կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-27 16:29
Հասարակություն

Մեր խղճուկ պահուստները կարող են շատ արագ ծախսվել. ահազանգում է տնտեսագետը

Մեր խղճուկ պահուստները կարող են շատ արագ ծախսվել. ահազանգում է տնտեսագետը

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ վերջին օրերին Հայաստանում դրամի արժեզրկմանը, մեր տնտեսության վրա դրա ազդեցությանը: Ըստ նրա` ֆինանսական վերջին իրադարձություններն, ընդհանուր առմամբ, կանխատեսելի էին: «Տրանսվերտների մուտքը, ներդրումները պակասել են, արտահանման նվազում է նկատվում: Այս ամենի համատեքստում դրամի արժեզրկումը տրամաբանական էր: Մեր երկրում տնտեսության չափերը չեն մեծանում, և ներկայացված տնտեսական ակտիվությունն իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Խաչատրյանը:

Տնտեսագետի կարծիքով` դրամի արժեզրկման հարցում նշանակություն ունեցան նաև Ռուսաստանում և Չինաստանում տեղի ունեցող իրադարձությունները: «Կա նաև մի ուրիշ հանգամանք. համաշխարհային շուկայում մետաղների գնի անկում է նկատվում»,- ասաց նա:

Խաչատրյանն անդրադարձավ նաև Կենտրոնական բանկի վարած քաղաքականությանը: «Կենտրոնական բանկը, իր վարած քաղաքականությամբ, շեշտը դնում է ինֆլյացիայի վրա: Բանկի հիմնական լծակները կարողանում էին բավականացնել մինչև նախորդ շաբաթ, բայց երբ միջազգային շուկայում ակնհայտ փոփոխություններ տեղի ունեցան, ռուսական արտարժույթը կտրուկ արժեզրկվեց, ԿԲ-ն արդեն ստիպված էր միջամտել և միջամտեց յուրօրինակ ձևով»,- ասաց նա և նշեց նաև, որ ՀՀ ԿԲ-ն իր շրջապատող երկրների հետ ունի սերտ տնտեսական համագործակցություն, և այդ երկրներում արտարժույթների արժեզրկումն անմիջականորեն ազդում է ՀՀ-ի վարած ֆինանսական քաղաքականության վրա: «Խոսքը Ռուսաստանի, ԵՏՄ-ի ու Չինաստանի մասին է: Մեր արտարժույթը չէր արժեզրկվում մինչև վերջերս: Շատ վտանգավոր երևույթ է: Սա նշանակում է, որ մեզ մոտից, մեր շուկայից պետք է արտահոսք տեղի ունենա: Մեր այս խղճուկ պահուստները կարող են շատ արագ ծախսվել` ուրիշ երկրների տնտեսությունը ֆինանսավորելու համար: Ինչքան էլ խոսում ենք լավ տնտեսության մասին, նման բան չկա: Ներկայումս արժութային պատերազմներ են, և մեր ԿԲ-ն ու կառավարությունը պետք է մտածեն այդ մասին»,- ասաց տնտեսագետը:

Տնտեսագետը համոզմունք հայտնեց, որ եթե հույսներս անընդհատ դնենք հանքահումքային արտադրության վրա, մենք կհայտնվենք ավելի ու ավելի ծանր վիճակների մեջ, որովհետև մոտակա ժամանակահատվածում պղնձի, մոլիբդենի ու, առհասարակ, մետաղների գների կանխատեսումները նպաստավոր չեն: