԿ առաջին քարտուղարը: