Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե դեռևս քննարկվում է ապրիլի 24-ին նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցելության հարցը: Սա առնվազն նշանակում է, որ այդ օրը Հայաստան ժամանելու հարցի կապակցությամբ Կրեմլում դեռևս վերջնական որոշում չկա ընդունված: Եվ սա դեռ լավագույն դեպքում: Որովհետև բացարձակապես չի բացառվում, որ որոշումն արդեն կայացված է և այն բոլորովին էլ, այսպես ասած, Հայաստանի օգտին չէ:
Դատելով Պեսկովի հավելյալ մեկնաբանությունից` կարծես թե վերջնականապես հստակ է, որ ապրիլի 24-ին Ռուսաստանը բարձր մակարդակով մասնակցություն է ունենալու Չանաքքալեի ճակատամարտի կապակցությամբ Թուրքիայում կայանալիք տոնակատարություններին: Եվ շատն հավանական է, որ «բարձր մակարդակ»-ի ներքո նկատի է առնվում հենց նախագահ Պուտինին, պարզապես Մոսկվան դեռևս չի շտապում այդ մասին բարձրաձայնել, ինչը ևս ունի իր բացատրությունը:
Հիշեցնենք, որ սա Պեսկովի կողմից արված նմանատիպ` արդեն երկրորդ հայտարարությունն է: Նախորդն արվել էր մարտի 19-ին, որին մի քանի օր անց հաջորդեց նախագահ Սերժ Սարգսյանի` նկատելիորեն կոշտ արձագանքը: France-24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սարգսյանը հայտարարել էր, թե Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և եթե ապրիլի 24-ին Ռուսաստանի ղեկավարը չլինի հայ ժողովրդի կողքին, անհնար կլինի դա հասկանալը: Բայց այն ժամանակ դեռևս ժամանակ կար` մանևրելու, և Պեսկովի հայտարարությունն այնքան էլ ենթատեքստային չէր: Մինչդեռ այս անգամ իրավիճակը բացարձակապես այլ է:
Այդ հայտարարությունն արվում է փաստացի ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցից հետո կամ ավելի ճիշտ` այցի ֆոնին: Ըստ այդ այցի մասին ՀՀ արտգործնախարարության տարածած մամլո հաղրոդագրության` իր ռուս գործընկերոջ հետ Նալբանդյանը Մոսկվայում, ի թիվս այլ օրակարգային հարցերի, քննարկել էր նաև «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները»: Իսկ հանդիպումից հետո կայացած համատեղ մամլո ասուլիսում ՀՀ արտգործնախարարը նաև հայտարարել էր, որ առաջիկա օրերին Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան:
Առաջին հայացքից Պեսկովի հայտարարությունն ուղղակի հակասում է պաշտոնական այս հաստատումներին, քանի որ անտրամաբանական է խոսել այցի՝ դեռևս վերջնականապես չորոշված լինելու մասին այն դեպքում, երբ արտգործնախարարներն արդեն համաձայնեցնում են այդ այցի նախապատրաստական աշխատանքները: Սակայն ուշադրություն դարձնենք՝ ոչ պաշտոնական հաղորդագրության այդ ձևակերպումներում, ոչ էլ Նալբանդյանի հայտարարությունում որևէ կոնկրետացում չկա այն մասին, թե այցը որ օրն է լինելու: Ավելին` Էդվարդ Նալբանդյանն օգտագործում է «առաջիկա օրերին» առաձգական և անորոշ արտահայտությունը, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ Պուտինի այցը կարող է նախորդել ապրիլի 24-ին, այսինքն` որ կոնկրետ այդ օրը նա Երևանում կարող է և չլինել: Հակառակ դեպքում` ուղղակի անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է արտգործնախարարը, հասկանալով հանդերձ, թե ինչպիսին են այդ օրվա հետ կապված սպասելիքները Պուտինից, խոսում ոչ թե կոնկրետ ապրիլի 24-ի, այլ «առաջիկա օրեր»-ի մասին:
Երբ իրողություններն ու իրադարձությունները դիտարկում ենք այս տեսանկյունից, ապա միանգամայն նոր երանգներ է ստանում նաև ինքնին Նալբանդյանի այցը Ռուսաստանի մայրաքաղաք, որին առ այսօր` դեռևս արտգործնախարարի մակարդակով որևէ այցի դեպքում չցուցաբերված շուք և կարևորություն հաղորդելու առումով Մոսկվան այս անգամ արել էլ ամեն ինչ, որը հենց սկզբից արդեն տարակուսելի էր` ինչի՞ց հանկարծ ծնվեց Մոսկվայի այս անակնկալ սերն ու պատկառանքը Հայաստանի նկատմամբ, որի նախագահին մինչ այդ Կրեմլում ընդունում էին, օրինակ, Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության նախագահին գրեթե զուգահեռ:
Պեսկովի արած հայտարարությունը ցույց է տալիս, որ, փաստորեն, Էդվարդ Նալբանդյանին կարող էին կանչած լինել՝ ուղղակի կամ անուղղակի հասկացնելու, որ այդ օրը Պուտինը Հայաստանում չի լինելու: Բայց որպեսզի հանկարծ իրենց «կրտսեր հայ եղբայրները» չնեղանան ու, ինչպես Սերժ Սարգսյանն էր «սպառնացել», հասկանալուց հրաժարվելու հարց չառաջանա, արծարծել էին Պուտինի այցն ավելի վաղ կազմակերպելու հնարավորությունը:
Իսկ նման պատվով ընդունելը ոչ թե Իրանի՝ աշխարհաքաղաքական արենա վերադառնալով պայմանավորված` խճճվող տարածաշրջանում Հայաստանին վերապահվող դերն ընդգծելու, նրա նկատմամբ վասալային քաղաքական կուրսից թեկուզ մասամբ հրաժարվելու նախերգանք էր, այլ պարզապես Նալբանդյանի գլուխը պտտեցնելու, սիրտը շահելու համար էր արվել, որպեսզի հայաստանյան իշխանությունները հանկարծ ինֆարկտ չստանան, երբ պաշտոնապես հաստատվի, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը հանդիսացող երկրի ղեկավարը ոչ միայն այդ օրը Երևանում չի լինելու, այլև մասնակցելու է եղբայրական հայ ժողովրդի ողբերգության վրա Թուրքիայի սարքած խրախճանքին:
Ու դատելով Նալբանդյանի «առաջիկա օրեր»-ից՝ Երևանը կարծես թե դրան համաձայնել է: Թեև տվյալ դեպքում այս բառն օգտագործելը բացարձակապես անտեղի է. ի վերջո, չհամաձայներ՝ ի՞նչ պիտի աներ: Դեռ լավ է, որ, այնուամենայնիվ, ընդհանրապես չեն ասում՝ գնացեք «գրողի ծոցը» և քննարկում են Պուտինի` թեկուզ ձևի համար Ցեղասպանության 100-րդ տարելիցի անվան ներքո Հայաստան այցելելու հնարավորությունը:
Գալն, ամեն դեպքում, ավելի լավ է, քան առհասարակ չգալը, որն առաջին հերթին հայաստանյան իշխանություններին հնարավորություն կտա վերջնականապես խայտառակվելուց ազատվել, նաև ինչ-որ հիմնավորում գտնել` մայիսի 9-ին Մեծ Հայրենականի հաղթանակի տոնակատարություններին Սերժ Սարգսյանի Մոսկվա մեկնելն արդարացնելու համար:
Գևորգ Աղաբաբյան