Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն հայտնել ենք, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանադրական բարեփոխումներին: Պատասխանելով հարցին, թե ինչով է բացատրում այն հանգամանքը, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահները դեմ են սահմանադրական փոփոխություններին, նա ասաց. «Խնդիրը հետևյալում է` միշտ նախագահներից գոհ են եղել, հետո` դժգոհել են, նորից գոհ են եղել, հետո` նորից դժգոհել են: Առաջին և երկրորդ նախագահները քաղաքական գործընթացների ուղղակի մասնակիցներ չեն, համենայն դեպս, հասարակությունը չի տեսնում, և որպես քաղաքացիներ` նրանք կարող են իրենց կարծիքն ասել»:
Սահակյանն անդրադարձավ նաև այն իրականությանը, որը թույլ չի տալիս պետական պաշտոնյաներին երթևեկել հեծանիվներով:
Հիշեցնենք, որ երեկ Գալուստ Սահակյանը, պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քննադատությանը` ծառայողական ավտոմեքենաների հետ կապված, ասել էր, որ ինքն էլ ցանկություն ունի եվրոպական երկրների, մասնավորապես` Դանիայի պաշտոնյաների նման հեծանվով երթևեկել, բայց չի կարող դա անել` հաշվի առնելով Հայաստանի իրականությունը:
«Մեր իրականությունն այնպիսին է, որ մենք պատերազմող երկիր ենք, քաղաքական դաշտը դեռևս սևի ու սպիտակի է վերածված, անընդհատ կռվի սովոր մի դաշտ է ստեղծվել: Բացի դրանից` հլը դուք պատկերացնո՞ւմ եք` պետական չինովնիկը մեքենա չունենա և օրվա մեջ 30 տեղ պիտի գնա: Էդ ո՞ւմ հաշվին պիտի գնա, ուրեմն փոխհատուցում պիտի տան»,- ասաց Սահակյանը և հավելեց, որ Դանիայի պաշտոնյաները տասը հազար եվրո աշխատավարձ են ստանում, մի քանի սեփական մեքենաներ ունեն: «Դանիայի երկու մեքենան արժեն մեր ամբողջ Ազգային ժողովի` քիչ, թե շատ քշվող մեքենաները»,- նշեց նա:
Հարցին, թե ո՞ր ընդդիմադիր գործիչներն են իր կյանքի համար վտանգ ներկայացնում, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ինձ համար վտանգավոր չէ որևէ ընդդիմություն, ես երեկոները ոտքով էլ եմ շրջում, վազքուղում էլ եմ լինում, այնպես որ` դրա վախն ու կարիքը չունեմ»,- ասաց նա` հավելելով. «Քննադատելի ոլորտներ չկան, մանրուքների հետևից են ընկել: Էդ որ ասում են՝ հազար այսքան մեքենաներ, ուղևորություններ, էդ բոլորը` պահպանման ծախսերով, բանով, ամբողջ պետության վրա մի խղճուկ գումար է նստում՝ 1 մլրդ դրամ»: