Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սոֆիայում տեղի ունեցող ամենամյա` «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» միջազգային խոշոր մրցաշարում վերջին տարիներին բավական հաջող են հանդես գալիս հունահռոմեական ոճի հայ ըմբիշները: Մասնավորապես` անցյալ տարի մեր թիմի անդամների մեծ մասը հայրենիք վերադարձավ մեդալով:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է, որ այս տարվա ապրիլի 24-26-ը կայանալիք ամենամյա մրցաշարին հայ ըմբիշները նույնպես մարտական են տրամադրված: Աշնանը ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի օլիմպիական վարկանիշային առաջնության նախապատրաստական փուլ համարվող մրցաշարին Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչը հայտավորել է հետևյալ ըմբիշներին` 59 կգ՝ Նարեկ Խաչատրյան, 71 կգ՝ Ռաֆայել Ալեքսանյան, 75 կգ՝ Արսեն Ջուլֆալակյան, Կարապետ Չալյան, Վարշամ Բորանյան, 80 կգ՝ Հրաչ Հովհաննիսյան, 85 կգ՝ Արթուր Շահինյան, Մաքսիմ Մանուկյան, 98 կգ՝ Արթուր Ալեքսանյան:
Ջուլֆալակյանը նշեց նաև, որ 59 կգ քաշային Ռոման Ամոյանը այս մրցաշարը բաց է թողնում քթի վիրահատության, իսկ 66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը՝ վնասվածքի պատճառով: Վարշամ Բորանյանն էլ քաշ չգցելու համար այս անգամ իր ուժերը կփորձարկի 75 կգ քաշային կարգում:
Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչը տեղեկացրել է նաև, որ մայիսի 13-27-ը կայանալիք ծաղկաձորյան հավաքին մասնակցելու են նաև Բելառուսի, Լեհաստանի, Լիտվայի, Շվեյցարիայի և Նորվեգիայի 40-ից ավելի ըմբիշներ: Ի դեպ, դեռ վերջնական պատասխան չեն տվել հունգարացիները: Փոխարենը պարզ է, որ այդ ընթացքում, ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ, Ծաղկաձորում հավաքի մեջ են լինելու նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները: