կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-24 16:04
Տարածաշրջան

Ջահերով աննախադեպ երթ` բուլղարական Վառնա քաղաքում

Ջահերով աննախադեպ երթ` բուլղարական Վառնա քաղաքում

Ապրիլի 23-ին Վառնայում սկսվեցին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի բուն միջոցառումները: Երևանի ժամանակով ժամը 17:15-ին Վառնայի Ս. Սարգիս եկեղեցում սկսվեց Մեծ եղեռնի զոհերի սրբադասմա նարարողության ուղիղ եթերով հեռարձակումը, որին հետևում էին տասնյակ հայորդիներ: Ժամը 19:15-ին եկեղեցում հնչեցին 100 գուժկան զանգեր, որից հետո տ. Բարթուղիմեոս քահանա Հակոբյանը ներկաներին հակիրճ ներկայացրեց օրվա խորհուրդը. տեղեկացնում է Gantegh-ը:

 

Երեկոյան ժամը 20:00-ին, Բուլղարիայի հայերի միության նախաձեռնությամբ, եկեղեցու բակից սկսվեց ջահերով երթ, որը Բուլղարիայում առաջին անգամ է կատարվում և աննախադեպ երևույթ էր բուլղարահայ համայնքի կյանքում: Երթի մասնակիցները 100 վառված ջահերով քայլեցին Վառնայի փողոցներով և հասան մինչև Հայոց ցեղասպանության հուշարձան, որը գտնվում է Վառնայի քաղաքապետարանի հարևանությամբ: Երթը առաջնորդում էին Վառնայի Ս. Սարգիս հայկական եկեղեցու հոգևոր հովիվ տ. Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը, Բուլղարիայի հայերի միության նախագահ Հարություն Հովսեփյանը և Բուլղար ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ հայր Գեորգին: Երթի ընթացքում մասնակիցները երգում էին շարականներ և հայրենասիրական երգեր:

 

Երթի մասնակիցները մոտ մեկ ժամ անց հասան Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ: Այնտեղ տեր Բարդուղիմեոսը հուզիչ խոսքով դիմեց ներկաներին և կարևորեց այն փաստը, որ այսուհետև հայ ժողովրդի պայքարը կընթանա Հայոց ցեղասպանության Սուրբ Նահատակների բարեխոսությամբ և նրանց հովանու ներքո:

 

«Մենք պետք է վստահ լինենք, որ թե' այսօրվա ձեր մասնակցությամբ, թե' հետագա մեր պայքարի միջոցով մենք կհասնենք այն բանին, որ մեր պահանջը հասնի հասցեատիրոջը, և Թուրքիան գլուխ պիտի խոնարհի մեր առաջ ու ներողություն պիտի խնդրի: Սա ոչ թե ողորմության պայքար է, այլ պահանջատիրության»,- նշեց տեր հայրը:

 

Նրա խոսքից հետո բոլոր մասնակիցները միասնական Տերունական աղոթքն ասեցին, իսկ Վառնայի հայ համայնքի հոգևոր հովիվը օրհնեց երթի մասնակիցներին:

 

Այնուհետև Վառնայի ՀՅԴ խմբի անդամները կատարեցին մի քանի հայրենասիրական երգեր, որին հետևեց Բուլղարիայի հայերի միության ներկայացուցիչ Ներսես Կետիկյանի խոսքը: Նա իր խոսքում նշեց, որ նման երթ Բուլղարիայում առաջին անգամ է կատարվում, ինչը աննախադեպ է բուլղարահայ համայնքում և այն դառնալու է ավանդական: «Մենք այսօր հիշում և պահանջում ենք: Հիշում ենք ոչ միայն մեր Սուրբ Նահատակներին և Ցեղասպանությունը, որ իրագործվեց Թուրքիայի կողմից, այլ նաև երախտագիտությամբ հիշում ենք բոլոր նրանց, ովքեր հայ ժողովրդի համար այդ ծանրագույն օրերին մեզ ձեռք մեկնեցին և օգնեցին, որոնց մեջ էր նաև Բուլղարիան և բուլղար ժողովուրդը», - նշեց նա:

 

Ներսես Կետիկյանը բուլղարահայ համայնքի անունից իր հիասթափությունը հայտնեց ներկայիս Բուլղարիայի կառավարության վախկոտ քաղաքականությունից: «Քանի դեռ Բուլղարիայի կառավարությունը չի ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը, չի կարող լինել քաղաքակիրթ աշխարհի լիարժեք մասնիկը: Եվրոպական Միության անդամ լինելը նշանակում է կիսել նրա արժեհամակարգը: Մինչ ողջ Եվրոպան ճչում է Թուրքիայի երեսին, որպեսզի ընդունի Հայոց ցեղասպանությունը, Բուլղարիայի կառավարությունը պահպանում է քար լռություն և ամեն ինչ անում է, որպեսզի չնեղացնի իր հարավային հարևանին: Սա մեծ ամոթ է, որի հետևանքների կրողը եղբայրական բուլղար ժողովուրդն է, որի ազնիվ զավակները այս պահին մեր կողքին են»,- նշեց Բուլղարիայի հայերի միության ներկայացուցիչը:

 

Երթին մասնակցում էին նաև բուլղար բարեկամներ, ովքեր իրենց համերաշխությունը հայտնեցին հայ ժողովրդին և նշեցին, որ ամոթ են զգում այն փաստից, որ Բուլղարիան տակավին չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 

Միջոցառման ավարտից հետո հայ երիտասարդներն ու պատանիները վերադարձան հայկական եկեղեցի, ուր ամբողջ գիշեր պատվո պահակ կանգնեցին եկեղեցու բակում գտնվող` Մեծ եղեռնի հուշարձանի մոտ:

 

Ջահերով երթը հնարավոր դարձավ Բուլղարիայի հայերի միության նախագահ Հարություն Հովսեփյանի, ինչպես նաև Հայաստանում ԲՀՄ պատասխանատու Երեմ Հովսեփյանի նյութական և անմիջական գործուն աջակցությամբ: Նշենք, որ Վառնայի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող` Հայոց ցեղասպանության հուշարձանը, որը ամբողջությամբ պատրաստված է Հայաստանում, կանգնեցվել է 2005 թվականին, Երեմ և Հարություն Հովսեփյաններ եղբայրների անձնական միջոցներով և ջանքերով: