կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-22 12:16
Հասարակություն

Պարոն Դորենկոն և նրա գործընկերները պետք է հրաժարվեն ապատեղեկատվության տարածման խղճուկ պրակտիկայից. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Պարոն Դորենկոն և նրա գործընկերները պետք է հրաժարվեն ապատեղեկատվության տարածման խղճուկ պրակտիկայից. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

ՌԴ-ում  Հայաստանի Հանրապետության դեսպանությունն արձագանքել է հայտնի ռուսաստանցի լրագրող, հաղորդավար Սերգեյ Դորենկոյի՝ «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում հնչեցրած քննադատությանը, որը վերաբերում է ԼԳՊՏ թեմային և ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Խոսելով ՀՀ-ում ԼԳՊՏ ֆորումի անցկացման մասին` լրագրողը նշել էր, որ Փաշինյանի հայտարարությունները հարվածում են նրա «քաղաքական դեմքին»: Նա անդրադարձել էր Փաշինյանի՝ Ազգային ժողովում ունեցած ելույթի այն հատվածին, որում նա պատմել էր Փարիզում բնակվող հայ միասեռական զույգի մասին: 

Դեսպանատան արձագանքում նշվում է, որ վերջին շրջանում ռուսական մեդիատիրույթում հանդիպում ենք Հայաստանի ներքին զարգացումների վերաբերյալ` տրամաբանությունից զուրկ, ոչ ադեկվատ, սադրիչ հայտարարությունների:

«Պարոն Դորենկոն մոռացել է եթերի էթիկայի բոլոր նորմերը և, հավանաբար որոշ անձանց նախաձեռնությամբ,  իրեն թույլ է տվել մի շարք վիրավորական արտահայտություններ մեր երկրի, նրա ղեկավարության հասցեին: Պարոն Դորենկոն և նրա գործընկերները պետք է հրաժարվեն ապատեղեկատվության տարածման խղճուկ պրակտիկայից: Մի’ խեղաթյուրեք իրականությունը, փաստերը մի’ ենթարկեք մանիպուլյացիայի: Ամեն խոսքի համար Դուք պատասխանատվություն եք կրում»,- ասվում է դեսպանատան հայտարարությունում:

Դորենկոն պատասխանել է  ՀՀ դեսպանությանը` նշելով, որ երբեք իրեն անհարգալից վերաբերմունք թույլ չի տվել ՀՀ-ի նկատմամբ: «Հայաստանը և նրա տաղանդավոր ու աշխատասեր ժողովուրդը բարձրագույն հարգանքի են արժանի»,- գրել է նա «Տելեգրամ»-ի իր էջում: