Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պահանջատիրություն խորհրդանշող Ջահերով երթը վաղուց արդեն դարձել է ավանդական ու կշարունակվի, քանի դեռ հայությունը իր պայքարի ուժով չի կարողացել հասնել արդար դատաստանի ու հատուցման։
Յուրաքանչյուր հայի պարտքն է վառ պահել հիշողության ջահը,որը դրսևորվում է ամեն տարի ապրիլի 23-ին Հայաստանում և աշխարհի բազմաթիվ երկրներում կազմակերպվող պահանջատիրություն խորհրդանշող Ջահերթերով։ Այն հիշողության ու պայքարի ոգու շարունակականությունն է։Ջահերով երթերի հիմնական նպատակն է աշխարհին ցույց տալ, որ հայը չմոռանալով անցյալը, միշտ վառ կպահի 1915թ․ Օսմանյան կայսրության կազմակերպած ոճրագործությանը զոհ գնացած միլիոն ու կես սուրբ նահատակների հիշատակը և հավաստիացնում, որ իրենց վրեժը լուծելու են։ Հայը պայքարելու է հանուն արդարության, պահանջատեր է ու կպայքարի մինչև հասնի Հայ դատի արդար լուծման։
Այս տարվա Ջահերով երթերի պահանջատիրական ու հիշատակի խորհրդին ավելացել է նաև այն, որ եթե մինչև անցյալ տարի Թուրքիան խուսափում էր ընդունել ցեղասպանության փաստը, այսօր արդեն չի թաքցնում իր նպատակը՝ ոչնչացնել Հայաստանն ու հայությանը, որ հետպատերազմական շրջանում ավելի արդիական է դարձել ՝երբ կատարվում են ցեղասպանական դրսևորումներ։Հայերին ոչնչացնելու քաղաքականությունը ոչ թե վերացել, այլ ավելի կատարելագործվել և նոր դրսևորումներով է իրականացվում։
Ապրիլի 23-ին Ջավախքի «Զորի Զորյան» Երիտասարդական ու Պատանեկան միությունների նախաձեռնությամբ անցկացվեց պահանջատիրական Ջահերով երթ։ Երթը մեկնարկեց Ախալքալաքի Բերդ-ամրոցից։ Մինչև երթի մեկնարկը,Ջավախքի Երիտասարդական ու Պատանեկան Միությունների անունից դիմում-նամակ հանձնվեց Վրաստանի խորհրդարանի հայագի պատգամավոր Սամվել Մանուկյանին կոչով՝ խորհրդարանում բարձրացնելու Հայոց ցեղասպանության դատապարտման ու ճանաչման հարցը։
Երթի մասնակիցները կրում էին տարբեր խորագրերով ՝ «Միացիր մեր արդար պայքարին», «Հիշում եմ ու պահանջում», «Անունս պայքար է, վախճանս՝ հաղթանակ» կրծքանշաններ և տանում պահանջատիրական տարբեր բովանդակությամբ պաստառներ։ Ամրոցի տարածքում երիտասարդները երգում էին հայրենասիրական երգեր ու պարում ռազմի պարեր։ Երթն առաջնորդեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժ․ Տեր Նարեկ քհն Տիգրանյանը։ Երթին միացան խորհրդարանի հայազգի պատգավոր՝ պարոն Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ՝ պարոն Մելքոն Մակարյանը, Ախալքալաքի Սակրբուլոյի նախագահ՝ պարոն Նաիրի Իրիցյանն ու այլ պաշտոնատար անձինք։
Երթի ընթացքում մասնակիցները վանկարկում էին ճանաչման, դատապարտման, հատուցման ու պայքարի կոչեր։
Ջահերթը հասավ մինչև Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ եկեղեցու բակ,որտեղ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ հնչեց Երիտասարդական Միության պահանջատիրական կոչը։ Ոգեկոչման խոսքով ներկայացավ Սամցխե֊Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Գգշ․Տեր Նշան վրդ Հմայակյանը, որին հաջորդեց ԱԵԿ-ի աշակերտուհի Մարիաննա Սահարյանի ասմունքը Պ․ Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի «Ղողանջ եղեռնականը»։ Ջահերթի օրն ավարտվեց, բայց հայի պահանջը կշարունակվի այնքան, քանի դեռ հայը չի հասել իր արդար պայքարի հաղթանակին։