Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում, անդրադառնալով հունվարի 18-ի հանրահավաքին, գրել է` թեև խորհրդարանական ընդդիմադիր բոլոր ուժերը միաբերան հայտարարում էին, թե իրենք ոչ մի առնչություն չունեն հանրահավաքի կազմակերպման հետ, բայց երբ հետևում ես նրանց սպասարկող լրատվամիջոցներին, ակնհայտ է դառնում, որ յուրաքանչյուր ուժ փորձում է հանրահավաքային վերմակն իր վրա քաշել ու դափնիներն ինքը վայելել։
Կարեն Ավագյանի ցայտնոտը միանգամայն հասկանալի է, քանզի երբ հետևում ես ՀՀԿ-ին սպասարկող լրատվամիջոցների հրապարակումներին, հասկանում ես մի բան` պատվեր, իհարկե, կատարում են, բայց ցանկացած պահի այդ նույն կապալառուները պատրաստ են հոշոտել իրենց իսկ պատվիրատուին: Այս տեսանկյունից ավելի ճիշտ կլիներ` կարենավագյանները մտածեին վաղվա օրվա մասին, թե չէ` մեկ էլ տեսար մի մութ գիշեր, «պապաների» օրինակով, ստիպված լինեն փոխել կոստյումի կրծքանշանը: Բայց կարծես այս հարցը նրանց` երիտկոմերիտցեղակրոնների համար դեռևս «գցել-բռնելու» հարց է, և քանի դեռ «պապաները» չեն շտապում այդ մասին խորհել, նշանակում է` դեռ կարելի է ուտել, խմել և զվարճանալ: Զվարճանքի գինը սոցիալական ցանցերում ամբաղ-զամբաղ գրելն է:
Ահավասիկ, նույն հավերժ «երիտասարդը» զարմանում է, թե ինչպե՞ս կարող է ԲՀԿ-ն համախմբվել ՀԱԿ-ի կամ ՀՅԴ-ն` «Ժառանգության» հետ, հարցնում է` մի՞թե հաշվի են առնվել կուսակցական առանձնահատկություններն ու շահերը: «Անգամ իշխանության դեմ պայքարը չի կարող համախմբել այս ուժերին»,- իբր մտահոգությունն է հայտնում երիտկոմսոմոլցեղակրոնը`, ավելացնելով. «Համախմբումն այդպես էլ էվոլյուցիա չի ապրում։ Նմանատիպ գործելաոճով փորձում են ոչ թե երկարացնել, այլ կեղծել իրենց պիտանելիության ժամկետը։ Փոխարենը շաբաթօրյա հանրահավաքի կազմակերպիչները ցույց տվեցին, որ առանց այդ ուժերի էլ հնարավոր է ձեռք բերել ժողովրդի ընդդիմադիր հատվածի վստահությունը»։
Կարելի էր չանդրադառնալ այս զառանցանքին, բայց այն, որ Կարեն Ավագյանին «անկեղծորեն» սկսել է մտահոգել ժողովրդի ընդդիմադիր հատվածի վստահության հարցը, սա արդեն մտքի թռիչք է, թռիչք, որ հասու չէ հանրապետականացած ուղեղներին: Փաստորեն, Կարենն արդեն երկրպագում է ընդդիմադիր հատվածին, իսկ այդ ընդդիմադիր հատվածը, կարծես, ո'չ ՀԱԿ-ի, ո'չ ԲՀԿ-ի , ոչ' ՀՅԴ-ի և ո'չ էլ «Ժառանգության» դեմ չի ձևավորվել: Մնում է հասկանանք, թե ո՞ւմ առվից է ջուր խմում Կարեն Ավագյանը: Մի բան հստակ է` որտեղից էլ ջուր խմի, «գառնուկ ախպոր» ժամանակներն անցել են, հեքիաթներով մարդկանց չես զբաղեցնի: Այնպես որ` ժամանակն է գայլերին ճանաչել իրական դեմքով, իսկ վրաները գառան մորթիներ առածների ժամանակն անցել է: Վկա` հունվարի 18-ի հանրահավաքը, որից այդքան ազդվել է երիտկոմսոմոլցեղակրոնը:
Բ.Գասպարյան