Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն հայտնել ենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Օսմանյան կայսրությունում սպանված 1,5 միլիոն հայերի զանգվածային ջարդերի մասին ապրիլքսանչորսյան ելույթում դարձյալ խուսափեց «ցեղասպանություն» տերմինն արտաբերելուց: Ելույթում Օբաման նշել է, որ «զանգվածային սպանությունների» տարելիցը, որն ինքը նախկինում անվանել է «Մեծ Եղեռն», խորհրդանշում է պատմության պահպանման կարևորությունն ու անցյալը հիշելու անհրաժեշտությունը: Օբաման նշել է նաև, որ 1915 թվականի իրադարձությունների մասին ինքը բազմիցս խոսել է և դրանց վերաբերյալ իր դիրքորոշումը նույնն է մնացել:
Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը, Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով Օբամայի ելույթին, նշեց, որ ԱՄՆ նախագահի ելույթն ու գնահատականը պարզապես խղճուկ են: «ԱՄՆ-ը միամիտ հույսեր ուներ, որ եվրոպական շատ երկրների` Հայոց ցեղասպանության ճանաչմանը կարող էր հաջորդել Թուրքիայի կողմից ճանաչումը: Բավական համարձակ և խիզախ գնահատականների մոտ Օբամայի գնահատականը պարզապես խղճուկ էր»,- նշեց նա:
Սաֆարյանի կարծիքով` թերևս ԱՄՆ-ի նման դիրքորոշման պատճառներից մեկն էլ Թուրքիայի ճնշումն էր: «Թուրքիայի ճնշումն էլ միանշանակ ազդեց: Թուրքական կողմը ձեռքերը ծալած չի նստել, բնականաբար, և նրանք դա երբեք չեն էլ թաքցրել»,- ասաց վերլուծաբանը:
Նա նշեց նաև` պետք չէ մոռանալ, որ Օբաման այն նախագահն է, ով նշում էր, թե` ԱՄՆ-ն այնպիսի խիզախ նախագահի կարիք ունի, ով կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Ինչպես տեսնում ենք, նա չեղավ այդ խիզախ նախագահը: Փաստացի, ԱՄՆ-ը չունեցավ այդ նախագահը: Օբաման իր քայլերով չի կարող համարվել խիզախ առաջնորդ»,- եզրափակեց Սաֆարյանը: