կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-16 12:56
Հասարակություն

«Ժողովրդին պետք է պատասխան տան այն ուժերը, որոնք սնում են աղանդավորության, գոմիկների քարոզ». կաթողիկոսի անվտանգությունն ապահովող օրինագիծը մերժվեց

«Ժողովրդին պետք է պատասխան տան այն ուժերը, որոնք սնում են աղանդավորության, գոմիկների քարոզ». կաթողիկոսի անվտանգությունն ապահովող օրինագիծը մերժվեց

Ազգային ժողովն այսօր չընդունեց Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությունն ապահովելուն ուղղված օրենքի նախագիծը:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը ներկայացրել էր «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում էր օրենքով երաշխավորել Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումը, ինչպես երաշխավորված է ԱԺ նախագահի, վարչապետի, ՀՀ նախագահ անվտանգությունը:  

Վարման կարգով ելույթ ունեցավ Աժ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: Նա նշեց, որ երեկ կառավարության ներկայացուցիչը հավաստիացրեց, որ եթե կաթողիկոսի անվտանգությունը հատուկ պաշտպանության կարիք ունենա, կառավարությունը միջոցներ կձեռնարկի դա ապահովելու համար: Ըստ նրա` այդ դրույթը օրենքով ամրագրելու կարիք չունի:  

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ հակադարձեց. «Եկեղեցին և կաթողիկոսն այն ինստիտուտը չէ, որ «եթե»-ներով խոսենք: Վեհափառը Սահմանադրությամբ ունի բացառիկ իրավունքներ, հայ եկեղեցու բացառիկությունն ամրագրված է Մայր օրենքով, ուստի կառավարությունը, Ազգային ժողովը,  քաղաքացիները պարտավոր են հարգել Սահմանադրությունը և բացառիկության իրավունք` պետական պաշտպանության լիազորություններ տալ Վեհափառին: Կոչ եմ անում պարտադիր կողմ քվեարկել»:

Նախագծի հեղինակ Միհրան Հակոբյանն էլ ընդգծեց, որ սա այն հարցը չէ, որ պետք է թողնել հայեցողությանը: «Հայեցողությամբ վարչապետը կարող է լուծել «Կյանքի խոսքի» առաջնորդի անվտանգության հարցը կամ չլուծել, Եհովայի վկաներինը կամ տարբեր նման աղանդներինը, բայց Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանությունը թողնել հայեցողությանը` հարիր չէ»,- շեշտեց պատգամավորը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ հայտարարեց` վստահ են, որ այս օրինագծի անհրաժեշտությունը լավ կյանքից չէ, որ առաջացել է:  «Փաստերը խոսում են այն մասին, որ ոչ միայն Վեհափառը կարիք ունի պաշտպանության, այլ նաև եկեղեցին: ՀՅԴ-ն դրա համար հատուկ հայտարարություն է արել` ընդվզելով այն դեպքերի դեմ, որոնք տեղի ունեցան Հայրապետի հանդեպ: Այսօր դնել Վեհափառին մի վիճակի մեջ, որ նա պետք է խնդրի, որ իրեն պաշտպանենք, դա ճիշտ մոտեցում չէ: Մենք սրանով մեր դիրքորոշումն ու վերաբերմունքն ենք արտահայտում եկեղեցու նկատմամբ: Եթե այսօր դրա դեմը չառնենք, վաղն ավելի լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու: Հորդորում եմ կողմ քվեարկել օրինագծին, սա մեր հոգևոր և ազգային  արժեքների պահպանման հարցն է»,- ընդգծեց պատգամավորը:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ ասաց, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու նախագծին:

Շարամազանովը կոչ արեց բոլորին` մեկ մարդու նման կողմ քվեարկել նախագծին: «Պատմական պահ է. սա ավելին է քան քվեարկությունը, այս քվեարկությամբ մենք որոշելու ենք` ծառայում ենք Աստծո՞ւն, թե՞ սատանայաին, եկեղեցո՞ւն, թե՞ աղանդավորությանը: Մի կողմ դնենք մեր բոլոր տարաձայնությունները, այստեղ կուսակցական թեմաներ չկան, վերկուսակցական օրենք է, Վեհափառն ու  եկեղեցին այսօր կարիք ունեն անվտանգության հատուկ միջոցառումների»,- ասաց նա:

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ ասաց, որ Վեհափառի անվտանգությունը պետք է ապահովի հայ ժողովուրդը: «Ես դեմ եմ այն բանին, մենք դեմ  ենք եկեղեցուն, եթե Վեհափառը չի կարող այսօր ժողովրդի մեջ շրջել, դա իր պրոբլեմն է»,- նշեց նա:

«Ելք» խմբակցության մեկ այլ պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ, համաձայնելով Միքայելյանի հնչեցրած մտքին, հարցրեց` մենք կաթողիկոսին պետք է պաշտպանենք ժողովրդի՞ց: «Մնում էր` կաթողիկոսին հայ ժողովրդից պաշտպանեինք»,- ասաց նա:

ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանն էլ արձանագրեց` ով դեմ է եկեղեցուն, դեմ է ազգային անվտանգությանը: «Այսօր շատ լավ երևում է` յուրաքանչյուր քաղաքական ուժի արժեհամակարգը ում վրա է հենված»,- ասաց նա:

Եվ այսպես` նախագծի քվեարկությանը չմասնակցեց «Ելք» խմբակցությունը, «Ծառուկյան» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց, կողմ քվեարկեց ընդամենը 28 պատգամավոր:

Շարմազանովը հայտարարեց, որ սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն է: «Մեր պետությանը, հայ ժողովրդին պետք է պատասխան տան այն ուժերը, որոնք սնում են աղանդավորության քարոզ, սեռական փոքրամասնությունների` գոմիկների քարոզ և երկորդական են դարձնում եկեղեցու պաշտպանությունը: Այսօր 28 պաշտպան ենք, վաղը լինելու ենք 2800, մյուս օրը լինելու ենք 2 մլն 800 հազար: Հայկը չի կարող պարտվել Բելին»,- հայտարարեց Շարմազանովը և լքեց նիստերի դահլիճը:

Շարմազանովի օրինակին հետևեցին մնացած ՀՀԿ-ական պատգամավորները: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նրանց հիշեցրեց, որ էլի կարևոր նախագծեր կան, որոնք պետք է դրվեն քվեարկության: Պատգամավորներն արձագանքեցին, որ ամենակարևոր նախագիծը սա էր:

Հիշեցնենք, որ կառավարությունը օրինագծին ևս տվել էր բացասական եզրակացություն: