Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող բրիտանական հանձնախմբի կողմից կազմակերպվել է բազմահազարանոց քայլարշավ Լոնդոնի կենտրոնական փողոցներով:
Երթը կանգ առավ «Ուայթհոլ» կառավարական շրջանում տեղակայված «Փառապանծ զոհերի» հուշարձանի մոտ, որտեղ Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի եւ համայնքային կառույցների ղեկավարները, ինչպես նաեւ՝ արարողությանը միացած ՀՀ դեսպանության ներկայացուցիչները ծաղկեպսակներ զետեղեցին` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Կատարվեց նաեւ հոգեհանգստի արարողություն: Երթն ավարտվեց Սուրբ Պողոսի տաճարի դիմաց տեղի ունեցած հիշատակի միջոցառմամբ:
Նույն օրը Լոնդոնի ամենահայտնի եւ մեծ եկեղեցիներից մեկում՝ Սաուդարկի Մայր տաճարում, տեղի ունեցավ հիշատակի բազմամարդ միջոցառում: Միջոցառմանը ներկա էին Լոնդոնում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Անգլիկան եւ քույր եկեղեցիների բարձրաստիճան հոգեւորականներ, բրիտանահայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, բազմաթիվ հյուրեր:
Ներկաներին ողջունեց Սադակի Մայր տաճարի դեկան, գերաշնորհ Էնդրյու Նանը: Այնուհետեւ ելույթ ունեցան Եվրոպական խորհրդարանի բրիտանացի պատգամավոր Չարլզ Թանոքը, Ցեղասպանագետների միջազգային միության նախկին նախագահ, պրոֆեսոր Ուիլյամ Շաբասը, Լորդերի պալատի անդամ, Հայաստանի եւ Արցախի բարեկամ, Բարոնուհի Քոքսը եւ Ռուսական ուղղափառ եկեղեցու Սուրոժի արքեպիսկոպոս Ելիսեյը:
Ելույթ ունեցողներն իրենց խոսքում զորակցություն հայտնեցին հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման արդար գործում, եւ դատապարտեցին Թուրքիայի ժխտողականությունը:
Ամփոփիչ ելույթով ներկաներին դիմեց Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ով իր ընտանիքի պատմության օրինակով ներկայացրեց Ցեղասպանության հետեւանքով հայերի հայրենազրկումը, կրած ցավն ու տառապանքները եւ հայի` վերապրելու ուժն ու աննկուն ոգին, ճշմարտության եւ արդարության գերակայության անխուսափելի լինելը: Դեսպան Սարգսյանն իր խոսքն ավարտեց` ընդգծելով, որ Ցեղասպանության իրականացնողների ծրագրերը խափանվել են, քանի որ հայը կարողացավ ոչ միայն վերապրել ողբերգությունը, այլեւ կերտել նոր Հայաստան ու հաղթանակած Արցախ: