Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային:
Վարչապետը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է միջպետական հարաբերությունները խորացնելու հարցում:
Կարեն Կարապետյանը կարևորել է տնտեսական համագործակցության, գործարար կապերի հետագա զարգացումը և այդ համատեքստում անհրաժեշտ համարել միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը: Կառավարության ղեկավարը նշել է, որ բուլղար ներդրողները Հայաստանը կարող են դիտարկել Եվրասիական տնտեսական միության և իրանական շուկաներ մուտք գործելու հարթակ՝ ավելացնելով, որ բուլղարական կապիտալը հնարավորություն ունի ներգրավվել նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտում:
Կարեն Կարապետյանն ավելացրել է, որ համագործակցության հեռանկարներ է տեսնում նաև տրանսպորտի ոլորտում, մասնավորապես Սև ծով-Պարսից ծոց միջազգային տրանսպորտային միջանցքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների առումով: Վարչապետը խնդրել է իր ողջույններն ու շնորհավորանքները փոխանցել Բուլղարիայի նորընտիր վարչապետ Բոյկո Բորիսովին:
Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան նշել է, որ Բուլղարիան ևս կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը և ավելացրել, որ դրա համար լավ հիմք են երկկողմ բազմադարյա բարեկամական կապերը: Ընդգծելով տնտեսական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ նա անհրաժեշտ է համարել տարբեր բիզնես ֆորումների, գործարար կապերի խթանման, ներդրումային նոր ծրագրերի իրականացման միջոցով առևտրաշրջանառության ծավալների ավելացումը: Տիկին դեսպանը հավելել է նաև, որ Բուլղարիան պատրաստ է իր փորձը կիսել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պետական կառավարման համակարգում, գյուղատնտեսության բնագավառում իրականացված բարեփոխումների ուղղությամբ:
Զրուցակիցները հայ և բուլղար ժողովուրդների շփումների ամրապնդման կարևոր հիմնաքարերից են համարել կրթամշակութային համագործակցությունը, մասնավորապես, մշակութային օրերի անցկացման և կրթական փոխանակման ծրագրերի միջոցով: