կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-13 16:10
Առանց Կատեգորիա

«Ժառանգության» քաղաքական խղճուկ մետամորֆոզները

«Ժառանգության» քաղաքական խղճուկ մետամորֆոզները

«Ժառանգություն» կուսակցությունը երկար դեգերումներից հետո որոշեց նախընտրական դաշինք կազմել Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության և  պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ: Դրան չխանգարեց նույնիսկ Օսկանյան-Օհանյան առանցքի շուրջ ձևավորման ընթացքի մեջ գտնվող քաղաքական ավելի լայն բևեռի փաստացի փլուզումը. այդ ձևաչափից դուրս եկան Արամ Սարգսյանի գլխավորած ՀԴԿ-ն, Պարույր Հայրիկյանի ղեկավարած ԱԻՄ-ը և ՀՀ նախագահի նախկին խորհրդական Վիկտոր Դալլաքյանն իր նոր ստեղծած «Երրորդ հանրապետություն» կուսակցությամբ: «Ժառանգության» այդ որոշման վրա չազդեց նաև Օսկանյան-Օհանյան առանցքից դուրս գալու` վերջիններիս բերած այն հիմնավորումները, թե դաշինքի պլատֆորմի, ծրագրային հենքի ձևավորման փոխարեն առաջնայինը դարձել են ցուցակի ձևավորումը և դրա շուրջ, անձնական ամբիցիաներով պայմանավորված, խմորումները:

Իհարկե, որքան քիչ ուժեր ներգրավված լինեն որևէ դաշինքում, այնքան ցուցակի ձևավորման հետ կապված խնդիրները հեշտ կլուծվեն: Այս իմաստով` դուրս եկած ուժերը շատ լուրջ ծառայություն են մատուցել դաշինքը նախաձեռնողներին: Բայց արդյո՞ք սա այն է, ինչ ցանկանում էր «Ժառանգությունը»: Արդյո՞ք անցած տարիների նրա պայքարի հիմնական նպատակները հենց այսպիսի ուժերի հետ դաշինքի ձևավորումն էր, սա՞ էր «Ժառանգության» արմատական ընդդիմադիր գործունեության տրամաբանական հանգուցալուծումը:

Վարդան Օսկանյանը մարմնավորում է ռոբերտքոչարյանական, Սեյրան Օհանյանը՝ դրան հաջորդող և դրա բնական ժառանգորդը հանդիսացող սերժսարգսյանական իշխանությունը: Երկու իշխանությունների նկատմամբ էլ «Ժառանգությունը» եղել է արմատական ընդդիմություն: Ո'չ Վարդան Օսկանյանը և ո'չ էլ Սեյրան Օհանյանը երբևէ չեն ստանձնել իրենց բաժին պատասխանատվությունը այն իշխանության համար, որի կարկառուն ներկայացուցիչներն են եղել և որտեղ բոլորովին էլ երկրորդական դերակատարություն չեն ունեցել: Բայց որ շատ ավելի կարևոր է՝ նրանցից ոչ ոք իրենց գործունեության ընթացքում երբևէ, որևէ առիթով բացահայտ, թե անուղղակի ո՛չ վարվող ամբողջական քաղաքական կուրսի, ո՛չ էլ առանձին ոլորտային քաղաքականության հետ կապված առարկություն չեն արտահայտել: Վարդան Օսկանյանի պարագան ինչ-որ տեղ դեռ կարելի է հասկանալ. ի վերջո նա ընդդիմություն է դարձել ոչ թե, այսպես կոչված, սեփական իշխանական կոնյունկտուրային, այլ դրա «ժառանգորդին»: Բացի դրանից` անցած 5 տարիներին «Ժառանգությունը» ԲՀԿ-ի և դրա շրջանակում նաև Վարդան Օսկանյանի հետ գործակցության որոշակի ճանապարհ անցել է: Բայց Սեյրան Օհանյանի պարագայում որևէ տրամաբանություն ուղղակի չկա: Պարզապես մարդը մեկ-երկու օրում որոշել է, որ առանց գործող իշխանության գործունեության համար սեփական պատասխանատվությունը խոստովանելու, հասարակությանը քաղաքականապես տգետի տեղ դնելով, կարելի է իշխանական ճամբարից հանգիստ անցնել ընդդիմադիր ճամբար:

Սա այն դեպքում, երբ ընդամենը ամիսներ առաջ մի քանի արմատական  ուժերի հետ` «Նոր Հայաստան» շարժման համատեքստում, «Ժառանգությունը» Օհանյանին, որպես գործող իշխանության ներկայացուցչի և որպես ապրիլյան պատերազմի ժամանակ տարածքային կորուստների հիմնական պատասխանատուներից մեկի, ենթարկում էր ամենակատաղի քննադատության և դնում ընդհուպ քաղաքացիական անհնազանդության ու զինված ապստամբության միջոցով գործող իշխանությանը հեռացնելու պահանջ: Հիմա հարց է առաջանում` «Ժառանգությունը» նոր Հայաստանի կերտման իր տեսլականն այսպիսի՞ դաշինքով է պատկերացնում: Իսկապես կարելի է խճճվել, թե ո՞րն է «Ժառանգության» պատկերացրած նոր Հայաստանը:

Դեռ «եռյակ»-ի ձևաչափով ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի հետ գործակցության ժամանակ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը շրջանառության մեջ դրեց այն թեզը, թե իրենք հանուն իշխանափոխության պատրաստ են համագործակցել նույնիսկ սատանայի հետ: Պետք է ենթադրել, որ այս ձևաչափով համագործակցությունը ևս յուրօրինակ «ֆաուստյան» սինդրոմի դրսևորում է: Եվ Րաֆֆի Հովհաննիսյանը, այն, ինչ մնացել է «Ժառանգության» անվան ներքո, Օսկանյանին ու Օհանյանին մոտենում է որպես «փոքր սատանաների»:  «Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա պարոն Հովհաննիսյանի և «Ժառանգություն»  կուսակցության միակ նպատակը երկրի շահն է, իսկ այս պահին դա նշանակում է ազատվել երկրի իշխանություններից և գնալ արմատական բարեփոխումների: Մեղադրանքներ բոլորի հասցեին էլ մենք հնչեցրել ենք, բայց երբ խնդիր կա, մենք խնդրի շուրջ համագործակցում ենք,  մենք ոչ թե մարդկանց հետ ենք համագործակցում, այլ խնդրի շուրջ»,- ահա այսպես է «փոքր սատանաների» հետ իրենց համագործակցությունը փորձում բացատրել Արմեն Մարտիրոսյանը: Սակայն ինչպես այդ դաշինքին միանալու` «Ժառանգության» որոշումը որևէ քաղաքական տրամաբանություն չունի, այնպես էլ, բնականաբար, Մարտիրոսյանի այս բացատրությունը: Նախ՝ եթե համագործակցությունը ոչ թե անձերի հետ է, այլ խնդիրների շուրջ, ապա կարելի՞ է ենթադրել, որ «Ժառանգությունը» պատրաստ է հանուն խնդիրների գործակցել ներկայիս իշխանության ցանկացած ներկայացուցչի հետ, ընդհուպ` Հովիկ Աբրահամյանի և Սերժ Սարգսյանի: Եթե  խնդիրը հենց վերջինիս է համարում, ապա դա արդեն պայքար է ոչ թե հանուն համակարգի փոփոխման, այլ անձամբ Սերժ Սարգսյանի դեմ՝ առանց համակարգային փոփոխության երաշխիքի: Որովհետև պարզ է՝ այդ համակարգից սերված ու այն մարմնավորած «սատանան» քեզ համար ցանկալի փոփոխություն բերել պարզապես չի կարող:

«Սատանաների հետ գործակցության» այս տեսությունն առհասարակ տրամաբանական ու ինչ-որ տեղ արդյունավետ կարող է լինել միայն այն դեպքում, եթե ոչ թե դու ես «սատանաների» ձեռքին գործիք դառնում, այլ նրանց ես դարձնում: Բայց ներկայիս «Ժառանգությունը» սուբյեկտ դառնալու շանս չունի: Այն վաղ, թե ուշ կանգնելու է մի իրականության առջև, երբ պարզելու է, որ երբ գործ ես բռնում, քո գնահատմամբ, «սատանաների» հետ, ապա, ի վերջո, կանգնում ես երկընտրանքի առջև` կա'մ  վերածվում ես նրանց քաղաքական շահերը, նրանց կողմից ստեղծված քաղաքական կոնյունկտուրան սպասարկողի, կա'մ ուղղակի հեռանում ես: Պատկերացնել միայն կարելի է, թե ինչպես է «Ժառանգությունը» այս դաշինքի շրջանակում  լեզու գտնելու իր պաշտպանած լյուստրացիայի, հայ-ռուսական հարաբերություններին կամ, որ էլ ավելի էական է, ԼՂ կարգավորմանն առնչվող հարցերում, որոնց կապակցությամբ, մեղմ ասած, լրիվ տարբերվող, արմատական մոտեցումներ ունի: Եթե չի պատրաստվում  հրաժարվել իր այդ սկզբունքային պահանջներից, ապա պարզ է՝ դաշինքից ուղղակի դուրս է գալու ԱԺ անցնելուց հետո: Իսկ այն հանգամանքը, որ «Ժառանգությունը» չի կարող չտեսել` այս ուժերի հետ ինչ է իրեն սպասվում ապագայում, նշանակում է, որ նրա մաքսիմալ խնդիրը խորհրդարան անցնելն է: Նման փորձ անցնող գումարման խորհրդարանում «Ժառանգությունը» առավել քան կուտակել է:

Գևորգ Դարբինյան