Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ yerkir.am-ի լրագրողը փոխոստիկանապետ Հունան Պողոսյանից հետաքրքրվեց, թե առաջին իսկ օրը Ավետիսյանների տան զննությամբ պարզվե՞լ էր, արդյոք, որ տանից իրեր են անհետացել:
«Դեպքի վայրի զննությունը համարյա մեկ օր է տևել, և այդ պահին հարազատներից որևէ մեկը չկար, ով էլ կար, այդ պահին այլ հարցեր ուներ, և անբարոյականություն կլիներ նրանց մոտենալ և ինչ-որ հարցեր տալ: Ըստ էության` էական առարկաներ և իրեր չեն բացակայել»,- ասաց նա:
Հարցին, թե կոնկրետ ի՞նչ է անհետացել, փոխոստիկանապետը պատասխանեց, որ դա նախաքննական գաղտնիք է: «Նախաքննությունը երբ գտնի նպատակահարմար, կհարցնեք, կասի, քանի որ դուք շատ բծախնդիր եք»,- ասաց նա:
Անդրադառնալով Պերմյակովի հետ զրուցելուց հետո նրանից ստացած տպավորություններին, փոխոստիկանապետն ասաց. «Այսօր էլ ասում եմ` խղճուկ ոչնչություն, ստահակ, նույնիսկ չարժեր հետը զրուցել»:
Մեր դիտարկմանը, թե ինչո՞ւ է անընդհատ կենտրոնանում Պերմյակովի անձի վրա, այսինքն` բացառո՞ւմ է այլ մարդկանց մասնակցությունը գործին, պատասխանեց. «Այստեղ չի գործում իմ կարծիքը կամ համոզմունքը, նախաքննությամբ ձեռք բերված տվյալներ եթե լինեն, նախաքննությունը ձեզ կներկայացնի»:
Այնուհետև, երբ լրագրողները կրկին հետաքրքրվեցին, թե քննվո՞ւմ է վարկած, որ Վալերի Պերմյակովը միայնակ չի եղել, ոստիկանության պետի առաջին տեղակալը պատասխանեց. «Նախաքննությունը, որպես վարկած, դիտարկում է նաև այդ վարկածը և մի շարք այլ վարկածներ ևս»:
Նշենք, որ, պաշտոնական տվյալներով, Պերմյակովի մոտից հայտնաբերվել է երեք հեռախոս: Համաձայն ՀՀ քննչական կոմիտեի` բջջային հեռախոսի օպերատորից պահանջվել են Ավետիսյանների ընտանիքի անդամների ելքային ու մուտքային հեռախոսազանգերի վերծանումները՝ նկատի ունենալով, որ քրեական գործով կան հիմքեր` ենթադրելու, որ սպանություններն իրականացրած անձը կարող էր հափշտակած ու օգտագործած լինել նաեւ տուժողների հեռախոսները:
Շրջանառվող վարկածներից մեկի համաձայն` Պերմյակովի հեռախոսների թվում եղել է այլ պետության հեռախոսահամարով հեռախոս, իսկ մեկ այլ վարկածով` երեքն էլ պատկանել են Ավետիսյան ընտանիքի անդամներին: