Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ֆրանսիական France-24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ապրիլի 24-ին Երևանում անցկացվելիք Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր այցին անդրադառնալիս նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Ռուսաստանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է: Եթե ապրիլի 24-ին Ռուսաստանի ղեկավարը չլինի հայ ժողովրդի հետ, անհնար կլինի դա հասկանալը»:
Սերժ Սարգսյանի այս մոտեցումն ավելի շատ կասկածներ, քան համոզվածություն է ներշնչում ապրիլի 24-ին Պուտինի՝ Հայաստանում գտնվելու հնարավորության կապակցությամբ: Եթե այդ հարցը երկու երկրների միջև վերջնականապես որոշված լիներ, ապա նախագահն իր ռուս գործընկերոջ՝ այդ օրը հայ ժողովրդի կողքին չլինելը չհասկանալու մասին ռեպլիկ թողնելու խնդիր չէր ունենա: Դեռ մարտի 19-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, թե հստակեցվում են Պուտինի՝ Հայաստան այցելության ժամկետները: Եթե Պուտինը Հայաստան պետք է գա Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, ապա պարզ է, որ դրա համար ժամկետներ ճշտելու անհրաժեշտություն չկա. խոսքը վերաբերում է կոնկրետ օրվա՝ ապրիլի 24-ին: Պուտինը կա'մ այդ օրը գալիս է Հայաստան, կա'մ չի գալիս: Խոսքն այլ տիպի այցի հետ, օրինակ՝ պետական կամ պաշտոնական, կապ չունի: Որովհետև այդ մասին որևէ տեղեկատվություն չկա: Եթե դիվանագիտական պաճուճապատանքից ազատնեք Պեսկովի հայտարարությունը, ապա նա ընդամենը ասում էր, որ դեռ պարզ չէ՝ Պուտինը Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ գալո՞ւ է Հայաստան, թե՞ ոչ:
Մինչդեռ մարտի 12-ին ՌԴ և ՀՀ նախագահների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, ըստ դրա մասին պաշտոնական հաղորդագրության, նշվում էր բառացիորեն հետևյալը. «Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները համաձայնեցրել են իրենց առաջիկա հանդիպումների ծրագրերը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին համատեղ մասնակցության շրջանակներում»: Այսինքն` գոնե մարտի 12-ի դրությամբ հստակ է եղել, որ ՌԴ նախագահը մասնակցելու է ապրիլի 24-ին Երևանում նախատեսված միջոցառումներին:
Հենց այս ֆոնին են Պեսկովի հայտարարությունը և Սերժ Սարգսյանի արած ռեպլիկը դառնում հետաքրքրական: Հարց է առաջանում՝ այդ ի՞նչ էր տեղի ունեցել նախագահների հեռախոսազրույցից հետո` մինչև մարտի 19-ին Պեսկովի կողմից այդ հայտարարության հնչեցումը, որը փոխել է ՌԴ նախագահի տրամադրվածությունը Հայաստան այցելության հարցում: Ժամանակագրության դիտարկումը ցույց է տալիս, որ այդ ընթացքում հրապարակային մակարդակով արձանագրվել է հայ-ռուսական օրակարգին առնչվող երկու երկու գործոն: Նախ՝ մարտի 17-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել հեռախոսազրույց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Այս մասին Կրեմլի հրապարակած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ նախագահները հիմնականում քննարկել են տարածաշրջանային ակտուալ խնդիրները, ինչպես նաև էներգետիկ ոլորտում համատեղ նախագծերը, այդ թվում` նաև «Թուրքական հոսքը»: Մինչդեռ, ըստ թուրքական Anadolu գործակալության, 30 րոպե ձգված զրույցի ընթացքում Էրդողանը հասցրել է խոսել նաև Հայոց ցեղասպանության թեմայով՝ շեշտելով, որ Հայաստանը չի ընդառաջում Թուրքիայի` խաղաղության կոչերին: Փաստորեն, ստացվում է, որ Հայոց ցեղասպանության թեմատիկան քննարկվել է ռուս-թուրքական էներգետիկ նախագծերի, մասնավորապես` «Թուրքական հոսքի» համատեքստում, ինչը, ինչպես ասում են, ամեն ինչ կարծես իր տեղն է գցում:
Բանն այն է, որ «Թուրքական հոսք» գազատարի շինարարության նախագիծը, որի կառուցման շուրջ քաղաքական համաձայնությունը ձեռք էր բերվել 2014թ. դեկտեմբերին, և որը պետք է փոխարիներ ԵՄ-ի ջանքերով տապալված «Հարավային հոսք» գազատարին, թուրքական կողմի պատճառով կանգնել է փակուղում հայտնվելու վտանգի առջև: Ինչպես հայտնի է, Անկարան այդ նախագծի իրականացմանը համաձայնել էր միայն այն պայմանով, որ «Գազպրոմ»-ը ոչ միայն 3 մլրդ խմ-ով ավելացնելու է Թուրքիայի ներքին սպառման համար նախատեսված գազի ծավալը, այլև ստացված գազի համար վճարելու է զգալի, ավելի քան 10 տոկոս զեղչված գնով: Բայց ահա թուրքական «Բոթաշ» ընկերությունը լրացուցիչ պայմաններ է առաջադրել, ըստ որոնց՝ այդ զեղչը պետք է կիրառվի գազի բազային գնից, ինչը բացարձակապես ձեռնտու չէ ռուսական կողմին: Անկարայի հարուցած այս բարդության պատճառով ռուսական կողմը չի կարողանում գազատարի ստորջրյա հատվածի կառուցումն սկսելու նպատակով Անկարայից ստանալ Սև ծովի՝ Թուրքիայի ջրային տարածքներում հետազոտություններ անցկացնելու թույլտվություն, և շինանյութով բեռնված ռուսական նավերը, բանվորներն արդեն 4 ամիս է՝ գտնվում են Վառնայի նավահանգստում, որոնց համար ռուսական կողմը ստիպված է անիմաստ ծախսեր կատարել: Ամենայն հավանականությամբ, Էրդողանն ու Պուտինը հենց այս թնջուկն են քննարկել: Եվ չի բացառվում, որ եթե ոչ ուղղակի, ապա անուղղակիորեն Էրդողանը կարող էր Պուտինին հասկացնել, որ այնքան էլ ոգևորված չէ ապրիլի 24-ին Երևան այցելելու` նրա մտադրությունից, ինչը Կրեմի համար կարող էր ընկալվել որպես «Թուրքական հոսք»-ի կառուցման առջև կանաչ լույս վառելու քաղաքական նախապայման: Եվ քանի որ պրագմատիկորեն այդ նախագծի շուտափույթ իրականացումը հիմա Մոսկվայի համար կենսական նշանակություն ունի իրենից էներգետիկ կախվածությունը Տրանսանատոլական գազատարի շինարարությամբ չեզոքացնելու` ԵՄ-ի պլանները խափանելու տեսանկյունից, Պուտինը կարող է նաև հանուն այդ նպատակի «զոհաբերել» իր այցելությունը Հայաստան` որպես ժեստ Թուրքիային: Եվ Պեսկովի հայտարարությունն այս իմաստով առավելապես ուղղված կարող էր լինել Անկարային՝ հասկացնելու, որ Երևան այցելելու որոշումը վերջնական չէ և կարելի է այն վերանայել, եթե Անկարան զիջումների գնա գազատարի շինարարության հարցում:
Երկրորդ գործոնը, որը տեղ գտավ այդ ընթացքում, բայց որը կարող էր ընդամենը ֆոնային, երկրորդական էֆեկտ ունենալ, մարտի 18-ին, այսինքն` Պեսկովի հայտարարության ճիշտ նախօրեին, Երևանում կայացած միջազգային մեդիաֆորումի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի արած այն կոշտ հայտարարությունն էր, թե պետք է լուծել Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զինտեխնիկա վաճառելու հարցը, քանի որ դա կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա: Մոսկվայում, իհարկե, հասկանում են, որ, բացի «նվնվալուց», Երևանը ոչինչ չի կարող անել այս հարցում: Սակայն ինքնին բոլոր հարցերում հլու-հնազանդ Երևանից նման տոնայնությամբ հայտարարությունը կարող էր նյարդայնության տեղիք տալ և դրդել Կրեմլին, Պուտինի այցելության հարցն առկախելով, մի թեթև մատ թափ տալ հայաստանյան իշխանությունների վրա:
Բայց հետաքրքրականն այստեղ այն էր, որ Սերժ Սարգսյանն, ըստ էության, խոսում է Պուտինի՝ ապրիլի 24-ին չգալու հնարավոր իրողությունը Երևանի կողմից հասկանալուց հրաժարվելու, նույնն է, թե դրա համար որևէ հիմնավորում չընդունելու մասին: Սա ակնարկ է առ այն, որ նման քայլը Երևանը կարող է համարել նույնիսկ ոչ թե ռազմավարական գործընկերոջ կարգավիճակին անհամարժեք, այլև դավադրական: Սա զուտ զգացական խնդիր չէ: Եթե իսկապես Պուտինն իր այցը պայմանավորում է Անկարայից հնչող ազդակներով, ապա դա ուղղակի ցուցիչ է առ այն, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում իր «ռազմավարական գործընկերոջ» շահերին և թե ինչ հեշտությամբ կարող է այդ շահերը զոհաբերել իր աշխարհաքաղաքական և տարածաշրջանային շահերին:
Ապրիլի 24-ին Երևան այցելելու` Պուտինի որոշումն այս իմաստով քաղաքական ջրբաժանային նշանակություն կարող է ունենալ՝ խաղաքարտերի պարզման իմաստով, ինչին Երևանը պետք է պատրաստ լինի: Եթե հայ ժողովրդի համար այդ նուրբ պահին դա է լինելու ՌԴ-ի հարգանքի դրսևորումը, ապա Երևանը նախագահի մակարդակով առնվազն պետք է հենց այսօրվանից օրակարգ մտցնի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Մոսկվայում անցկացվելիք միջոցառումներին մասնակցելու հնարավորությունը:
Գևորգ Դարբինյան